17/01/2025

ՔՊ-ից ոչ մեկը չանցավ, թող գնան դա վերլուծեն

«Անկախ դիտորդ» կազմակերպությունը, որը դիտարկել էր «Քաղպայմանագրի»` Գյումրիում իրականացրած եռօրյա փրայմերիզը, երեկ եզրակացություն տարածեց այդ գործընթացի մասին, որով, ըստ էության, ցույց տվեցին, որ արեւմտամետ ՀԿ-ները հետաքրքրված են այդ գործընթացով եւ ՔՊ-ի թեկնածուին` Սարիկ Մինասյանին էլ դեմ են:

Հրապարակ թերթը գրել է․ Եզրակացության մեջ բավականին խախտումներ են արձանագրվել: Ահա մի քանի հատված դրանից. «Ակնհայտ էր, որ բնակիչների քիչ մասն էր միայն տեղեկացված «նախաքվեարկության» մասին, իսկ ոմանց մոտ կար համոզմունք, որ այս տարբերակով «Քաղաքացիական պայմանագիրը» փաստացի փոխարինում է համայնքի ղեկավարի ընտրությունները՝ իրենց թեկնածուին պարտադրելով»։

«Դիտորդները նախաքվեարկությունն իրականացնող խմբերի հետ այցելել են 647 բնակարան/տուն, որոնցից 173-ի բնակիչները մերժել են նախաքվեարկությանը մասնակցելու առաջարկությունը, իսկ 474-ում, այսինքն՝ 73% դեպքերում, մասնակցել են նախաքվեարկությանը: Հարկ է նշել, որ վիճակագրության մեջ չեն ներառվել դեպքերը, երբ թակոցին արձագանք չի եղել, ներառյալ դեպքերը, երբ առերեւույթ տանը ներկա բնակիչները պարզապես չեն բացել դուռը, ինչը կարող է շուրջ 10%-ով նվազեցնել մասնակցության համաձայնության տոկոսը»:

«…Հարկ է նշել, որ առանձին թաղի ազդեցությունն ընդհանուր արդյունքների վրա եղել է անհամաչափ բարձր՝ հօգուտ նախաքվեարկության արդյունքում առավելագույն քվե ստացած թեկնածուի։ Ավելին, այդ տարածքում դիտարկվել են կրկնվող դեպքեր, երբ ընտրանքով նախատեսվող հասցեներում՝ տան դիմաց կային նախապես սպասող քաղաքացիներ, որոնք ձգտում էին քվեարկել տնից դուրս, մեքենայում կամ այլ կերպ նվազ հավաստի էին դարձնում իրենց՝ այդ հասցեում գրանցված լինելու, այսինքն՝ ըստ ընտրանքի նախաքվեարկությանը մասնակցելու նախատեսված լինելու փաստը։ Մյուս տարածքներում դիտորդների կողմից նման դեպքերի այդպիսի քանակ չի նկատվել»։

«… Միաժամանակ, տվյալները բավարար են պնդելու, որ ՔՊ կուսակցության կողմից կազմակերպված նախաքվեարկությունը հաղթած թեկնածուն այդ արդյունքն առավելապես գրանցել է աշխարհագրական մեկ միավորից քվեներ ստանալով»։

«Հրապարակը» զրուցել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, գյումրեցի Վահան Թումասյանի հետ:

– Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ավարտվեց քաղաքապետի ընտրությունների «փրայմերիզի» նախնական հաշվարկը, ըստ որի՝ 253 ձայնով առաջատար է Սարիկ Մինասյանը: Երկրորդ տեղում Դավիթ Առուշանյանն է: Յոթ թեկնածուների մեծ մասը ՔՊ-ականներ էին, այդ թվում` երկու պատգամավոր, սակայն առաջին տեղը զբաղեցրած Սարիկ Մինասյանը ՔՊ անդամ չէ, նախկինում եղել է Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի անդամ-պատգամավոր, հիմա Գյումրու սոցիալական ծառայության ղեկավարն է: Ստացվում է, որ ՔՊ-ն իսկապես Գյումրիում չունի ռեյտինգ եւ այլ անձանց միջոցով է փորձում վերցնել իշխանությունը: Ի՞նչ գնահատական կտաք այս պրոցեսներին:

– Ինձ համար՝ որպես Գյումրիում ավանդ ունեցող մարդու, կուսակցական պատկանելությունն այդքան էական չէր, թեպետ դա էլ առանձին խոսակցության թեմա է, թե ինչու ստացվեց այնպես, որ մի որոշակի խավ այստեղ գոհ է արդյունքներից: Ես չկամ քաղաքականության մեջ, քաղաքական գնահատականներ չեմ տա, բայց որպես գյումրեցի կասեմ, որ այս ընդհանուր պատկերի մեջ լավ է, որ փորձառու մարդ անցավ նախնական ընտրություններում եւ դարձավ ժամանակավոր պաշտոնակատար: Եթե լինեին ընտրություններ համայնքի կողմից, գուցե այլ խոսակցություն լիներ, բայց քանի որ ընտրությունը դեռ այս յոթի մեջ էր, ես, գիտենալով Սարիկին, որ նա փորձ ունի, զուսպ է, կոնֆլիկտային անձնավորություն չէ, լավ է, որ այս փուլում, այս իրավիճակում նա հաղթանակ տարավ: Իմ շրջապատը հիմնականում ընդդիմադիրներից է կազմված, բայց ես փորձում եմ անկողմնակալ լինել: Փառք Աստծո, որ եղածներից Սարիկն անցավ:

– Ինչո՞ւ, ինչո՞վ է նա ավելի լավը, ինչո՞վ են վատը մյուսները:

– Եթե մարդիկ հազար ու մի կոնֆլիկտների մեջ են, որտեղ ասես՝ կա իրենց անունը, ում հետ ասես՝ կոնֆլիկտի մեջ են, դա արդեն վատ է: Ես այս երեխաներից շատերին չգիտեմ, ի դեպ, տուն առ տուն բոլորին գիտեմ, բայց նրանց չգիտեմ:

– Մի քանի անգամ նշեցիք «կոնֆլիկտային» բառը: Ո՞վ է նրանցից կոնֆլիկտայինը:

– Նա, ով Սարիկի փոխարեն կարող էր լինել, շատ կոնֆլիկտային անձնավորություն է:

– Կարեն Սարուխանյա՞նը:

– Ես անուններ չեմ տա, ինձ նման մարդուն չի սազում անուններ տալը: Ես կյանք ունեմ, անցած ճանապարհ ունեմ, դրանք ո՞վ են, որ դրանց էլ գնահատական տամ: Ես՝ ուր, դրանք՝ ուր: Ես վերջին 5-6 տարվա մեջ մի քանի անգամ եմ քաղաքապետարան գնացել` մուծումներ անելու համար: Առաջիկայում էլ միայն այդ նպատակով եմ մտնելու, մարզպետարան առհասարակ ոտք չեմ դնում: Ինձ համար իմ սարերն ու «դոմիկներն» են այս պահին: 600 «դոմիկի» ձմռան վառելափայտ եմ տվել: Ես մարդկանց հետ ուղղակի, առանց ակնկալիքների շփումներ եմ ունենում: Սարիկը զուսպ մարդ է, նրա համար դժվար է լինելու, ես չէի գնա նրա փոխարեն ու չէի ընկնի նման բանի տակ: Ես առաջիններից եմ եղել, որ ասել եմ, որ ելքը լինելու է այսպիսին: Ցանկալի իրականություն է նաեւ սա: Եթե ընտրություններ լինեն, այլ թեկնածուներ լինեն, մեր խոսակցության բովանդակությունն էլ այլ կլինի:

– Գյումրեցիներից ոմանք կարծում են, որ ընտրություններ դեռեւս չեն լինելու, որ Սարիկ Մինասյանը մնալու է ժամանակավոր պաշտոնակատար` անհայտ ժամանակով, քանի որ իշխանությունները վստահ չեն, որ կարող են հաղթանակ տանել:

– Է, նախորդն էլ հո ընտրություններով էր անցել: Բոլորս էլ խոսում ենք այն մասին, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, առհասարակ` աշխարհում արդեն չկա…. լավ է, որ գոնե այդ դժվար բառի` փրայմերիզի շնորհիվ նորմալ մարդ անցավ: Նա փորձ ունի: Իրենք իրենց կուսակցության մեջ որոշեցին ռեյտինգ պարզել, պարզեցին, բայց դա ի՞նչ ընտրություն, հասարակության քանի՞ տոկոսը մասնակցեց, անգամ մեկ տոկոսը չի մասնակցել այդ ընտրությանը, դա հո ընտրություն չէր: Թող գնան վերլուծեն, թե ինչու է գյումրեցին ուրախ, որ Սարիկն անցավ` իր անձով պայմանավորված: ՔՊ-ից ոչ մեկը չանցավ, սա արդեն քաղաքական վերլուծության հարց է: