Նորանշանակ նախարարները պաշտոնավարման սկզբում ունեն քարտ բլանշ կամ 100 օրվա լռության իրավունք՝ ժամանակահատված, երբ նրանց առանձնապես չեն քննադատում, եւ որում նրանք աշխատում են շահել հանրության վստահությունը։
Հրապարակ թերթը գրել է․ Այս ընթացքում հանրությունը ներողամիտ է նրանց նկատմամբ։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հիմա իր ոսկե օրերն է ապրում։ Շատ է ուզում քաղաքացու աչքը մտնել, վաստակել արդար, գործունյա նախարարի համբավ։ Ճգնաժամային կառավարման ակադեմիա է գնում, միջազգային չափանիշներին համապատասխան, մրցունակ մասնագետների պատրաստումից է խոսում, ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով է զբաղվում։ Դեկտեմբերի 11-ին նա ԵԽ խորհրդարանական վեհաժողովում Կիպրոսի պատվիրակության անդամ, ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցող Կոնստանտինոս Էֆսթաթիոյին եւ պատվիրակության անդամներին է ընդունել, քննարկել է հարցեր, որոնց վրա այնքան էլ ազդեցություն չունի։
Արփինե Սարգսյանի մանդատը շատ փոքր է՝ նման հարցեր քննարկելու համար
Նախարարը, ըստ տարածած հաղորդման, իր ելույթում նշել է, որ ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարումը միջոց է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիք ապահովելու գործում, անդրադարձել է ՄԻԵԴ արձանագրած խախտումներին՝ տարբեր գործերով։ «Արփինե Սարգսյանը մատնանշել է ՆԳ նախարարության մանդատի շրջանակում ինստիտուցիոնալ մեխանիզմներ ձեւավորելու ուղղությամբ գործիքակազմերն ու անելիքները»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության տեքստում։
Զավեշտն այն է, որ ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում ՆԳ նախարարից գրեթե ոչինչ կախված չէ։ Նրա մանդատը շատ փոքր է՝ նման հարցեր քննարկելու համար, եւ սա հերթական թատրոնն ու հանրության աչքերին թոզփչոցին է։ Իշխանափոխությունից հետո սպասվում էր, որ, ինչպես բազմաթիվ ոլորտներում, ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում եւս կգերիշխի արդարությունը, եւ նոր իշխանությունը չի պաշտպանի նախկին, կոռումպացված իշխանության օրոք գործած կոռումպացված դատավորների ընդունած անարդար դատական ակտերը։
Շատ արագ համոզվեցինք, որ սա մեր հերթական պատրանքն էր։ Առայսօր միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ատամներով պահում է նախորդ իշխանությունների կայացրած խայտառակ դատական ակտերը։
8 տարի քննելուց հետո՝ նոր քննություն
2004 թվականին Վարդենիսում տանջել, բռնության էին ենթարկել եւ սպանել 16-ամյա Սյուզաննա Սարգսյանին, մարմինն էլ նետել էին հորը։ Լուրեր էին տարածվում, որ սպանության մասնակիցներից մեկը տեղի իրավապահներից մեկի որդին է։ Բայց մեղադրեցին Նալբանդյան ամուսիններին՝ Բագրատին եւ Նարինեին։ Նրանց ամբողջ ընտանիքը կալանավորվեց, խոշտանգվեց, նրանցից խոստովանական ցուցմունքներ կորզեցին։ Ամուսինները դատապարտվեցին երկարատեւ ազատազրկման, նստեցին 9 եւ 13 տարի։ 2015 թվականի մարտին ՄԻԵԴ-ը գործով վճիռ հրապարակեց՝ բեկանել Նալբանդյանների դատավճիռները եւ ուղարկել նոր քննության։ Նոր քննությունն առաջին ատյանում տեւեց 8 տարի, ավարտվեց արդարացման դատական ակտով, բայց դատախազությունը բողոքարկեց այն, ու բառացիորեն օրերս՝ նոյեմբերին, վերաքննիչ դատարանը գործը կրկին ուղարկեց առաջին ատյան։ 8 տարի քննելուց հետո՝ նոր քննություն։ Հավանաբար, պետությունը չի ցանկանում փոխհատուցել մարդկանց կրած վնասները։
5 բալանոց համակարգով եթե գնահատենք, ապա 3 կդնեի
Փաստաբան Հայկ Ալումյանին, որը բազմաթիվ գործեր ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, խնդրեցինք գնահատել, թե որքանով է արդյունավետ ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը Հայաստանում։ «5 բալանոց համակարգով եթե գնահատենք, ապա 3 կդնեի՝ միջին որակի։ Եթե հարցը վերաբերում է փոխհատուցումներին, գումարը վճարում են առանց ձգձգումների։ Սա՝ մի բալ պլյուս իրենց։ Բայց երբ որ դատական վերանայումների կարիք է առաջանում, այս մասով խնդիրներ ունենք՝ դատական վերանայումների, կապված արդար դատաքննության իրավունքի խախտման հետ, կապված անձանց կալանավորելու հետ»։ Հայկ Ալումյանն օրինակ բերեց Արա Բուդաղյանի գործը, որը մեղադրվում էր տարիներ առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար։ 2022 թվականի հունիսին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ գտնելով, որ Արա Բուդաղյանի նկատմամբ կալանավորումների ընթացքում խախտվել է նրա ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը։ Վճռից հետո փաստաբանը դիմել է ներպետական ատյաններ, սակայն որոշումները չեն վերանայվում։
«Եթե կալանավորումների հետ է կապված լինում բողոքը, եւ ՄԻԵԴ-ը հաստատված է համարում, որ կալանավորումները եղել են կոնվենցիայի խախտմամբ, մեր պետությունը սահմանափակվում է ՄԻԵԴ սահմանած գումարը վճարելով, բայց երբ մենք դիմում ենք այդ որոշումների վերանայման համար, Վճռաբեկ դատարանը խուսափում է հարցի պատասխանից, ասելով՝ քանի որ ազատության մեջ է գտնվում, ապա այդ հարցին չի անդրադառնա։ Մինչդեռ պետք է անդրադառնան, փաստորեն, ի՞նչն է սխալ եղել, իրականում այս մարդը պե՞տք է կալանավորվեր կամ` ոչ, որպեսզի մյուս անգամ դատարանները նման սխալներ թույլ չտային»։
Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ՆԳ նախարարն է անդրադառնում ՄԻԵԴ որոշումների կատարման ընթացքին։ «Չէի ասի, որ սա օրհասական խնդիր է։ Բոլոր դեպքերում, սա այն ոլորտը չէ, որով ՆԳ նախարարը կամ նրա տեղակալն ընդհանրապես իրավասու է զբաղվել։ Սա այն դեպքն է, երբ որ հրշեջին հարցնում են՝ ջութակը դաշնամուրից ինչո՞վ է տարբերվում, ասում է՝ դաշնամուրը երկար է վառվում։ Մոտավորապես այս մակարդակն է»,- ասաց Հայկ Ալումյանը։
ՀԳ․ Դեկտեմբերի 7-ին «Հրապարակն» անդրադարձել էր «Նաիրիտ» ՓԲԸ նախկին ավագ գիտաշխատող Իշխան Աղաջանյանի գործին, որով Եվրոպական դատարանը բոլորովին վերջերս վճիռ էր կայացրել՝ բարոյական վնասի փոխհատուցում սահմանելով 4 հազար 500 եվրոյի չափով։ Աղաջանյանին 14 տարի առաջ ազատել էին աշխատանքից՝ նրա տված հարցազրույցի պատճառով, որում նա քաղաքացիների առողջության, անվտանգության հետ կապված հարցեր էր բարձրացրել՝ իբր գործարանին վերաբերող կոմերցիոն տվյալներ հրապարակելու համար։ ՄԻԵԴ-ը որոշման մեջ գրել էր, որ պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, դրանց հետեւանքների, տնտեսության ընդհանուր վիճակի, բնության եւ շրջակա միջավայրի պահպանության մասին տեղեկությունները։ Վճիռն ուժի մեջ է մտնում հունվարին։ Այս գործով դատական էպոպեան 14 տարի է տեւել։ ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքին կհետեւենք, սակայն Իշխան Աղաջանյանը համոզված է՝ ՄԻԵԴ վճիռը ոչինչ չի փոխել։ «Նաիրիտի» հետ կապված վտանգը, որի մասին նա զգուշացրել է 15 տարի առաջ, այսօր էլ ակտուալ է։
Բաց մի թողեք
Հրահանգվել է թեկուզ ոչ հրապարակավ՝ Ասլանյանին ու Աղազարյանին աջակցողներին պատժել
Տնային կալանք կրող անձանց նաև գաղտնալսում են
Ինչու են նորից հիշել Կիրանցի թեման