13/12/2024

Կոմպոզիտորը դիմել է դատարան՝ միության որոշումը չեղարկելու պահանջով

Առանց հիմնավոր պատճառի, քվեարկության կարգը խախտելով՝ Կոմպոզիտորների միությունն ամիսներ առաջ իր անդամին՝ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանին հեռացրեց միության շարքերից։

Հրապարակ թերթը գրել է․ Այս մասին ահազանգել էր հենց ինքը՝ կոմպոզիտորը, իր ֆեյսբուքյան էջում հանդես գալով համապատասխան գրառմամբ, ընդգծելով, որ իր անդամակցությունը Հայաստանի կոմպոզիտորների միությանը դադարեցված է։ Ընդ որում՝ հեռացման պատճառներն անհայտ են։ Այս քայլը Ումրոյանը բնութագրել էր շատ կարճ․ «Անարդարությունները Կոմպոզիտորների միությունում, կամ՝ Եթե մեր կարծիքին չես, ուրեմն մեզ հետ չես»։

Հատկանշական է, որ նույնիսկ վարչության հրավիրած նիստին իրեն չեն հրավիրել, որպեսզի, մեղադրանքներ լինելու դեպքում, պարզաբանումներ ներկայացներ: Ու սա՝ այն դեպքում, որ ինքը եւս վարչության անդամ է։ «Եղել է, որ չեմ կիսել իրենց մոտեցումներն ու հաճախ ինչ-որ որոշումների դեմ եմ եղել, որոնք գուցե նաեւ պատճառ են դարձել իմ հանդեպ նման վերաբերմունք ունենալուն: Իրենք ներկայացրել են, որ իբրեւ թե ես վարկաբեկում եմ միությունը, բայց իրականում իրավական գործողություններ են տեղի ունեցել, որոնք, իրենցից բխող հետեւանքներով, ազդել են միության գործելաոճի վրա: Այսինքն՝ ճիշտ աշխատաձեւ չունենալու պատճառով լիքը խնդիրների առաջ են իրենք կանգնել, ու այդ ամենը վերագրվում է ինձ՝ որպես մի մարդու, որը հետաքրքրվել է դրանով, փորձել է փաստաթղթերին ծանոթանալ, ճշտել եւ այլն, որը միության յուրաքանչյուր անդամի կանոնադրական իրավունքն է: Այսինքն՝ դուրս է գալիս, որ եթե ես իրենց դեմ եմ, այլեւս միության անդամ չեմ կարող լինել»,- նշել է կոմպոզիտորը:

Ս․ Ումրոյանը միությունից պահանջել է ներկայացնել իր հեռացման մասին վարչության որոշման արձանագրությունը, ինչպես նաեւ՝ տալ պատճառաբանված հիմնավորում։ Սակայն Հայաստանի կոմպոզիտորների միությունն այդպես էլ պաշտոնական պարզաբանմամբ հանդես չեկավ, միայն հղում արեց վարչության արտահերթ նիստին, որին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ էր որոշումն ընդունվել՝ կոմպոզիտորին միությունից հեռացնելու համար:

Մեզ հետ զրույցում Սերգեյ Ումրոյանը նշեց, որ, ի վերջո, երկար ժամանակ անց միությունը տրամադրել է պահանջված գրությունը, որտեղ ներկայացված են եղել այն հիմնավորումները, ըստ որոնց՝ իրեն հեռացրել են միությունից: Այդ գրությունը հիմք է հանդիսացել իր համար, որպեսզի նախօրեին դիմի դատարան. «Հենց վարույթ ընդունվի մեր հայցը, ես ավտոմատ վերականգնվում եմ որպես միության անդամ, ու դա՝ մինչեւ դատական պրոցեսի ավարտը»։

Թե ինչ հիմնավորումներ է ներկայացրել միությունը, Ումրոյանն ասում է` դրանք աբսուրդի ժանրից են, դատարանի կողմից իր հայցը վարույթ ընդունվելուց հետո ինքը մանրամասն կանդրադառնա այդ «հիմնավորումներին», այդուհանդերձ, նշում է դրանցից մեկը` անդամավճար չվճարելու հարցը, որը Կոմպոզիտորների միության կանոնադրության մեջ ֆիքսված է. «Եթե հիմա խորանաք, թե միության քանի անդամներ տարիներով վճար չեն տվել, ապա շատ մեծ ցանկ կստացվի…, ըստ իրենց՝ ես 2 տարի անդամավճար չեմ տվել, բայց մեզ մոտ այնպես է, որ երբ գնացել ենք Դիլիջանի ստեղծագործական տան ուղեգիրը վերցնելու, հենց այդ ժամանակ էլ վճարել ենք ամբողջությամբ, քանի որ մեծ գումար չէ` 3-4 հազար դրամ՝ տարվա համար: Ոչ մեկի համար խնդիր չէ այդ մի քանի հազար դրամը, բայց իրենք չունեն այն աշխատաոճը, որ մարդուն զանգեն հիշեցնեն, որ անդամավճարները վճարելու ժամանակն է, կամ մեյլով տեղեկացնեն, որովհետեւ մարդիկ միշտ չէ, որ հիշում են այդ ամենը: Սա խոսում է նրա մասին, որ իրենց մոտ թափթփված ու շատ անկազմակերպ վիճակ է»։

Ս․ Ումրոյանի պահանջը դատարանից մեկն է՝ չեղարկել Կոմպոզիտորների միության անօրինական որոշումը եւ վերականգնել իրեն միության շարքերում։ «Վերականգնման պահանջին զուգահեռ, դրված է նաեւ մեկ այլ պահանջ՝ հրապարակային ներողություն խնդրել, քանի որ իրենք այդ քայլով վարկաբեկել են ինձ` սխալ հիմքերի վրա ինձ հեռացնելով միությունից, դրանով խաղալով իմ հեղինակության հետ, ու չնայած իրենք էին ասել, որ ես վարկաբեկել եմ իրենց, բայց դուրս է գալու հակառակը՝ որ հենց իրենք են միությունը վարկաբեկում։ Դատարանի վճռից հետո արդեն անվստահություն եմ հայտնելու նախագահին ու պահանջելու եմ նրա հրաժարականը»,- նշում է կոմպոզիտորը, որը մեծ հույս ունի, որ դատարանը չեղարկելու է միության կայացրած որոշումը։