Վերջին տարին Հայաստանում «տնային կալանք» տալու առումով ռեկորդային է եղել։ Հիշեցնենք, որ քրեական վարույթ հարուցելիս նախաքննական մարմինը խափանման միջոց է ընտրում, եւ մեր քննիչ-դատախազները, որպես կանոն, ընտրում են ամենածանր խափանման միջոցները` կալանք կամ տնային կալանք:
Հրապարակ թերթը գրել է․ Բանտային կալանքը, իհարկե, առաջին տեղում է, սակայն խափանման մյուս միջոցներից ամենատարածվածն այժմ տնային կալանքն է, որը պակաս ծանր պատիժ չէ, քանի որ բազում սահմանափակումներ է պարունակում, եւ տնային կալանք կրող անձինք շատ լուրջ հոգեբանական եւ այլ բնույթի խնդիրներ են ունենում: Այս պահի դրությամբ Հայաստանում 1500 անձ գտնվում է տնային կալանքի տակ, որի միակ առավելությունն այն է, որ մարդը քնում է իր տանը, ապրում ընտանիքի հետ, բայց զրկված է հեռախոս, ինտերնետ օգտագործելու իրավունքից, հյուրեր ընդունելու, որոշակի շառավղով նախանշված տարածքից հեռանալու հնարավորությունից:
Մենք տեղեկացանք, որ տնային կալանքի տակ գտնվող անձանց հաճախ գաղտնալսում են, եւ անգամ եղել են դեպքեր, երբ այդ գաղտնալսման արդյունքում մեղադրանք է փոխվել: Դժվար է ասել` գաղտնալսումներն օրինական են արվում, թե անօրինական, սակայն իրավապահ համակարգի մեր աղբյուրն ասում է, որ գաղտնալսումն իրականացնում է նախաքննական մարմինը, որը դիմում է դատարան՝ դրա թույլտվությունն ստանալու համար․ «Դատարանի որոշումով է դա լինում, դա կարող է վարույթն իրականացնող մարմինն անել, օրինակ՝ Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեն, ու եթե լսեն ինչ-որ բան, դիմում են դատարան, կա՛մ դատարանը պատիժը խստացնում է, կա՛մ մնում է նույնը։ Դա հիմք կարող է հանդիսանալ պատժի փոփոխման համար։ Առանց դատարանի թույլտվության չեն անում գաղտնալսումը` կամայական բան չէ։ Օրինակ, եթե դու քեզնից որեւէ վտանգ չես ներկայացնում, ես օպերատիվ տվյալներ չունեմ դրա վերաբերյալ, որ դու վտանգ ես ներկայացնում, դիմում եմ դատարան, դատարանը որոշում է, թե քո ուզածը` գաղտնալսում անելը, որքանով է իրավաչափ, եւ, ըստ դրա, որոշում է՝ գաղտնալսման թույլտվություն տա՞, թե՞ չէ․ ինչ-որ ժամանակահատվածի համար է դատարանը թույլտվություն տալիս»։
Թեմայի վերաբերյալ զրուցեցինք փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ։ Նա ասաց, որ ցանկացած դեպքում գաղտնալսումը լինում է միայն դատարանի որոշմամբ՝ լինի ներքին դիտում, թե հեռախոսային խոսակցությունների վերահսկում․ «Հնարավոր է, որ առանց դատարանի թույլտվության լինի, բայց այդ դեպքում ապօրինի կլինի։ Ինչ-որ սպեցիֆիկ դեպքով հնարավոր է, որ դատարանը թույլ տված լինի՝ տնային կալանքի տակ գտնվող անձին գաղտնալսեն»։
Հարցին, թե գիտի՞ անձի, որի խափանման միջոց տնային կալանքը փոխել են բանտային կալանքի՝ հիմքում դնելով գաղտնալսման ձայնագրությունը, փաստաբանը պատասխանեց․ «Ես նման մի դեպքի մասին լսել եմ, շատ սպեցիֆիկ դեպք է եղել, լսել եմ գործընկերներիցս, չեմ կարող ինֆորմացիան բացահայտել»։
Բաց մի թողեք
Արփինե Սարգսյանը ջութակի ու դաշնամուրի արանքում
Հրահանգվել է թեկուզ ոչ հրապարակավ՝ Ասլանյանին ու Աղազարյանին աջակցողներին պատժել
Ինչու են նորից հիշել Կիրանցի թեման