Երեւանում դեկտեմբերի 12-13-ը ընթանում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության եւ այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման եւ վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո:
Հրապարակ թերթը գրել է․ Ներկայացուցչական կազմ է մասնակցել, այդ թվում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը ողջույնի խոսք է ասել եւ նշել, որ ցեղասպանությունների կրկնության վտանգն այսօր շարունակում է մնալ այժմեական։ Ելույթ է ունեցել նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը քննադատական խոսք է ուղղել միջազգային հանրությանը, որը «զանգվածային ոճրագործություններին սկսում է ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են», եւ օրինակ է բերել ոչ միայն 110 տարի առաջ կատարված Մեծ ցեղասպանությունը, այլեւ 1 մեկ տարի առաջ Արցախում կատարվածը։ Միրզոյանը կոչ է արել միջազգային հանրությանը՝ համատեղ ուժերով պայքարել ցեղասպանությունների դեմ ու կանխել դրանց իրագործումը, բայց գեթ մեկ անգամ չի հիշատակել ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ադրբեջանի անունը։
Փոխարենը, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիզ Մորենո Օկամպոն իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունն այս պահին էլ կանգնած է ցեղասպանական վտանգի առաջ․ Ադրբեջանը չի ընդունում ՀՀ-ն որպես պետություն անգամ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ, անդրադառնալով Արցախից բռնի տեղահանմանը, ընդգծել է, որ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Եվ ընդգծել է Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության վտանգներն ու անդառնալի հետեւանքները:
Հետաքրքիր է, որ տարիների լռությունից հետո հայտնվել է նաեւ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ֆորումի ժամանակ ընթերցվել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ։ Որպես խոսնակներ՝ հանդես են եկել նաեւ ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը (տեսաուղերձով), Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդականի պաշտոնակատար Վիրջինիա Գամբան (տեսաուղերձով), Լատվիայի Հանրապետության նախկին նախագահ Էգիլս Լեւիտսը եւ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Մելանի Օ՛Բրայենը եւ այլք։
Բաց մի թողեք
Ինքն իր հետ մրցման է մտել
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ
Ինչո՞ւ է փաշինյանական իշխանության «շփումը» հայ ժողովրդի հետ տեղի ունենում բացառապես ռեպրեսիվ եղանակներով