«Ո՞ր մասն ա փառավոր ձեր պատմության, պարսկական լծի տակ, հետո՝ արաբական, հետո՝ թուրքական, հետո էլ՝ ռուսական։ Ես լուրջ չեմ հասկանում, ձեր անցյալի ո՞ր հատվածով եք էդպես հիացած». եթե հարցում անցկացնեինք, թե որ երկրի ղեկավարը կարող էր նման հայտարարություն անել` Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, թե Հայաստանի, բանական մարդու մտքով անգամ չէր անցնի, որ սա ՀՀ վարչապետի խոսքն է: Դժվար է պատկերացնել մեկ այլ պետություն, որտեղ երկրի առաջնորդը կարող է իր սեփական ժողովրդին վասալ անվանել: Բայց մենք ապրում ենք «Իրական Հայաստանում», որը փափագում է բարեկամանալ «եղբայրական» Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ուստի որոշել է ապականել ու նսեմացնել ամեն ինչ` հայի հաղթանակները, հայի ոգին, հայկական պետությունն ու հայի պատմությունը: Մի՞թե Հայոց պատմության էջերում Փաշինյանը ոչ մի լավ բան, հպարտանալու առիթ չի տեսել:
Հրապարակը զրուցել է պատմաբան, Հայոց պատմության դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանի հետ:
– Նիկոլ Փաշինյանը, որը մի ժամանակ Պապ թագավորին էր փառաբանում, այսօր հայտարարում է, որ մենք մեր պատմության մեջ հպարտանալու ոչինչ չունենք` միշտ եղել ենք տարբեր ազգերի լծի տակ: Ըստ Ձեզ` ո՞րն է այս հայտարարության նպատակը:
– Այս մարդն իր ազգակործան քաղաքականությունն առաջ տանելու համար պատրաստ է տարբեր տեսակի զառանցանքներ հորինել, տարբեր ստեր ասել, անգամ՝ մեր պատմության ընթացքի մասին: Նա այնպիսի հիմար հայտարարություններ է անում, որոնք ոչ մի կերպ չեն բխում հայ ժողովրդի շահերից, բայց ամենացավալին այն է, որ այդ հիմարությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ: Մենք հպարտանալու իրավունք ունենք մեր բազմադարյա պատմությամբ: Նիկոլ Փաշինյանը փորձում է մի կողմ դնել ողջ Հայոց պատմությունը եւ իր կառավարման շրջանը ներկայացնել իբրեւ միակ բացարձակ ճշմարտություն: Մենք Հայոց պատմության ընթացքում պետականության համար մշտապես պայքարի մեջ ենք եղել, պետականություն ունենալու պարագայում հզորացել է պետությունը, իսկ թշնամիների դեմ պայքարում ընկել ենք օտարի տիրապետության տակ: Հայ ժողովուրդն ազգային ազատագրական պայքար է մղել` հայկական պետականության վերականգնման համար: Հայ ժողովրդի պատմությունն իր մեջ պետականության պայքարի պատմություն է ներառում, մենք հպարտանում ենք մեր պատմական այն շրջանով, երբ կերտել ենք պետականություն` Արտաշեսյանների, Երվանդունիների, Հայկազունիների, Բագրատունիների օրոք: Կիլիկյան Հայաստանում մենք ստեղծել ենք պետականություն, որը հսկայական դեր է խաղացել ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ` հարեւան ժողովուրդների պատմական ճակատագրի վրա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը բերում է սուտ, իրականությանը չհամապատասխանող, կեղծ փաստարկներ:
– Սկսել է անընդհատ ակնարկել, որ հայ ժողովուրդն արժանի չէ անկախ լինելու, անկախ պետություն ունենալու, ո՞ւր են տանում հայ ժողովրդին:
– Այս հայտարարությունները հայ ժողովրդին նախապատրաստում են՝ համակերպվելու այն մտքի հետ, որ այսօրվա Հայաստանի կեսը պետք է հանձնի Ադրբեջանին: Նա հիմքեր է ստեղծում դրա համար, ժողովրդի ականջները լցնում է նման ստերով, որպեսզի հնարավորինս քիչ բարդությունների հանդիպի: Այդ մարդու, նրա խմբակի, ավազակախմբի ողջ գործունեության նպատակը Հայոց պետականությունը Թուրքիային ենթարկեցնելն է, միայն այն բանի համար, որ երկարի իրենց անփառունակ իշխանության կյանքը, իրենց ողորմելի գոյությունը: Միայն այս նպատակով են ապրում նրանք: Անվերջ կատարում են Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները, որպեսզի կարողանան երկար մնալ իշխանության: Իսկ Թուրքիայի նպատակը տարածաշրջանում Հայաստանին ոչնչացնելն է: Հայաստանը սեպ է, թույլ չի տալիս միավորել թուրքական աշխարհը:
– Նիկոլ Փաշինյանը, կարծես, Հայոց պատմություն չի կարդացել, միայն այդ պարագայում կկարծեր, որ ոչ մի հպարտանալու առիթ չկա մեր պատմության ընթացքում: Եկեք նրա եւ նրա նման թերուս մարդկանց համար մի քանի օրինակ բերենք, որոնցից արժե գոնե օրինակ վերցնել, հիշել, մեծարել:
– Նիկոլ Փաշինյանը ոչ մի լավ թագավորից չի կարող օրինակ վերցնել: Նրա համար լավն ընդունելի չէ: Մովսես Խորենացին պատմել է Արամ Աշխարհակալի մասին, երբ ունեցել ենք ծովից ծով Հայաստան, տարբեր պայքարներ ենք տարել այդ ընթացքում ու հաղթել: Առաջին համահայկական պետություն գանք` Վանի թագավորություն, այստեղ հսկայական ջանքերի գնով կարողացել ենք ստեղծել առաջին պետությունը: Թեպետ իշխանությունն անցավ Բիայնական կողմի ձեռքը, սակայն հետո նորից վերականգնվեց` Պարույր Նահապետի շնորհիվ: Երվանդունիները ստեղծեցին հայկական պետություն, որն ընդգծում էր ողջ հայկական տարածքները: Չխոսենք Տիգրան Մեծի մասին, նրան բոլորը գիտեն: Գանք Արշակունիներ, թեպետ ծագումով պարսիկ էին, բայց հայացան, դարձան հայ թագավորներ: Տրդատ Երրորդ Մեծ, Արշակ Երկրորդ, Պապ թագավոր:
Բաց մի թողեք
Իրականացման առումով պետական իշխանության մարմինները վատ են աշխատում․ Դավիթ Անանյան
Վիճաբանություն է եղել Վանաձորի համայնքապետարանում
Քաղաքապետի եղբայրը տարածքներն է ընդլայնում, քաղաքապետը դեռ Օպել է հայտարարագրում