Գրեթե մեկ շաբաթ է, ինչ Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն անցել է լիազորությունների կատարմանը:
Լրագրողների հետ 2-րդ հանդիպումը դեկտեմբերի 19-ին էր, առիթը Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, ԱԱ բրոնզե մեդալակիր, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանին ու նրանց մարզիչներին ընդունել, շնորհավորելն էր:
Այնուհետ հերթը ներհամայնքապետարանային հարցերինն էր:
Ինչ է հասցրել անել անցնող օրերին Սարիկ Մինասյանը, ինչ հարցեր են կարգավորվել Գյումրու համայնքապետարանում և ինչ կադրային փոփոխություններ կան: Ասաց՝ աշխատանքից ազատման դիմումներ կան, սակայն խնդրել և հորդորել է դրանց հեղինակներին, որ սպասեն, հունվարին հեռանան:
«Պլանավորել ենք համայնքապետարանի և համայնքապատկան կառույցների բոլոր աշխատակիցներին ամանորյա 13-րդ աշխատավարձ տալ, արդեն ստորագրել ենք փաստաթուղթը, իրենք էլ ամբողջ տարին աշխատել են, ճիշտ չէր լինի, որ իրենք ազատվեին հիմա: Եվ կիսատ աշխատավարձ կստանային, և կզրկվեին իրենց 13-րդ աշխատավարձից: Խնդրել եմ, համաձայնել են»,- ասաց Մինասյանը:
Սարիկ Մինասյանը հայտարարել էր, որ եկել է աշխատելու և ով պատրաստ է իր հետ 24 ժամ օր ու գիշեր աշխատելու՝ կաշխատի:
«Ում որ գտանք, որ աշխատանքում ճիշտ է իրեն դրսևորել որպես համայնքային ծառայող, միշտ եղել է գյումրեցու կողքին, չի եղել «սրա-նրա մարդը», կշարունակի աշխատել: Գյումրին փոքր է, մեկս մեկիս ճանաչում ենք, հաստատ կարող ենք էդ մարդկանց մենք տարբերակել »,- ասել էր Մինասյանը:
Արդյո՞ք աշխատանքից ազատման դիմումները գրվել են այս շրջանակում: Մինասյանն ասաց՝ աշխատակիցները դրանք գրել են իրենց կամքով և ցանկությամբ:
Արդյո՞ք անկուսակցական Սարիկ Մինասյանին իրենց ձայնը տված հարևաններն ու մյուս քաղաքացիները կրկին պատրաստ կլինեն ընտրել կուսակցական Մինասյանին:
«Էս անգամ արդեն մեր հարևանի բարեկամներն էլ են ձայն տալու: Ինձ կյանքում ոչինչ չի փոխի, ոչ պաշտոն, ոչ կուսակցություն: Ես ով եղել եմ, նույն մարդն էլ կմնամ, վստահ եղեք»,- ասաց Գյումրու համայնքապետի պաշտոնակատարը:
Ինչ խնդիրներ են լուծվել համայնքապետարանում: Մինասյանն ասաց՝ ֆինանսական հարցեր կային տարբեր մատակարար ընկերությունների հետ կապված, որոնք կարգավորվել են:
«Համայնքապետարանի դրսի դռներն ենք սկսել սարքել: Հերթով ջարդել, հասել էին վերջին: Դրսի դռները նորոգել, մաքրելով ներս ենք գալիս»,- ասաց Մինասյանը:
Խոսելով համացանցումառկա տեղեկությունների մասին, թե Մինասյանը Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ լարված հարաբերություններ ունի, ասաց՝ սուտ է, իրականությանը չի համապատասխանում:
Սարիկ Մինասյանը նշեց՝ առաջիկայում ավագանու նիստ չի հրավիրվի: Բյուջեի հարցում կառաջնորդվեն նախորդ տարվա ունեցածով:
«Ավելի լավ է արդեն փորձ ունեցած բյուջեով աշխատել, քան ոտքի վրա արագ ընդունածով, որովհետև ես անհամաձայնություն ունեմ և հաստիքների, և աշխատավարձերի հետ կապված: Շատ հաստիքներ կան, որ մեղմ ասած՝ անիմաստ են: Դրանց կրճատման արդյունքում մենք կկարողանանք հիմնական աշխատանք կատարող մարդկանց աշխատավարձերը բարձրացնել, որովհետև երևէ նորմալ մասնագետ 80 հազար դրամով չի գա, չի աշխատի»,- ասաց Մինասյանը:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել, որ չկա ոչ թե կոնֆլիկտը, այլ Ղարաբաղը
Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան (տեսանյութ)
«Նարեկս շատ էր սիրում կյանքը, նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է». կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն անմահացել է 2023 թ. մայիսի 12-ին Սոթքի մարտական դիրքում. Լուսանկարներ