«Հրապարակի» զրուցակիցն իրանահայ վերլուծաբան, «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանն է։
– Մերձավորարեւելյան տարածաշրջանային վերջին զարգացումներից, մասնավորապես Սիրիայում տեղի ունեցածից հետո Իրանն ի՞նչ կորցրեց։
– Այս ամենը տարածաշրջանի համար երկրաշարժի էֆեկտ ունի, այն համակարգը, որը ձեւավորվել էր աստիճանաբար, 2001 թվականից հետո սեպտեմբերի 21-ի հարձակումը, Իրաքում փոփոխությունները, արաբական գարունը, դրա հետեւանքով Սիրիայի ներքին քաղաքացիական պատերազմը, հետո Ռուսաստանի եւ Իրանի միջամտությունը եւ նրանց դերի ու նշանակության ամրապնդումը տարածաշրջանում, իրանական գործոնի ամրապնդումը՝ որպես որոշիչ հանգամանք, տարածաշրջանում իր արբանյակներով, այս ամբողջ համակարգը փոփոխության ենթարկվեց, եւ սկիզբը հոկտեմբերի 7-ին էր, երբ ՀԱՄԱՍ-ը սկսեց հարձակումը Գազայում, ակնհայտ էր, որ փոփոխությունները մեծ են լինելու։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում թույլ տվեցին ռազմավարական եւ մարտավարական սխալներ, ճիշտ չգնահատեցին այն վտանգը, որը կար։ Խաղադրույքն Ասադի եւ նրա ռեժիմի վրա որ կար, փաստորեն, չգործեց, ռեժիմը, փաստորեն, ներսից փտած, քայքայված եւ ամենակարեւորը՝ բարոյալքված համակարգ էր, որովհետեւ ինչքան էլ հզոր անվտանգության համակարգ ունենաս, երբ դրանք բարոյալքված են, ամենափոքր հարվածով ոչնչացնում են։ Ներկա դրությամբ Սիրիայում, ինչու չէ՝ նաեւ տարածաշրջանում, Ռուսաստանն ու Իրանը գլխավոր կորցնողներն են եղել եւ կրավորական դիրքում են, իսկ թելադրողի դիրքում հայտնվել են Թուրքիան եւ Իսրայելը, որոնք աշխարհաքաղաքական նույն նպատակն են հետապնդում, այսինքն՝ ծավալապաշտական քաղաքականություն է, նպատակը տարածաշրջանում աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխությունն է, առկա հավասարումների փոփոխությունն է՝ ի նպաստ իրենց։ Ակնհայտ է, որ նպատակը Սիրիայի մասնատումն է, խոսվում է 3, 5 գոտիների մասին, բայց ամենակարեւորը, ըստ իս, այն է, որ Անկարան եւ Թել Ավիվը չգրված պայմանավորվածություն ունեն՝ հնարավորինս չեզոքացնելու Իրանի, ինչո՞ւ չէ՝ նաեւ Ռուսաստանի դերակատարումն այս տարածաշրջանում։
– Այս ամենը մեծացնո՞ւմ է Իրանի դեմ ուժային գործողություն սկսելու սպառնալիքը։
– Բացառված չէ։ Նախ, ես պետք է նշեմ, որ այս տարածաշրջանը հարափոփոխ է, հատկապես հիմա մենք գործ ունենք վառոդի տակառ հիշեցնող իրավիճակի հետ, մի կայծ, եւ կարող է պայթյուն լինել, որը կարող է տարածվել ոչ միայն հենց բուն Մերձավոր Արեւելքում, այլեւ մեծ Մերձավոր Արեւելքում՝ դեպի Կովկաս, միջինասիական երկրներ, Պակիստան, Հնդկաստան, եթե մի քիչ ավելի հոռետես լինենք, կարող է ձգվել մինչեւ անգամ դեպի Չինաստան։ Այդ վտանգը կա, Իսրայելը չի թաքցնում, որ իր վերջնական նպատակն Իրանի գործոնի ամբողջական չեզոքացումն է։ Դա կարող է տեղի ունենալ ռազմական հարձակման ձեւով, Իրանի արդյունաբերության, հատկապես ատոմային ու ռազմարդյունաբերության ոլորտի ենթակառուցվածքներին հարվածով, որ Իրանի ատոմային հնարավորությունները վերջնականորեն զրոյացնի, եւ ակնհայտ է, որ Նեթանյահուն փորձ է անում ցանկացած գնով ԱՄՆ-ին ներքաշել այս գործընթացի մեջ։
– Իրանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն ազդեցություն ունեցա՞ն իրավիճակի վրա։
– Այս տարածաշրջանում ցանկացած միջադեպ, որ տեղի է ունենում, այս տարածաշրջանում չի կարող ազդեցություն չունենալ, մանավանդ՝ երբ նման կալիբրի երկրի նախագահը եւ արտգործնախարարը միանգամից զոհվում են, դրանից առաջ հրամանատար Սոլեյմանիի սպանությունը, որը մեծ դերակատարում ունեցավ, փաստորեն, ժամանակը ցույց տվեց, որ նա ստրատեգն էր, որի շուրջ ձեւավորվում էր Իրանի անվտանգային, ռազմական, ինչո՞ւ չէ՝ նաեւ քաղաքական ռազմավարությունը եւ մարտավարությունն այս տարածաշրջանում, եւ այդ բացը, ցավոք, չի լրացվել, չկա նման կալիբրի ռազմական, քաղաքական ստրատեգ գործիչ, որը լրացնի այդ բացը, ես դա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում։ Սա շատ կարեւոր հանգամանք է։ Ներքաղաքական կյանքում մենք պետք է նկատի ունենանք, որ բարեփոխականները եկան իշխանության, եւ դա, բնականաբար, ենթադրում է քաղաքականության փոփոխություն։ Ես մի բան կարող եմ ասել, որ այս կառավարությունը թույլ տվեց ՄԱԿ-ի 73-րդ ասամբլեային, երբ նախագահը եւ իր քաղաքական թիմը, Զարիֆը՝ որպես գլխավոր խորհրդական, արտգործնախարարը, բանակցությունների նստեցին եվրոպացիների հետ եւ համաձայնեցին կրակը նվազեցնելու շուրջ, ու դրանից հետո մենք ականատես եղանք կտրուկ հարվածների, որն Իրանը ստացավ։ Իհարկե, դա միակ բացթողումը չէր, պրոցեսը գնում էր դեպի դրան։
– Հաշվի առնելով այս բոլոր տրանսֆորմացիաները՝ Հարավային Կովկասի մասով Իրանի հայտարարած կարմիր գծերը կարո՞ղ են փոխվել։ Մինչեւ Սիրիայի դեպքերը, հայ-իրանական սահմանի մասին Իրանը հստակ շեշտադրում էր, որ դա իր կարմիր գիծն է։
– Այդ կարմիր գիծը, իմ կարծիքով, կմնա, որովհետեւ դա նշում է երկրի հոգեւոր առաջնորդը, եւ դա հեշտ փոփոխվող չէ, բայց թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը ներկա պահին ունեն այլ առաջնահերթություններ։ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում պատերազմով, եւ բոլորս գիտենք, որ այն բոլոր մարտավարական քայլերը, որ անում է այս տարածաշրջանում, սկսած Սիրիայից մինչեւ Հարավային Կովկաս, պայմանավորված են Ուկրաինայի պատերազմով։ Իրանը նույնպես ունի իր առաջնահերթությունները՝ առաջին եւ ամենակարեւոր մարտահրավերն Իսրայելն է, այդ հակամարտությունը, Արեւմուտքի ճնշումները, որոնք օրեցօր ավելանում են։ Իրանը դեռեւս չգիտի, թե Թրամփն ինչ մարտավարություն եւ ռազմավարություն կկիրառի իր նկատմամբ, բացի այդ, իրենք կորցրել են Սիրիան, հայտնի չէ, թե ինչ է լինելու «Հեզբոլլահի» ապագան, որովհետեւ այդ շիայական կիսալուսինը, որ ստեղծվել է, կտրեց կապը «Հեզբոլլահի» հետ, «Հեզբոլլահը» ստացավ ծանր հարվածներ, եւ Իրանը հիմա վերադիրքավորվելու, վերադասավորվելու, իրավիճակը ճիշտ գնահատելու, համապատասխան ռազմավարություն մշակելու խնդիր ունի։ Հիմա գլխավոր նպատակն անվտանգային ռիսկերը չեզոքացնելն է՝ պատերազմի վտանգը հնարավորինս կանխելու, կարողանալ գոնե տանելի, ես չեմ ասում՝ բարեկամական, հարաբերություններ ստեղծել Արեւմուտքի հետ, որը կնվազեցնի պատերազմի վտանգը։ Այս պարագայում գլխավոր խնդիրն Իրաքի պաշտպանությունն է, որովհետեւ, եթե դոմինոյի էֆեկտը սկսի աշխատել, շատ ծանր է լինելու։ Սա ինձ մոտ եւ բոլոր փորձագետների մոտ այն մտավախությունն է ստեղծում, որ, այո, ուշադրության կենտրոնը Կովկասից կարող է փոխվել։ Եթե իրապես այդպես լինի, աղետալի է լինելու Հայաստանի եւ տարածաշրջանի համար, որովհետեւ Ադրբեջանն ու Թուրքիան, միանշանակ, օգտվելու են։ Մենք գիտենք, որ պահող ուժն Իրանն էր, եթե Ադրբեջանի դերակատարումը նվազի, եւ, Աստված մի արասցե, Իրանը ներքաշեն ինչ-որ առճակատման մեջ, եւ նա իր բոլոր ռեսուրսներն այդ ուղղությամբ կենտրոնացնի, բնականաբար, կլինի այն, ինչը նրանք հետապնդում են։ Ես լավ չեմ տեսնում Հարավային Կովկասի ապագան, եւ Հայաստանի այս իշխանությունների վարած ապիկար քաղաքականությունը տանում է դրան։ Այս համատեքստում Ալիեւի վերջին հոխորտալից հայտարարությունը, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի մասին, շատ վտանգավոր է, եւ էլ ավելի վտանգավոր է դրան Զախարովայի արձագանքը, թե՝ հարցրեք Փաշինյանին։
Բաց մի թողեք
Սինանյանը տղամարդու հետ զվարճանում է երևանյան փաբերից մեկում․ Տեսանյութ
Տարեվերջին դատավորները «դափոնով» կալանքի որոշումներ են տվել, Նուբարաշենի բանտում ասեղ գցելու տեղ չկա
Ատոմ Ջանջուղազյանն ինքն իր համար 4 մլն դրամ աշխատավարձ է սահմանել