15/01/2025

Փաշինյանը կա՛մ չի ըմբռնել բանակցության գործընթացը, կա՛մ միտումնավոր խաբում է. Միրզոյան

«Ախր մեկնաբանելու կարիք չկա. դա իր հերթական մանիպուլյացիան է, խաբում է ժողովրդին աղավաղելով համաժողովրդական կարծիքը»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Մեջբերենք հերթական «շեդևրը»։ «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»,- գրել է Փաշինյանը:

Կարեն Միրզոյանը 2 կարծիք ունի այս գրառման մասով. «Այդ մարդը կա՛մ այնքան անգրագետ է, որ ծանոթացել է բանակցային գործընթացին ու չի ըմբռնել դրա բովանդակությունը, կա՛մ միտումնավոր խաբում է ժողովրդին՝ մանիպուլացնելով ժողովրդական կարծիքը: Ուրիշ այլ բան մեկնաբանել անիմաստ եմ համարում»:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին պաշտոնյաներից մեկն էլ MediaHub-ին ասաց, որ 1994 թվականից ի վեր դիվանագիտական ճակատում տարված հիմնական գործողությունը եղել է Արցախը Հայաստանին վերամիավորելու ուղղությամբ։

«Սակայն, հաշվի առնելով դրա ռիսկերը, թե որքան ծանր կարող էր արժենալ Հայաստանի համար, միաժամանակ աշխատել ենք Արցախի՝ որպես առանձին հանրապետության միջազգայնորեն ճանաչման ուղղությամբ, առաջ տանելով 2 հայկական հանրապետություն քաղաքականությունը։ Բանակցային գործընթացում մենք ունեցել ենք որոշակի հաջողություններ։ Այս հարցում Արցախի ժողովրդի կողքին կանգնել են Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։ Սակայն, ամեն ինչ միանգամից փոխվեց 2018 թվականից, երբ Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է զրուցակիցը։

Նախկին պաշտոնյայի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը սեփական ձախողումների, Արցախի հարցում իր կողմից թույլ տրված ամենամեծ սխալի, ինչպես և բազմաթիվ անգամներ՝ ստի, կեղծիքի ու իր վախերի մասին էր։

«Նույնիսկ պաշարման մեջ հակառակ մեզ վրա օրեցօր ավելացող ճնշումներին, պարբերական դարձած ահաբեկչական գործողություններին, էթնիկ զտման վտանգին, մենք հետ չենք կանգնել մեր սկզբունքներից։ Սակայն, հենց ինքը՝ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախի Հանրապետությունը, և դրանով վերջ դրեց հայկական Արցախի գոյությանը։ Հիմա, ի՞նչ մեկնաբանեմ մի մարդու, ով սեփական վախերն ու սխալները քողարկելու համար շարունակ մեղադրում է իրենից առաջ ղեկավարած ուժերին։ Այսքանը»,- հավելել է նա։