21/01/2025

Նույն գործարքն իրականացրած մեկի գործը կարճել են, մյուսինը՝ ոչ․ Լուսանկար

Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանն Արցախից բերված ավտոմեքենաների գործով շարունակում է գտնվել վարչական հսկողության ներքո։ Նա մեղադրվում է մի արարքի մեջ, որը փաստացի այսօր ՀՀ իշխանություններն իրենք են սկսել իրագործել։

Հրապարակ թերթը գրել է․ ՀՀ կառավարության որոշման համաձայն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են արտոնյալ ընթացակարգով գրանցել այն տրանսպորտային միջոցները, որոնք մասնավոր սեփականություն չեն հանդիսանում, սակայն իրավաչափորեն իրենց տիրապետման տակ են գտնվում կամ օգտագործվում են իրենց կողմից։ Այս որոշումից առնվազն 5 ամիս է անցել, սակայն Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը շարունակում է գտնվել վարչական հսկողության ներքո` Արցախից բերած ավտոմեքենան շահագործելու համար։ Նա երեկոյան ժամը 7-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը տնից դուրս գալու, որեւէ զվարճանքի վայր, խանութ, որեւէ այլ տեղ գնալու իրավունք չունի։ Սա դատարանն է որոշել, եւ որոշման հսկողությունը դրված է ՀՀ պրոբացիայի ծառայության վրա։

Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է իբր Արցախից բերված մեքենաներն օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ, ինչի համար նա 20 օրով կալանավորվեց։ Այնուհետեւ «կալանք» խափանման միջոցը փոխվեց 2 ամսով տնային կալանքի: Հետո Վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի կայացրած դատական ակտը, եւ մերժեց քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ ազատելով Դավիթ Սարգսյանին։ Սակայն Քննչական կոմիտեն Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը բավարարել է։

Դավիթ Սարգսյանի կինը՝ Էռնա Ջավադյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ամուսինն իրավունք չունի անգամ իր մանկահասակ երեխայի հետ խանութ գնալ, բանկ մտնել։ «Իրավունք ունի առավոտյան 7-ից երեկոյան 7-ը տնից դուրս գալ, բայց այդ ընթացքում որեւէ զվարճանքի վայր, անգամ խանութ, բանկ գնալու իրավունք չունի։ Թե այս հսկողությունն ինչ օգուտ կամ վնաս է տալիս քրեական գործին, ուղղակի ծիծաղելի է»,- ասաց նա։

Նմանատիպ գործով էր անցնում նաեւ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, սակայն նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է, Դավիթ Սարգսյանինը՝ ոչ։ «Հակասական են իրենց պահվածքն ու խոսքը։ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի պարագայում Քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքապետի այդ որոշումը նվազեցնում է տվյալ արարքի հանրային վտանգավորությունը, եւ դրա համար կարճեցին Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Հաշվի առնելով այս հանգամանքը, մենք՝ ինքներս, միջնորդություն ենք ներկայացրել դատախազություն, որ գոնե հանեն վարչական հսկողությունը։ Մեր բողոքն անհիմն մերժվել է։ Բայց Մարտակերտի եւ Ստեփանակերտի քաղաքապետերի քրեական գործերը լիարժեք նույնն են, տարբերությունը մեքենաների քանակի մեջ է, Գյուրջյանի դեպքում 1 մեքենա է, Դավիթ Սարգսյանի դեպքում` 4»,- ասաց Սարգսյանի կինը։

Արցախի քաղաքապետերի նկատմամբ քրեական հետապնդումները սկսվեցին մայիսի 9-ից առաջ, երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը գալիս էր Երեւան։ Դավիթ Սարգսյանի կինը վստահ է՝ այս քրեական գործերը քաղաքական նպատակով են հարուցվել, որպեսզի արցախցիները չմասնակցեն Սրբազան շարժմանը։ «Դավիթ Սարգսյանն աննախադեպ ձայներով է ընտրվել քաղաքապետ։ Մինչ քաղաքապետ ընտրվելն էլ Դավիթ Սարգսյանը Արցախում մեծ պատիվ ու հարգանք է ունեցել։ Նրա շուրջ արցախցիները կարող են համախմբվել, եւ սա բավարար էր, որ Սարգսյանի նկատմամբ անեին այն, ինչ անում են»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ կառավարության որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բռնի տեղահանման արդյունքում Հայաստանում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, որոնք ունեն փաստացի օգտագործողներ, բայց սեփականության իրավունքով որեւէ մեկին չեն պատկանում: ՆԳՆ-ն հայտնել էր, որ այդ հնարավորությունը տրվելու է մինչեւ 2017թ. արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլների հետ կապված: Սեփականատիրոջից չեն պահանջելու տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ եւ այլ փաստաթղթեր, իսկ սեփականության իրավունքի գրանցումը կատարվելու է նշված տրանսպորտային միջոցների տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող այլ փաստաթղթի հիման վրա։ Ավտոմեքենան գրանցելուց հետո սեփականատերերին կազատեն փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։ Սա որոշումից հատված է:
Դավիթ Սարգսյանի փաստաբան Ռոման Երիցյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Սարգսյանն իրականացրել է սեփականաշնորհման գործընթաց` հենց այս կարգով։ «Կառավարությունը հասկացել է, որ այլընտրանք չկա, էդպես էլ պիտի արվի, ասում են` դե, եթե կառավարությունն այսպիսի որոշում է կայացրել, քրեական գործերն էլ կարճենք։ Իրականում, մեղադրանքը չեն կարողանում հիմնավորել»,- նշեց նա։ Փաստացի, Դավիթ Սարգսյանն ապօրինի կալանավորվել է, այժմ էլ շարունակում է գտնվել սահմանափակումների մեջ՝ մի մեղադրանքով, որը կառավարությունը ճանաչել է օրինաչափ գործողություն` պատժվելու ոչ ենթակա։

«Հրապարակ». Նույն արարքն իրականացրած մեկի գործը կարճել են, մյուսինը` ոչ