23/01/2025

ՔՊ-ն հրաժարվել է միանալ մանկապարտեզները անվճար դարձնելու նախագծին

Առաջիկայում Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը պատրաստվում էր ավագանու արտահերթ նիստ հրավիրել՝ համայնքապատկան մանկապարտեզները անվճար դարձնելու հարցը քննարկելու նպատակով։ Նիստը կայանալու համար անհրաժեշտ է ավագանու անդամների առնվազն 11 անդամի  ստորագրությունը:

Hraparak.am-ը  ՀՀԿ խմբակցության ավագանու ղեկավար Նարեկ Միրզոյանից տեղեկացավ, որ ՀՀԿ-ն միացել է «Ապրելու երկիր» խմբակցութան նախաձեռնությանը, ստորագրել նիստ հրավիրելու համար, բայց ցավոք, նիստը չի կայանա, քանի որ ՔՊ-ն հավանություն չի տվել նախագծին, եւ ընդամենը 8 ավագանի է ստորագրել նախագիծը քննարկման դնելու համար նիստ հրավիրելու առաջարկությանը:

Ավելի վաղ hraparak.am-ի հետ զրույցում  «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն  ասել էր ։

«Մոտ 2500 երեխայի մասին է խոսքը, 22 համայնքապատկան մանկապարտեզի, մենք նաև հղումն ենք արել ֆինանսական աղբյուրի, թե ինչպես եւ որտեղից կարելի է հայթայթել, հիմք ընդունելով նաւ այն հանգամանքը, որ գույքահարկը 2025թ-ին ավելանում է 50 տոկոսով, 2026թ-ին՝ ևս 50 տոկոսով, եւ 2025թ-ին մոտ 170 մլն․ դրամ ավել մուտքագրում է լինելու համայնքապետարանի բյուջե, իսկ մանկապարտեզները մոտ 115 մլն․ դրամի ծախս է, այսինքն՝ մի բան էլ ավել է լինելու մուտքագրված բյուջեն ։ Հուսով եմ՝ մեր գործընկերները կմիանամ մեր նախաձեռնությանը՝ անկախ կուսակցական, քաղաքական  պատկանելությունից։ Սա ըստ էության նաև սոցիալական խնդիր է լուծելու, քանի որ Շիրակի մարզը Հանրապետության ամենաաղքատ մարզն է» ։

Նիստը նախատեսվում էր հունվարի 8-ին։