Անսովոր աշխուժություն, անհանգիստ, անորոշ հայացքներ, նաև բարձր տրամադրություն:
Ատծո օրհնությամբ և տերունական աղոթքով Գյումրիում տրվեց ձմեռային զորակոչի մեկնարկը:
Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում հավաքված նորակոչիկների ծնողները, հարազատ-բարեկամները, ընկեր-ընկերուհիներն ու շատ անծանոթներ նաև ծառայության մեկնող տղաներին խաղաղ երկինք ու անփորձանք ծառայություն մաղթեցին:
Դիմելով ապագա զինվորներին՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասաց՝ միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են:
«Դուք գնում եք փոխարինելու ձեր ավագ ընկերներին, որոնք երկու տարի ծառայել են մեր պետությանը, մեր հայրենիքին։ Ուզում եմ, որ հպարտորեն գնաք, որովհետև դուք եք պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, դուք եք պաշտպանելու խաղաղությունը, մեր երկիրն ու ձեր ծնողներին։ Դժվար փուլ է ձեր կյանքում լինելու, որովհետև կյանքը փոխվում է, բայց վստահ եմ, որ պատվով եք ծառայելու։
Մաղթում եմ ձեզ տոկունություն և մեր երկրին՝ խաղաղություն։ Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են, ձեր կարիքն ունի Հայաստանի Հանրապետությունը, ձեր կարիքն ունեն համաքաղաքացիներն ու բարեկամները։ Խնդրելու եմ ձեզ հոգ տանել ծառայակից ընկերների մասին, թև ու թիկունք լինել, որովհետև մեր ուժը միասնության մեջ է։ Ծնողներին համբերություն եմ մաղթում՝ անհոգ եղեք, ձեր զավակները պատվով կկատարեն իրենց պարտքը։ Անփորձանք եղեք, տղաներ»,- ասաց Առուշանյանը։
Լևոնը մեկն է Հայոց բանակի շարքերը համալրող երիտասարդներից: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց՝ մեկնում է բարձր տրամադրությամբ:
«Եթե ամեն մարդ պատկերացնի՝ ուր է գնում, ինձ նման բարձր տրամադրություն կունենա: Հայրենիքն ամենն է, մարդու էությունն է: Ծնվածդ օրվանից մինչ մահ դու հայրենիքի մի մասնիկն ես՝ անկախ հանգամանքից՝ որտեղ ես ապրում՝ հայրենիքո՞ւմ, թե՞ սփյուռքում: Հայրենիքը կա քո սրտում: Մասնագիտության ընտրությունից հետո ավելի խորը ընկալեցի այս գաղափարը»,- ասաց ապագա զինվորը:
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ևս տղաներին խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթեց:
«Այսօրվանից ստանձնում եք մեր երկրի պաշտպանության գործը: Գյումրեցի տղամարդը արժանապատիվ է, բարձր ինքնասիրության տեր: Ես վստահ եմ, որ դուք պատվով կատարելու եք ձեր առաջ դրված խնդիրները: Ամենակարևորը՝ եղեք պատասխանատու կարգապահական առումով: Եթե հետևեք զինվորական կարգադրություններին, կլինեք անվտանգ: Զիջող, միմյանց հանդեպ հոգատար եղեք, և ամեն ինչ լավ է լինելու: Ապահով գնացեք, տղաներ, դուք մեր թիկունքը պահեք, մենք էլ ձեր ծնողների կողքին կլինեք ցանկացած հարցում: Մաղթում եմ ձեզ բարի ու անփորձանք ծառայություն, ծնողներին համբերություն ու բոլորիդ բարի վերադարձ»,- ասաց Սարիկ Մինասյանը:
Հոգևոր հոր օրհնությունը ստանալուց հետո նորակոչիկները շարժվեցին դեպի կենտրոնական հավաքակայան:
Բաց մի թողեք
Հունվարի 15-ի աստղագուշակ․ Կարող եք կարևոր որոշումներ ընդունել ու փոխել ծրագրերը
Բլոգեր Էվիկը սիրելիի հետ նոր ֆոտոշարք է հրապարակել
ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա․ Լուսանկար