«Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը։ Ինչի՞ց է վախենում իրեն «ժողովրդավար ու ժողովրդի ծոցից դուրս եկած» հռչակած վարչապետը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես վարչապետի աշխատակազմից հայտնել էին «Ազատությանը», Նիկոլ Փաշինյանը վարչապետության 7-րդ տարում հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը», հիմնավորումն էլ հետեւյալն է՝ «փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից՝ քննարկելուց և գնահատելուց հետո»: Այսինքն՝ պետք է որոշում կայացվի հրապարակե՞լ ինչ որ փաստաթղթեր, թե՞ ոչ:
Հարց է առաջանում՝ իսկ ումի՞ց է թաքցնում Նիկոլ Փաշինյանը բանակցային փաստաթղթերը, կամ ի՞նչ վտանգներ է տեսնում նա, եթե միջազգային լայն հանրությունը, անգամ թշնամի երկրները՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, լրիվությամբ տիրապետում են բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին:
Խոսենք փաստերով։
Դեռ 1992 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի (ԵԱՀԽ) կողմից ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկրներից (ԵԱՀԿ): Այս կազմակերպությունը կոչված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ, բանակցային լուծման տարբերակներ գտնելուն:
Այն բաղկացած է 9 անդամներից` Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա և Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև համանախագահող եռյակ անդամ երկրներից՝ Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։
Թեեւ Ադրբեջանը հիմա պահանջում է լուծարել այս կառույցը, իսկ Հայաստանն էլ ամենեւին դեմ չէ դրան, բայց այս կառույցը ֆորմալ առումով դեռ գործում է: Եվ կարիք չկա դիվանագիտական հմտություններ ունենալ՝ հասկանալու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ համանախագահ այս բոլոր երկրները տիրապետում են բանակցային բոլոր մանրամասներին ու փաստաթղթերին, որոնք Նիկոլ Փաշինյանը գաղտնիության պատրվակով հրաժարվում է հրապարակայնացնել:
Հարց է առաջանում՝ ինչ վտանգներ է տեսնում Նիկոլ Փաշինյանը ու ինչու չի հանրայնացնում, թե տարիներ շարունակ ինչ է բանակցվել Արցախի վերաբերյալ, հատկապես, որ ինքը շատ է սիրում իր ապաշնորհ դիվանագիտությունն արդարացնելու համար մեղադրել նախկին նախագահներին, թե իրեն վատ ժառանգություն են թողել: Հատկապես, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, Առաջին նախագահը Փաշինյանին առաջարկել է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները:
Ստացվում է, կոպիտ ասած, ամբողջ աշխարհը գիտի բանակցային գործընթացից, տիրապետում է փաստաթղթավորված ամեն դետալի, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ մուկն ու կատու է խաղում ու գաղտնի է պահում բանակցային փաստաթղթերը արդեն սեփական ժողովրդից:
Իսկ գուցե պարզապես թաքցնո՞ւմ է, թե ինչպես է 4 տարում իր «զրոյական կետից» տապալել գրեթե 30 տարվա ողջ բանակցային գործընթացը, ու իր ապիկար քաղաքականությունն էլ հենց հանգեցրել է Արցախի կորստին»:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել, որ չկա ոչ թե կոնֆլիկտը, այլ Ղարաբաղը
Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան (տեսանյութ)
«Նարեկս շատ էր սիրում կյանքը, նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է». կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն անմահացել է 2023 թ. մայիսի 12-ին Սոթքի մարտական դիրքում. Լուսանկարներ