21/01/2025

Պարապ և վտանգավոր խոսակցություն ԵՄ մասին

Ուկրաինան եւ Մոլդովան 10 տարուց ավելի գործադրած ջանքերից հետո ստացել են Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ 2022 թվականին: Վրաստանը՝ 2023-ին, բայց հարեւան երկրի ներկայիս ղեկավարությանը սառեցրել է գործընթացը՝ մինչեւ 2028 թվականը:

Թեկնածուի կարգավիճակում պետությունը կարող է մնալ տարիներ, Թուրքիայի դեպքում՝ տասնամյակներ շարունակ: Եթե Հայաստանն իսկապես մտադիր է սկսել թեկնածու դառնալու ուղղությամբ աշխատանքը, ապա պետք է հաշվի առնի, որ դա, եթե նույնիսկ բոլոր քաղաքական գործոնները մի կողմ դնենք, երկարատեւ եւ աշխատատար գործընթաց է:

Բայց, ենթադրենք, նման որոշում ընդունվի, ուրեմն կարգավիճակի համար պետք է հայտ ներկայացվի: Եթե դա արվի հիմա, ապա այդ հայտն անմիջապես կմերժվի, որովհետեւ մենք այլ քաղաքական-տնտեսական միավորի՝ ԵԱՏՄ-ի անդամ ենք: Այդ ուղղությունն ընտրելու դեպքում, առաջին բանը, որը պետք է անել, ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացնելն է՝ ապացուցելով, որ այդ միությունը մեզ համար անօգուտ է եւ անարդյունավետ:

(Ի դեպ, ներքին հասարակական կարծիքի տեսակետից ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում՝ Հայաստանի բնակչության մեծամասնությունը դրան կհավատա եւ «կհամոզվի», որ «մենք սաղ օրը ռսի համար ենք աշխատում»): Բայց այս բոլոր դատողությունները նախատեսված են այն դեպքի համար, երբ գործ ունենք ադեկվատ, որոշակի քաղաքական տրամաբանության մեջ գործող իշխանությունների հետ:

Բայց քանի որ դա, մեղմ ասած, այդպես չէ, կարելի է ենթադրել, որ ԵՄ-ին միանալու մասին խոսակցությունների տակ որեւէ հեռահար ռազմավարություն չկա՝ դա թեթեւակի դեմարշ է կամ, ավելի պարզ լեզվով ասած, «ֆրթոն», որը կոչված է ցույց տալ մեր իբր «ինքնիշխանությունը» եւ «ինքնուրույնությունը»:

Հասկանալու համար, թե ինչով են նման մանկամիտ խաղերը վերջանում, պետք է շարունակել ինքնակրթությունը եւ ծանոթանալ ավելի շատ պատմական նյութերին:

… Հա, վայ, մոռացա: Վաղը-մյուս օրը մենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական համաձայնագիր ենք ստորագրելու, Ամերիկան զորք է ուղարկելու, եւ Ալիեւն էլ չի համարձակվի մեր երկրի վրա հարձակվել:

Արամ Աբրահամյան; aravot.am