13/02/2025

Պետք չէ մարդկանց խաբել

Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերությունը շատ կարեւոր է, եւ դրա վերաբերյալ փաստաթղթի նշանակությունը պետք չէ նսեմացնել: Հրաշալի կլինի, օրինակ, որ մեր սպաների մի մասը կրթություն ստանա Միացյալ Նահանգներում:

Եթե այդ նախագիծն իրականացվի, եւ մեր սպաներն այնտեղ սովորեն ոչ այնպես, ինչպես մեր հայտնի գեներալները 1990-ականներին «վերապատրաստվում» էին Հունաստանում, ապա դա կարող է խթանել մեր բանակի բարեփոխումները:

Ըստ մասնագետների՝ 44-օրյա պատերազմում մենք զիջում էինք հակառակորդին նաեւ շարժունակությամբ եւ միջին սպայական կազմի նախաձեռնողականությամբ՝ մնալով դեռեւս խորհրդային ծանրաշարժ, բյուրոկրատական ավանդույթների շրջանակներում:

Դրան կարելի է ավելացնել նաեւ, որ պատերազմի ընթացքում Ադրբեջան է ուղարկվել թուրքական հատուկ նշանակության՝ լեռնային մարտերում մասնագիտացած բրիգադ՝ բաղկացած 1200 զինվորից։

Քանի որ հաջորդ պատերազմներում հակառակորդը նույնն է լինելու, ապա պետք է հնարավորինս մոտենալ ՆԱՏՕ-ի ստանդարտներին: Խիստ ողջունելի է նաեւ նոր ատոմակայանի կառուցման ծրագիրը. եթե այն իրականություն դառնա, ապա դա էապես կնվազեցնի մեր կախվածությունը Ռուսաստանից:

Բայց պետք չէ ռազմավարական գործընկերությունը մեր հանրության վրա «վաճառել» որպես ռազմական դաշինք, չնայած ընդունենք՝ հայերեն «ռազմավարություն» («ստրատեգիա») բառը փոքր-ինչ մոլորեցնող է եւ, կարծես թե, «ռազմական» բաղադրիչ է: ԱՄՆ-ը մեր ռազմական դաշնակիցը չէ, ինչպես, օրինակ, Իսրայելի դեպքում է, եւ դժվար թե երբեւէ լինի:

Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում: Որովհետեւ Ուկրաինան ԱՄՆ-ի համար 100 անգամ ավելի կարեւոր է, քան Հայաստանը: Այդքանով հանդերձ օգնությունը, որն ԱՄՆ-ը տրամադրում է Ուկրաինային, ամենեւին էլ չի բավարարում Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար:

Թրամփի վարչակազմի ժամանակ այդ օգնությունը, կարծում եմ, կրճատվելու է: ԱՄՆ ընտրված նախագահը վերջերս միանշանակ ասել է նաեւ, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա:

Ինչի՞ց պիտի ենթադրենք, որ ԱՄՆ-ն Հայաստանին է աջակցելու, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը մեզ վրա հաջորդ անգամ հարձակվեն: Պետք չի մարդկանց խաբել՝ ԱՄՆ-ը չի պատրաստվում ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ պարզապես այն պատճառով, որ մենք այդ երկրի համար այդպիսի հետաքրքրություն չենք ներկայացնում:

Չնայած վաղվանից բոլոր եթերներում իշխանության քարոզիչները հակառակն են պնդելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, aravot.am