13/02/2025

Ո՞վ է խորհրդավոր «ոստիկանն», ով դիակներն ուղարկում է այրման

Հերթական թրիլեր կենդանիների մասնակցությամբ՝ այս անգամ Իսակովի 18/10 պողոտայում։ Կենդանասերները նոր ակցիա են նախապատրաստում։ Հունվարի 12-ին, կիրակի օրով Իսակովի պողոտայում կրակոցներ են հնչել։ Հրազենի կիրառմամբ սպանել են երեք շների, որոնցից մեկը ցեղական է եղել, ալաբայ տեսակի։

Հրապարակ թերթը գրել է․ Երևանի քննչականը ամեն ինչ անում է կոծկելու համար այս հանցագործությունը։ Այս հարցում քննիչներին օգնում է քաղաքապետարանի ենթակայության հաստատությունը, որը կոչվում է  թափառող կենդանիների խնամքի կենտրոն։

Այս կենտրոնը, որը ղեկավարում է «Հայկական ժամանակ» թերթի նախկին տնօրեն Հարություն Առաքելյանը, պարզվում է, արդեն վաղուց իրականացնում է դատաբժշկական փորձաքննություններ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի գործերով։ Շատ արագ քննիչների սրտի ուզած եզրակացություններն է տալիս եւ արագորեն այրում է սպանված կենդանիների դիակները։ Այդպես եղավ Դավթաշենում բալկոնից ցած նետած շան գործով, որով ոստիկան էր անցնում, այդպես է եղել նաև Իսակովի պողոտայում գնդակահարված կենդանիների գործով։

Մանրամասները մեզ հայտնեց կենդանասերներից Գոհար Անտոնյանը, որը «Դոգմա» կենդանապաշտպան կազմակերպության անդամ է։ Նա կերակրում էր սպանված շներին, եւ հայտնաբերելով նրանց մարմինները,․ անմիջապես դիմել է ոստիկանություն։ «Ես իմ աչքով եմ տեսել ու նկարել եմ փամփուշտները շների մարմինների մեջ։ Մեկը արագաչափի մոտ էր շպրտած», – ասում է կենդանապաշտպանը։

Նա պատում է, որ ոստիկանները եկել են, տեղում դեպքն արձանագրել են, սակայն ընթացակարգն այնպիսին է, որ պետք է սպասեն քննչական կոմիտեի ներկայացուցչին։ Մալաթիա-Սեբաստիայի քննչականից ուղարկել են քննիչի՝ մոտ 22 տարեկան աղջնակի, հավանաբար, բուհը նոր ավարտած։ «Եկավ ու նույնիսկ չմոտեցավ  շան մարմնին, երևում էր, որ վախենում է։ Էն երկու հեռու ընկած շներին նույնիսկ չմոտեցավ։ Անգամ մեքենա չկար, որ տանի մարմինները քննչական, ես եմ իմ ավտոյով տարել իրեն ու շան մարմինը»։

Մալաթիայի քննաչականում «Դոգմա» կազմակերպության ներկայացուցիչը պահանջել է, որ փորձագետ հրավիրեն, ինչին ի պատասխան աղջնակին քննիչը հորդորել է, որ նա դուռը փակի հակառակ կողմից։ Իր հեռախոսահամարը քննիչը հրաժարվել է տալ Գոհար Անտոնյանին։

Երեկ, հունվարի 16-ին Անտոնյանը գնացել է Երևան քաղաքի քննչական կոմիտե, Մալաթիայի կուրատոր, ՔԿ նախագահի տեղակալ Թամամյանը մի կերպ համաձայնվել է ընդունել կնոջը և հայտնել է նրան, որ Մալաթիայի քննչականի բաժնից շան մարմինը տեղափոխել են քաղաքապետարանի կենդանիների խնամքի կենտրոն, որտեղ, չգիտես, ինչու, իրականացրել են փորձաքննություն ու եկել եզրակացության, որ կրակոցներ չեն եղել, իսկ շունը մահացել է «ինֆարկտից»։ «Ես զարմանքից քիչ էր մնում ընկնեի աթոռից։ Փաստորեն, ես փամփուշտները, շների արնաշաղախ մարմինները երազում եմ տեսել», – ասում է Անտոնյանը։

Ի՞նչ շահագրգռվածությամբ են քննիչները թաքցնում շների սպանությունը, որքա՞ն գումար են վերցրել և ինչպե՞ս են բաշխել ապօրինի զենքով շրջող հանցագործից ստացված 3-4 հազար դոլարը,ով է գումարը վերցրել հանցագործից ու փոխանցել քննիչներին, հայտնի է միայն իրենց։
Սակայն նկատենք, որ հենց այնպես ոչինչ չի լինում։ Մեր հարցերին դատախազությունից ընդամենը պատասխանեցին, որ դեպքի կապակցությամբ հարուցվասծ է քրեական գործ։ «Նախաձեռնվել է վարույթ՝ 307-ի 1-ին մասով։ Նշանակված է փորձաքննություն։ Այս պահին տվյալ չկա, որ կրակել են փամփուշտով», – ասում է հանրության հետ կապերի բաժնի պատասխանատուն։ Մինչդեռ փամփուշտները երևում են անգամ անզեն աչքով։

Ոստիկանությունից էլ հայտնեցին, որ այն ամեն, ինչ իրենց գործառույթների մեջ էր մտնում, իրենք արել են։ Մենք զանգահարեցինք ՀՈԱԿ, պարզելու համար, թե ինչ իրավունքով է քաղաքապետարանի Կենդանիների խնամքի կենտրոնը, որը կատաղության դեմ պատվաստումներ է իրականացնում և ստերջացնում-կաստրացնում է թափառող կենդանիներին, հանկարծ որոշել համագործակցել քննչական մարմինների հետ և   իրականացնել դատաբժշկական փորձաքննություններ, քանի դատաբժիշկ փորձագետ ունեն, և ունե՞ն արդյոք համապատասխան լիցենզիա քննչական մարմինների հետ աշխատելու համար։

ՀՈԱԿ տնօրեն Հարություն Առաքելյանը քննչականի պետի տեղեկատվությանը հակասող տեղեկություններ  տվեց․ «Կազմակերպությունը երբեք չի արել և չի անում փորձաքննություն», – ասաց նա։

Այդ դեպքում ինչու է Երևանի քննչականի պետի տեղակալ Թամամյանը նշել ՀՈԱԿ-ը,ասելով, որ ՀՈԱԿ-ն է իրականացրել Իսակովի պողոտայում սպանված շան վարույթով փորձաքննությունը։ «Ես չգիտեմ, ով ինչ անուն է տվել, կազմակերպությունը երբեք որևէ կենդանու փորձաքննություն չի արել և չի անում ու առաջիկայում դժվար էլ նման լիազորություն ունենա, քանի որ ոչ օրենքով ունի նման գործառույթ, ոչ էլ պատրաստվում է ունենալ»։

Հարություն Առաքելյանը, սակայն չհերքեց, որ կենդանու մարմինն այրվել է ՀՈԱԿ կողմից։ «Հունվարի 14-ին ոստիկանությունից կազմակերպություն ուղարկվել է կենդանու հերձված դիակ, ոչնչացնելու համար, ինչպես արվում է ցանկացած կենդանու դի, կազմակերպությունն էլ իր գործառույթն իրականացրել է, կենդանու դին ուղարկել է այրման»։

Մեր տեղեկություններով, «ինֆարկտի» մասին եզրակացությունը ոստիկանության կինոլոգն է տվել։ Ո՞վ է այդ կինոլոգը։ Իսկական կինոլոգ, թե կոռուպցիոն  սխեմայի հերթական օղակը։
Ի՞նչ իրավունքով է ոստիկանությունը դեռեւս նախաքննության փուլում գտնվող կենդանու դին, որը չի ենթարկվել, փաստորեն օրինական փորձաքննության, ուղարկում այրման։ Եթե այնուամենայնիվ փորձաքննությունն արվել է, Իսկ եթե հաղորդում տվող անձը կրկնակի փորձաքննություն պահանջի, ի՞նչ են անելու։ Ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանը մեր հարցերին պատասխանելով, ասաց, որ ոստիկանությունը փորձաքննություն չի իրականացնում։ «Դա ամբողջը քննչական կոմիտեի գործառույթների մեջ է։ Այս գործով մենք նյութերը փոխանցել ենք քննչական կոմիտեին», – հայտնեց խոսնակը։

Ո՞վ է ոստիկանության խորհրդավոր «կինոլոգը», որը փորձաքննություններ է իրականացնում ու սպանված կենդանիների մարմինները ինքնագլուխ մարմինները ուղարկելով «Կենդանիների խնամքի կենտրոն», այրման։ «Մեր կլինոլոգը հաստատ չի։ Մենք փորձագետներ չունենք», – հայտնում են ոստիկանության լրատվականից։

«Նաև տեղեկացնում, որ հունվարի 11-ին ժամը 16.08-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Իսակովի 18/11 հասցեում թափառական շների են կրակել, փամփուշտները նրանց  ներսում են: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խմբին կինը հայտնել է, որ հունվարի 10-ի երեկոյան Իսակովի 18/11 հասցեում իր կացարանում է եղել, լսել է կրակոցներ, որից հետո առավոտյան նկատել է, որ շներից մեկը անհետացել է։ Շանը հայտնաբերել է կացարանի հետնամասում սատկած վիճակում և կողքին ուրիշ շուն՝ ևս սատկած վիճակում, իսկ շների վրա առկա են եղել կրակված  տեղեր, իր շանը տեղափոխել է կացարանի դիմացի հատված, իսկ անծանոթ շանը կացարանի հետնամասում թաղել է:  Կազմված փաստաթղթերն ուղարկվելու են քննչական բաժին»։

Հ․Գ․ Այսպիսի զարմանահրաշ պատմություն։ Թե պետական մարմիններից որ մեկն է ստում, ինքներդ որոշեք։ Իսկ մեզ մնում է ավելացնել, որ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածը՝ «Դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ», ակնհայտորեն չի գործում։ Եթե այն ծառայելու էր միայն որպես հարստացման լրացուցիչ հնարավորություն քննիչների ու  նրանց միջնորդ-ոստիկանների համար՝ ներկա ու  նախկին, ապա ինչո՞ւ այն մտցվեց։ Ավելի լավ չէ՞ր ընդունել, որ մենք վայրի, ոչ դեմոկրատական, քաղաքակիրթ աշխարհից մղոններով հեռու երկիր ենք, որը չի առաջնորդվում ոչ իրավունքի,  ոչ հումանիստական սկզբունքներով։ Այդպես գոնե անկեղծ կլինեինք։