14/02/2025

«Իսկ ինչո՞ւ ոչ ծանոթով»․ Գալյանը պաշտոնի է նշանակել Ռուստամ Բադասյանի մտերիմին․ Լուսանկար

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը երեկ նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղար է նշանակել Էդգար Հովսեփյանին։

https://mediahub.am/ – Նրա մասին մենք գրել էինք, որ վերջինս ՊԵԿ նախկին նախագահ, Գալյանի մտերիմ Ռուստամ Բադասյանի կադրն է, ու թեև այս հաստիքը մրցույթով է, բայց Բադասյանի միջնորդությամբ Գալյանը հակված է մրցույթով հաղթող ճանաչել հենց նրան։

Էդգար Հովսեփյանը Բադասյանի՝ արդարադատության նախարար եղած շրջանում ԱՆ գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության պետն էր, իսկ երբ Բադասյանը տեղափոխվել է ՊԵԿ, Հովսեփյանին իր հետ տարել է արդեն ՊԵԿ՝ դարձյալ նույնանման պաշտոնի։ Հիմա էլ նրան նորից հետ են ուղարկում արդարադատ։ Ու թեև տիկին Գալյանը ավելի վաղ MediaHub-ին ասել էր, թե պետք է մրցույթ լինի, և մրցույթի արդյունքներով նոր կորոշվի հաղթող թեկնածուն, բայց բոլորի համար ի սկզբանե պարզ էր, որ հենց Էդգար Հովսեփյանն է հաղթելու այդ մրցույթում։

«Իսկ ինչո՞ւ ոչ ծանոթով»․ Գալյանը պաշտոնի է նշանակել Ռուստամ Բադասյանի մտերիմ մարդուն 

Նշենք, որ մրցույթին մասնակցելու համար ի սկզբանե դիմել էր 12 անձ, որից գրավոր փուլը հաղթահարել է հինգ մասնակից։ Բայց նրանց միջից բանավոր փուլը, բնականաբար, պետք է հաղթահարեր հենց Էդգար Հովսեփյանը, որովհետև նրա համար միջնորդել էր Գալյանի մտերիմ Ռուստամ Բադասյանը, որի կադրերով է հենց փորձում նախարարությունը համալրել Սրբուհի Գալյանը։

Ուշագրավ է, որ երբ նրան հարցնում ենք, թե ինչո՞ւ են ուժային կառույցներում կանայք նշանակվում, օրինակ՝ Քրեակատարողական ծառայության պետ ինչո՞ւ է իր ընկերուհուն՝ Ծովինար Թադևոսյանին նշանակել, Գալյանը զարմանում է, թե՝ «իսկ ինչո՞ւ ոչ կին», ու սկսում է թվարկել կանանց առավելությունները։ Հիմա էլ, երբ հարցնենք, թե ինչո՞ւ է իր մտերիմ Ռուստամ Բադասյանի առաջարկած մարդկանց ծանոթի կարգով մրցույթով «անցկացնում» ու նշանակում պաշտոնի, Գալյանը թերևս պատասխանի․ «Իսկ ինչո՞ւ ոչ ծանոթով»։

Իսկապես, ինչո՞ւ նշանակել անծանոթ մեկին պաշտոնի, եթե կարող ես նույն «բաց ու թափանցիկ» մրցույթով քո ուզած պաշտոնին նշանակել քո ծանոթին կամ ծանոթի ծանոթին՝ ինչ-որ բանի, ասենք՝ նախկինում արած լավությունների դիմաց։

Վահե Մակարյան