«Առավոտի» ընթերցողներից մեկն արձագանքել է թերթի խմբագրի «Արժանապատվություն vs մանր վրեժխնդրություն» հոդվածին: Ստորեւ բերում ենք այդ արձագանքն ամբողջությամբ: Ես կարդացի Ձեր սյունակը հայ հասարակության ֆիասկոյի մասին: Ամբողջությամբ կիսում եմ Ձեր ուղերձը եւ մտքերը:
Միայն թե վախենում եմ, որ այլեւս գոյություն չունի այնպիսի էություն, ինչպիսին է հայ հասարակությունը: Չկա այն չափանիշը, որով կարելի է միավորել ազգը, ոչ թե էթնոսը, որպես հասարակություն: Մինչեւ հեղափոխությունը նման միավորող չափանիշն էր 90-ականների հաղթանակների համար պատասխանատվությունը: Եվ ոչ միայն մարտի դաշտում. մենք պետականություն ենք ունեցել՝ ծուռտիկ-մուռտիկ, պրիմիտիվ, բայց ունեինք:
Կային մարդիկ, որոնք ուզում էին դրան առնչվել եւ առնչվում էին: Նույնիսկ նրանք, ովքեր այն ժամանակվա իշխանություն ընդդիմությունն էին: Հիմա այդ հանրությունը չկա եւ, վախենամ, այլեւս չի լինի: Երբ պատերազմից հետո ես «Առավոտում» ուզում էի գրել հոդված, սկսեցի նրանից, որ նիկոլական իշխանության իրական թշնամին արժեքներն են:
Կարեւոր չէ, թե ինչպիսի՝ պահպանողական, ազատական, հայրենասիրական, թե կոսմոպոլիտական: Արժեքները (կամ սկզբունքները) այն են, ինչին մենք հետեւում ենք, երբ օբյեկտիվորեն, զուտ պրագմատիկ առումով դա ձեռնտու չէ:
Հիմա մենք՝ նկատի ունեմ Ձեզ, ինձ, ինտելեկտուալների եւս ինչ-որ քանակություն, հետեւում ենք ինչ-որ բարոյական կանոնների: Դրանք ի հայտ են գալիս միայն ու միայն այն ժամանակ, երբ մարդ հարստանում է իմաստներով եւ ունակ է ռեֆլեքսիայի:
Մեր հասարակությունը, որի մասին Դուք գրում եք, իմաստներ չի գիտակցում եւ ռեֆլեքսիայի ընդունակ չէ: Նիկոլը դա խրախուսում է՝ քաջ գիտակցելով, որ դա իր’ իշխանությունում գտնվելու գրավականն է: Այլ կերպ ասած, մեր հասարակության մեջ կոնֆլիկտը դասակարգային է:
Մարդիկ տեսնում են, որ դատաստան է իրականացվում իրենց դասակարգային թշնամիների, իրենց համար խորթ արժեքներ կրողների հանդեպ՝ այն մարդկանց հանդեպ, որոնց թույլատրված է ատել: Եվ նրանք ԱՏԵԼՈՒ ԵՆ:
Ոչ միայն այն պատճառով, որ դա այսօր թույլատրված է, այլեւ այն պատճառով, որ ահա այս անասնացումն է այսօրվա մեյնսթրիմը: Նիկոլն անկեղծ է: Նա սիրում է նրանց՝ ինչպիսին որ նրանք կան, եւ այդ սերը փոխադարձ է: Իսկ մենք այստեղ այլեւս անելիք չունենք:
Բաց մի թողեք
ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիան հարկային փոփոխությունների դեմ. ՈՒՂԻՂ
Հայաստանը չի կարող կանգնեցնել հանցագործությունների հետաքննությունը, որոնք կատարվել են հայերի դեմ 2021 թ. մայիսից
Իրենք իրենց ուզածին հասան, մենք էլ մեր ուզածին հասանք՝ Արցախի դրոշը կա, կանգուն է․ Լուսանկար