13/02/2025

Այդ ով էր խոսում կրթվելու մասին

Անցյալ տարեվերջին կրթվելու կոչ անող Հակոբյանն Աննան չէ՞ր իմանում, որ ԲԴԽ գիտնական անդամի դերում իր ամուսնու կողմից առաջարկվելու է հայհոյախոս մեկը: Թե՞ հայհոյախոս լինելը խնդիր չէ եւ կրթվելու կարիք չի ենթադրում:

Կներեք, ոչ թե հայհոյախոս, այլ հայհոյագիր մեկը, ինչն ավելի հեռու է կրթված լինելու հանգամանքից, քան առաջինը: Որովհետև հայհոյախոսի դեպքում վկաներ կարող են հանդիսանալ միայն նրանք, ովքեր լսել են այն: Իսկ եկրորդի դեպքում կարող է վկայություն տալ համացանցի հայկական հատվածը: Ու դրան տեղյակ կլինեն հազարները

: Իսկ հիշելը ջնջել հնարավոր չէ, ինչպես ջնջնվել է ֆեյսբուքյան հայհոյախառն էջը: Այն էջը, որը դրա օգտատեր Ա. Սիրունյանի կողմից ներկայացվել է որպես խմբային էջ: Այսինքն, տարբեր մարդիկ կարող են տարբեր հայհոյախառն արտահայտություններ գրել այդ էջում վերջինիս անվան ներքո:

Ու դա իրեն որևէ ձևով չի անհանգստացրել մինչև որպես ԲԴԽ անդամի թեկնածու հանդես գալը: Ավելի անգրագետ հիմնավորում ես երբեք չէի լսել: Ու այս անձը ժամանակին դատախազ է եղել, հետո վերածվել է փաստաբանի, ինչպես նաև քսան տարուց ավելի դասավանդում է համալսարանում: Ինչը շատ ավելի զարմանալի է:

Ենթադրում եմ, որ համալսարանի իրավաբանականում դաավանդող նորմալ իրավաբանները չեն ցանկացել ծառայել գործող իշխանություններին: Ու ստիպված ընտրությունը կանգ է առել հայհոյագիր անձի վրա: Իսկ որ ԲԴԽ անդամ դառնալը նշանակում է ծառայել ոչ թե օրենքին ու օրինականությունը, այլ անձամբ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին, կարծում եմ, չպետք է կասկածող լինի: Եթե նույնիսկ լիներ, ապա Ջհանգիրյան Գագիկի խոստովանությունից հետո երևի միայն լուսնից իջած հումանոիդը կկասկածեր դրանում:

Իսկ Ջհանգիրյանն էլ, հիշեցնեմ, ԲԴԽ նախագահ եղած ժամանակ խոստովանել էր, որ վզին դրված է ինչ-ինչ (տվյալ դեպքում էական չէ, թե կոնկրետ ինչ) հարցում իր նախորդին համոզելու պարտականությունը: Իսկ ով կարող էր ինչ-որ բան դնել նրա վզին՝ եթե ոչ  վարչապետի աթոռից կառչած անձը: Ինչևէ, այն հանգամանքը, որ ընտրվել է հենց Սիրունյանը, ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է ցածրացել գործող իշխանության բարոյական կերպարը: Ու որքան ծիծաղելի են կրթվելու վերաբերյալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կնոջ գրառումները:

Բայց այդ երևույթը ոչ միայն ծիծաղելի է, այլ վերին աստիճանի վտանգավոր հասարակության համար՝ բարոյականության տեսակետից: Քանի որ իշխանություն ունեցող անձինք դառնում են օրինակելի ողջ հանրության համար: Տվյալ դեպքում ստիպված ենք արձանագրել, որ այն ունի բացասական ուղղվածություն:

Ու ոչ այնքան գրագետ ու խելացի մարդիկ, իսկ դրանք կազմում են հասարակության մեծամասնությունը, իրենց զավակներին դաստիարակում են հենց այդ բացասական օրինակներով: Ի վերջո, եթե վերևներում խոսում են ինքնակրթվելու մասին, սակայն պետական կարևոր պաշտոնի է նշանակվում հայհոյագիր մեկը, ապա մարդիկ տեսնում են, չէ՞, երկակի չափանիշների առկայությունը:

Ու այդ օրինակներով էլ «դաստիարակում» են իրենց զավակներին: Իսկ սերունդ փաչացնելը շատ հեշտ է, բայց բազմակի անգամ դժվար է այդ սերունդը վերակրթելը: Եթե, իհարկե, ընդհանրապես հնարավոր է:

Ինչևէ, վերադառնալով հայհոյագիր անձին, կարծում եմ, որ վերջինս կնշանակվի ԲԴԽ գիտնական անդամ, քանի որ ՔՊ-ականները բավարար ձայներ ունեն դրա համար Ազգային ժողովում: Ինչը վկայում է, որ սուտ խոսելու համար (բազմաթիվ այլ խնդիրների հետ մեկտեղ) Սերժին մերժող հասարակությունն այսօր վերածվել է բոլոր մարդկային թերությունները հանդուրժող զանգվածի:

Վախթանգ Սիրադեղյան; hraparak.am