16/02/2025

ԱԺԲ-ականներին քննչական են կանչում Աննա Հակոբյանի հասցեին ռեպլիկների համար

Իրավապահները թիրախավորել են Ժիրայր Սեֆիլյանի «Ազգային ժողովրդական բևեռի» անդամներին․ նրանց վերջին օրերին կանչում են քննչական մարմիններ՝ հարցաքննության կամ բացատրություն տալու։ Նրանցից մեկին՝ Գեւորգ Սաֆարյանին էլ այսօր են հրավիրել ՔԿ՝ հարցաքննության՝ 2024 թվականի «ապրիլի 24»-ի գործով։

Հիշեցնենք՝ ԱԺԲ մի խումբ անդամներ և այլ քաղաքացիներ 2024-ի ապրիլի 24-ին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վանկարկումներով էին դիմավորել վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին և վիրավորական կոչեր հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Հարուցվել էր քրեական գործ, 7 անձ ձերբակալվել էր ատելության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու և դրանք տարածելու համար։

Գեւորգ Սաֆարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ այս դեպքով ԱԺԲ-ի անդամներ են հրավիրվել ՔԿ․ «Տվյալ դեպքը, որի մասով քրեական գործ են հարուցել, որի վերաբերյալ ԱԺԲ-ի անդամներին հրավիրում են, տեղի է ունեցել ապրիլի 24-ին։ ԱԺԲ-ի անդամները եւ այլ քաղաքացիներ գտնվում էին Ծիծեռնակաբերդում, սկսեցին վանկարկել «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, ցեղասպան», եւ այս վանկարկումների հիմքով  հարուցվել է քրեական գործ։ Գիտեմ, որ էլի մարդկանց են հրավիրել»։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա ապրիլից մինչ այսօր այս գործով որեւէ նախաքննական գործողության չեն կանչվել․ «Ակնհայտ է դառնում, որ վերևից հրահանգ է եկել՝ այդ դեպքը հանել, քրեական գործ հարուցել եւ սկսել լայնածավալ ԱԺԲ-ի աջակիցներին հրավիրել քննչական կոմիտեներ, քրեական գործեր հարուցել, այսինքն, ակնհայտ է, որ գործողության մեջ որեւիցե քրեական հատկանիշ չկա, ամիսներ հետո սրա մասին խոսել են, որովհետեւ քաղաքական իշխանությունը հրահանգել է ճնշումներ իրականացնել ԱԺԲ-ի նկատմամբ»։

Քննչական կոմիտեից այս գործի, հարցաքննությունների վերաբերյալ մեզ միայն փոխանցեցին․ «Նախաքննությունը շարունակվում է, հարցաքննությունների վերաբերյալ չենք կարող տեղեկատվություն փոխանցել այս պահին»։

Նշենք, որ նույն հոդվածով՝ (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելուն) քրեական վարույթ է նախաձեռնվել թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանի նկատմամբ։