13/02/2025

Ընտրել, թե՝ մերժել Սիրունյանին․ ՔՊ-ում տատանվում են

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի շուրջ աղմուկն իշխանական պատգամավորներին անհարմար դրության մեջ է դրել․ նախօրեից ՔՊ-ում բուռն քննարկումներ են ընթանում:

Հրապարակ թերթը գրել է․ Չեն կողմնորոշվում՝ մերժե՞լ, թե՞, այնուամենայնիվ, ընտրել սեփական թեկնածուին, որի վերաբերյալ քննարկումը խորհրդարանում անցավ բուռն մթնոլորտում։

Իշխող կուսակցության անդամությունից դեռ չհրաժարված փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը քաղհասարակության եւ ընդդիմության կողմից սուր քննադատության է արժանացել։ Գաղտնիք չէ, որ սորոսական ՀԿ-ները, որ վերջին տարիներին բառի բուն իմաստով կառավարում են Հայաստանի ուժային կառույցները, որոշում կադրային քաղաքականությունը, ԲԴԽ-ն էլ են ուզում բացառապես յուրայիններից ձեւավորել, ուստի բնական է, որ Սիրունյանը, որը սորոսական շրջանակների հետ որեւէ առնչություն չունի, հայտնվելու էր նրանց թիրախում։

«Ալեքսանդր Սիրունյանն աչքի է ընկել անպարկեշտ հանրային վարքագծով եւ բացասական բարեվարքությամբ, ինչը կարող է բացասաբար ազդել դատական իշխանության եւ Բարձրագույն դատական խորհրդի հեղինակության եւ հանրային վստահելիության վրա»․ այսպիսի գնահատական է հնչեցրել հայաստանյան շուրջ 20 հասարակական կազմակերպություն, պահանջելով իշխանություններից՝ հետ կանչել Սիրունյանի թեկնածությունը կամ ձեռնպահ քվեարկել։ «Այս թեկնածուի ոչ պատշաճ վարքագիծը եւ բառապաշարը հանրային տիրույթում կրում է մշտական եւ շարունակական բնույթ եւ անհամատեղելի է բարեկրթության սկզբունքներին։ Ավելին, Ալեքսանդր Սիրունյանն ակնհայտ խտրական վերաբերմունք է դրսեւորում ըստ անձանց ծագման՝ իր հանրային խոսքով եւ սոցիալական ցանցերում կատարած գրառումներով վիրավորական արտահայտություններ կատարելով եւ ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ։

Այս թեկնածուի առաջադրումը վերստին հիմնավորում է դատական իշխանության պաշտոններում ընտրությունների եւ նշանակումների իրականացումը քաղաքական նպատակահարմարությամբ իրականացնելու՝ քաղաքական իշխանության միտումը՝ վտանգելով ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի, այլեւ ողջ դատական իշխանության ապաքաղաքական լինելու կարեւորագույն սկզբունքը, հեղինակությունն ու վստահելիությունը, ինչպես նաեւ՝ գործունեության արդյունավետությունը»,- նշված է հայտարարությունում։

Սիրունյանը համացանցում հայտնի է ի պաշտպանություն իշխանությունների հայհոյախառն գրառումներով: Նա ե՛ւ արցախցիների դեմ է գրել, ե՛ւ կաթողիկոսի, ե՛ւ ընդդիմության։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, ուսումնասիրելով թեկնածուի հրապարակումները, բացասական կարծիք է տվել նրա բարեվարքության հետ կապված։ Ուշագրավ է, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ ակամայից միացավ սորոսականներին, եւ լայնամասշտաբ գրոհ ձեռնարկեցին նախկին դատախազի դեմ: Խորհրդարանում ով չալարեց, հարց ուղղեց ու ելույթ ունեցավ, ասես հենց Սիրունյանն է հանձնել Արցախը, Հայաստանը դարձրել սակարկությունների առարկա եւ մենմենակ էլ երկրում ատելության մթնոլորտ է սերմանել ու պառակտում մտցրել։

ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկման ժամանակ Սիրունյանն այդպես էլ չպատասխանեց իր գրառումներին վերաբերող հարցադրումներին եւ ափսոսանքի խոսք չհայտնեց իր պահվածքի համար։ Իշխանական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը միակն էր, որ փորձեց պաշտպանել իրենց առաջադրած թեկնածուին: «Կուսակցական պատկանելությունով ՔՊ-ական է՝ բերում տեղավորում են…. ճիշտն ասած՝ 2018 թվականին, երբ դուք իշխանության հետ կոալիցիա էիք կազմում` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, էդ ժամանակ եթե ունեիք, օրինակ, Գեղարքունիքում մարզպետ, գեթ մեկ պաշտոնյան մարզպետի ենթակայությամբ չի նշանակվել գործի, որը դաշնակցական չի եղել»,- Գրիգորյանը մեղադրանքներ ուղղեց ՀՅԴ-ին: Իսկ Հայկ Կոնջորյանն իր ելույթի մեծ մասը նվիրեց նախկինների թալանին, ընդդիմադիրներին հիշեցրեց, որ նախկինում էլ իրենք են առաջադրել թեկնածուներ, որոնք տարբեր ժամանակներում հայհոյանքներ, գուցե վիրավորանքներ են հնչեցրել Հայաստանի քաղաքացիների հասցեին:

Փոխարենը մի խումբ ՔՊ-ականներ, որոնք գրանցվել էին` ելույթ ունենալու համար, այդպես էլ ելույթ չունեցան՝ Վահագն Ալեքսանյանը, Վաղարշակ Հակոբյանը, Վլադիմիր Վարդանյանը։ Մեր տեղեկություններով՝ իշխող խմբակցությունում բուռն քննարկումներ են ծավալվել Սիրունյանին ընտրել-չընտրելու հարցի շուրջ, խմբակցությունը դեռ որոշում չունի: Երեկ մինչեւ անգամ ԱԺ նախագահի մակարդակով հայտարարվեց, որ երբ լինի որոշում, կհայտարարեն այդ մասին։ Ենթադրվում էր, որ երեկ պետք է քվեարկություն տեղի ունենար, բայց իշխող թիմում ընդհանուր հայտարարի չգալով, որոշել են հետաձգել, հավանաբար՝ սպասում են Փաշինյանի հրահանգին:

Կա վարկած, որ Սիրունյանը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի թեկնածուն է, թեկնածու դառնալուց առաջ նա մասնակցել է տիկնոջ կազմակերպած «կրթվելը նորաձեւ է» հավաքներին, ուստի հենց այդ պատճառով է առաջադրվել։ Ի դեպ, իշխանականներից շատերը քննարկման ժամանակ են բացահայտել Սիրունյանի յոթհարկանի գրառումներն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական եզրակացությունը։ Չնայած Սիրունյանն այդ գրառումները ջնջել է եւ նոր էջ բացել համացանցում: