«Երկար ժամանակ իր իսկ ցանկությամբ հայրս Բաքվից Կարմիր խաչի միջոցով տեսագրություններ չէր ուղարկում, ասում էր՝ «ի՞նչ իմաստ կա, ամեն չորեքշաբթի խոսում եմ, դա էլ է բավական»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի Ներքին Սզնեք գյուղից գերեվարված Մելիքսեթ Փաշայանի դուստրը՝ Զարինեն։
Օրերս Բաքվից հրապարակված դատավարության կադրերում տեսել են Մելիքսեթին։ Դստեր խոսքով՝ ի համեմատ մյուսների՝ հոր տեսքը վատ չի եղել։ Իսկ Բաքվից այսօր Մելիքսեթից հերթական զանգն են ստացել։
«Բաքուն այս ավանդույթը չի խախտում և մենք գոնե կարողանում ենք լսել մեր հարազատի ձայնը։ Քիչ առաջ ենք խոսել, ասում է, որ լավ է, ու ինչպես և մենք, ինքը ևս սպասում է դատավարության ավարտին, որը չգիտենք երբ կլինի։ Բայց հորս խոսքով՝ այն դեռ կշարունակվի առաջիկա 3 ամիսներին»,-նշեց Զարինե Փաշայանը։
Մելիքսեթ Փաշայանն իր 3 համագյուղացիների հետ գերեվարվել է Ասկերանի վերին ենթաշրջանից և արդեն մեկ տարուց ավելի է գտնվում է ադրբեջանական բանտում՝ Արցախի առաջին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ միևնույն խցում։
«Մեր ընտանիքը մեծ հույս ունի, որ դատավարությունը կավարտվի և հայրս կմիանա մեր ընտանիքին։ Ոչ միայն ակնկալում եմ, որ այդպես կլինի, այլ վստահ եմ։ Շատ ենք կարոտել»,-եզրափակեց դուստրը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ Ներքին Սզնեքը տարհանելու խնդիր է եղել, Մելիքսեթի հարազատ եղբորը՝ հաշմանդամություն ունեցող Մավրիկ Փաշայանին և համագյուղացի Նվարդին ադրբեջանցիները բռնել են Կարմիր գյուղի անտառներում, վիրավորել հրազենից, տեղափոխել Շուշի ու մի քանի օր շարունակ ծեծի ենթարկել։ Ավելի ուշ Մավրիկն ու Նվարդը հանձնվել են հայկական կողմին։ Սակայն, սզնեքցի 4 տղամարդու՝ Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալավերդյանին ու Գուրգեն Ստեփանյանին Ադրբեջանը գերեվարել ու տեղափոխել է Բաքու։
Հունան Թադևոսյան; MediaHub.am
Բաց մի թողեք
Վարորդներն իրենց կամքով են «գազազած» հարձակվում քաղաքացիների վրա, ինչը տրամաբանական չէ
Մի կողմից պետությունն է հարստահարում քաղաքացուն, մյուս կողմից՝ տնտեսվարողները
Եթե իր ասելով՝ այդ փաստաթղթերը չկան, ինչպե՞ս է հայտարարում, որ բոլոր փաստաթղթերը եղել են Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին