Անապահովության գնահատման նոր համակարգը, որը նախ փորձարկելու են Կոտայքի եւ Սյունիքի մարզերում, էապես տարբերվում է մինչ օրս եղածներից։ Այդ նպաստները ստանալու իրավունք կունենան այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվով ամսական եկամտի չափը պարենային զամբյուղից, այսինքն՝ 34 հազար 581 դրամից ցածր է։
Հրապարակ թերթը գրել է․ Աշխատունակ անձը նպաստ կարող է ստանալ միայն այն դեպքում, եթե տեղավորվի աշխատանքի։ Նրա` նպաստ ստանալու դիմումը դիտարկվելու է որպես աշխատանքի ընդունվելու հայտ: Այս պահանջի հետ կապված՝ մի քանի հարց ուղղեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանին, որը համակարգում է աշխատանքի տեղավորման, զբաղվածության ծրագրերը եւ նմանատիպ այլ հարցեր։
– Նախարարությունը քաղաքացուն աշխատանք է առաջարկելու, բայց եթե քաղաքացին ինչ-ինչ պատճառներով չցանկանա ընդունել այդ առաջարկը, ի՞նչ է լինելու, քանի՞ առաջարկ պետք է անի նախարարությունը։
– Խոսքը ոչ միայն ուղիղ աշխատանք առաջարկելու մասին է։ Կանխատեսում ենք, որ կլինեն մարդիկ, որոնք միանգամից չեն կարողանալու մուտք գործել աշխատաշուկա, քանի որ, ասենք, ցածր մրցունակություն ունեն, այլ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Այդ իսկ պատճառով մի քանի մոդել կա։ Առաջինն ուղիղ ուղղորդելու ճանապարհով է, երբ որ մարդը պատրաստ է, ցանկություն է հայտնում՝ առկա թափուր հաստիքները զբաղեցնելու, որոնք մենք իրեն ներկայացնում ենք։ Երկրորդ սցենարը, երբ որ սկզբից գնահատվում են քաղաքացու կարողությունները, առաջարկվում է որեւէ ծրագրով սկսել մուտք գործել աշխատաշուկա։ Այս պահի դրությամբ կա երկու ծրագիր, որոնից մեկը միտված է մարդուն մրցունակ դարձնելու, ուսուցում, պրակտիկա բաղադրիչներով։ Այսինքն՝ մոտեցումը հետեւյալն է․ տվյալների համադրության արդյունքում նաեւ գործատուն պետք է ցանկանա աշխատողին հետագայում աշխատանքի ընդունել։ Որոշակի գիտելիքների պակաս լինելու դեպքում գործատուն առաջարկում է անցնել ուսուցում, այն գիտելիքները ստանալ, որոնք գործատուն է նախընտրում, որից հետո անպայման քաղաքացուն աշխատանքի է վերցնելու տվյալ գործատուն։ Երկրորդ սցենարը, երբ որ մարդիկ ունեն գիտելիք, բայց պրակտիկ հմտությունների պատճառով չեն կարողանում աշխատանքի ընդունվել։ Այս դեպքում քաղաքացին պրակտիկա է անցնում, պայմանով, որ դրանից հետո անպայման նույն գործատուի մոտ սկսելու է աշխատել։ Մյուս գործիքը վարձատրվող հասարակական աշխատանքներն են։ Ըստ էության, պրակտիկայի եւ ուսուցման մոդելը մենք արդեն որպես ծրագիր իրականացնում ենք պատերազմի մասնակից եւ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածների համար։ Նմանատիպ ծրագիր իրականացնում ենք նաեւ Արցախից բռնի տեղահանվածների համար: Այսինքն, մոդելները կան, մշակված են, արդյունավետությունն առկա է, ինչը հնարավորություն կտա անմիջապես մտնել աշխատաշուկա եւ տնտեսապես կայուն լինել։ Հետագայում արդեն առանձին կքննարկվի՝ ինքը շարունակո՞ւմ է աջակցություն ստանալ, աջակցության տեսակները։ Բոլոր դեպքերում, մենք հստակ փորձից ելնելով, եւ ուսումնասիրությունները դա են ցույց տալիս, որ մարդիկ դիմում են որեւէ աջակցության՝ մի քանի պատճառներով, որոնցից մեկը ցածր մրցունակությունն է, աշխատանք չգտնելը, էս պարագայում պետությունը երաշխիքներ է ապահովում։
– Մոտավորապես քանի՞ աշխատունակ նպաստառու եք ունենալու, հաշվարկ ունե՞ք, թե քանի մարդու պետք է պատրաստել, կրթել կամ աշխատանքով ապահովել։
– Այո, հաշվարկ ունենք։ Այսօրվա դրությամբ մեզ մոտ կան նախնական տվյալներ։ Զբաղվածության ռազմավարության մեջ ընդհանուր հանրապետության մակարդակով մենք ունենք աշխատունակ նպաստառուներ՝ մոտ 29 հազար, որոնք տարբեր սոցիալական պատճառներով աշխատանքի չեն անցել կամ այս պահի դրությամբ չունեն աշխատանք։
– Կոտայքի եւ Սյունիքի մարզերում, որտեղ պիլոտ եք անելու, քանի՞ գործազուրկի եք ապահովելու աշխատանքով։
– Շատ մոտավոր թիվ եմ ասում՝ մոտ 3 հազար մարդու մասին է խոսքը։
Փոխնախարարն ուղիղ տեքստով չասաց, թե ինչ է լինելու, եթե նախարարության առաջարկած աշխատանքը մարդուն դուր չգա։ Պարզ է, որ այս դեպքում նա զրկվելու է նպաստից, որովհետեւ Նիկոլն ասել է․ «Եթե դու չես ուզում աշխատել, աղքատությունը քո ընտրությունն է»։ Նկատենք, որ 2024 թվականին Հայաստանում պաշտոնապես գրանցվել է 39 հազարից քիչ ավելի գործազուրկ, ինչը կազմում է ընդհանուր աշխատուժի 2,9%-ը։ Այլ կերպ ասած՝ կառավարության հաշվարկների հիմքում գրանցված գործազուրկների քանակն է, որը չի արտացոլում իրական գործազրկությունը եւ իրական աղքատությունը։
Բաց մի թողեք
Վարորդներն իրենց կամքով են «գազազած» հարձակվում քաղաքացիների վրա, ինչը տրամաբանական չէ
Մի կողմից պետությունն է հարստահարում քաղաքացուն, մյուս կողմից՝ տնտեսվարողները
Եթե իր ասելով՝ այդ փաստաթղթերը չկան, ինչպե՞ս է հայտարարում, որ բոլոր փաստաթղթերը եղել են Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին