13/02/2025

Դավոսից Փաշինյանն ինչ նոր զիջումներով Երեւան կգա

Դավոսի ինտրիգը՝ Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման լինել-չլինելու հարցը, նյութը պատրաստելու պահին դեռ պահպանվում էր։

Հրապարակ թերթը գրել է․ Մինչ մասնագետները կանխատեսումներ են անում, թե Դավոսից Փաշինյանն ինչ նոր զիջումներով Երեւան կգա, համաշխարհային տնտեսական ֆորումի պանելային քննարկմանը նա, կարճ ժամանակով բլոգերական տեսախցիկը ձեռքից վայր դրած, «Խաղաղության խաչմերուկ» մեծագոչ անունով նախագիծն է ներկայացրել, ասել, որ խոսքը տրանսպորտային հաղորդակցություններ ստեղծելու մասին է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հետ ու համագործակցությունը խորացնելու Իրանի ու Վրաստանի հետ: Փաշինյանն ավելի հեռուն է գնացել, հասել է ԵՄ, թե «եթե այս ծրագիրն իրականություն դառնա, մենք կունենանք նոր շղթայական երթուղիներ Հայաստանով Եվրամիության համար»։

Եվ այս հավակնոտ տեքստը նա արտասանում է այն դեպքում, երբ փաստացի Հայաստանը տարածաշրջանային բոլոր նախագծերից դուրս մնացած վիճակում է։ Փաշինյանն ասել է, թե իր նախագիծը կաշխատի, երբ կայուն խաղաղություն հաստատվի Ադրբեջանի հետ։ Իրեն մեծ ստրատեգ ու դիվանագետ երեւակայելով, երկրի արտաքին քաղաքականությունը տապալած, դաշնակիցների հետ հարաբերությունները կրիտիկականի հասցրած ու նոր դաշնակիցներ չգտած այս մարդը, որը վաղուց վաստակել է անհուսալի գործընկերոջ պիտակը, հայտարարել է, թե «կասկածելիորեն թափանցիկ ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ»։

«Այո, մենք որոշել ենք մերձենալ Եվրամիությանը, բայց մենք շատ ինտենսիվ փորձում ենք մեր դիրքորոշումը կիսել Իրանի հետ։ Մենք փորձում ենք շատ ակտիվորեն կիսել մեր դիրքորոշումը Ռուսաստանում եւ մեր բոլոր գործընկերների հետ»,- Դավոսում հայտարարել է Փաշինյանը, Հայաստանի եվրոպական ձգտումները փաթեթավորել ժողովրդավար լինելու հեքիաթներով, ասել, որ մեծ հավանականություն կա, որ ԱԺ-ն կընդունի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը, ու նշել, թե փոփոխությունների ժամանակները բերում են հսկայական սպառնալիքներ, որոնք պետք է կառավարել։

ԵՄ թեքվելու մասին նրա հայտարարությունն արվում է ի հեճուկս այն փաստի, որ, ըստ էության, երկու-երեք օր առաջ իր արտգործնախարարը Մոսկվա, իսկ նրա տեղակալը Թեհրան էին կանչվել՝ նույն այս հարցերով բացատրությունների, ու Միրզոյանն էր Լավրովի առջեւ կմկմում, թե ԵՄ անդամակցության նախաձեռնությունը քաղհասարակությանն է, ու օրինագծում ոչ մի ժամանակահատվածի, կոնկրետ մեխանիզմների մասին խոսք չկա։ Ուշագրավ է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան խուսափել էր հստակ պատասխանել՝ արդյո՞ք Լավրովն ու Միրզոյանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում ընդհանուր հայտարարի եկել են, թե ոչ։

«ՌԴ փոխվարչապետի հայտարարությունները՝ Հայաստանի կողմից ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին, հիմնված են տնտեսագիտության օրենքների վրա։ Հետեւաբար, ճիշտ չէ քննարկել, թե արդյոք երկու երկրների արտգործնախարարներն այս համատեքստում փոխզիջման հասե՞լ են վերջին բանակցությունների ընթացքում: Հարցը միայն կարելի էր քննարկել, եթե Օվերչուկի հայտարարությունները քաղաքական լինեին»,- նախօրեին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Զախարովան։

Իսկ Օվերչուկի հայտարարությունը, ինչպես հիշում ենք, հստակ էր․ Հայաստանի ԵՄ եւ ԵԱՏՄ անդամակցությունն անհամատեղելի համարելով՝ Երեւանի քայլը ռուս պաշտոնյան համեմատել էր «Տիտանիկի» տոմս գնելու հետ։ Ու որքան էլ Ռուբեն Ռուբինյանն այս ձեւակերպումը սխալ համարի, վիճակագրությունը հաստատում է նրա թիմակից Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար տնտեսական առումով ձեռնտու կառույց է։