Համընդհանուր հայտարարագրումը միջին վիճակագրական քաղաքացին ընկալում է որպես հերթական դաժան փորձություն։ Մեխանիզմը բարդ է, խճճված, անհարմար։ Վերցնել նույնականացման քարտ, բջջային օպերատորից ստանալ էլեկտրոնային ստորագրություն, բանկից վերցնել վերջին տարվա ֆինանսական հոսքերի քաղվածքը, մտնել ՊԵԿ-ի կայք, «չհարկվող եկամուտներ» դաշտում լրացնել բանկի քաղվածքով երեւացող բոլոր «պլյուսները»։
Հնարավոր է՝ կասկածելի մեծ ու պարբերաբար ստացված գումարներից, ՊԵԿ-ը հարկ ուզի։ Սփյուռքից ուղարկված գումարից 2025-ի հունվարի 1-ից սկսած, եւս հարկ ենք վճարելու։ Իսկ մի քանի օր առաջ էլ, երբ օրենքն արդեն ուժի մեջ էր մտել, ՊԵԿ-ը որոշեց չհարկվող եկամտի շեմ սահմանել 300 հազար դրամը։ Նոր ռեֆորմի մասին զրուցեցինք ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ։
– Օրենքը բոլորի վրա է տարածվում, ու անհրաժեշտ էր շատ ինտենսիվ իրազեկել մարդկանց, ինչը չի արվել։ Ներդրման ձեւն ինչպե՞ս եք գնահատում։
– Ներդրման ձեւի հետ, կարծում եմ, խնդիր չկա, որովհետեւ օրենքի փոփոխությունը կատարվել է դեռեւս մի քանի տարի առաջ։ Ժամանակացույցը եղել է, այսինքն՝ սրանից դեռ 2 տարի առաջ բոլորն իմացել են, որ աստիճանաբար այս օրենքն ուժի մեջ է մտնում։ Կար ներդրման երեք ամսաթիվ՝ 24 թ. հունվարի 1, 25 թ. հունվարի 1 եւ 26 թ. հունվարի 1։ Լայն իրազեկում՝ կետ առ կետ, իրազեկման նամակներ, տեսանյութեր, 2023-ին իրականացվել է, այդ նյութերում մանրամասն գրվել է, որ 2024 թվականին հայտարարագիր է ներկայացնելու այս խումբը, 25-ին՝ ի թիվս այդ քաղաքացիների, նաեւ արդեն որեւէ գործատուի կողմից չհարկվող եկամուտ, աշխատավարձ կամ քաղիրավական պայմանագրով վարձատրություն ստացողները եւս միանում են, եւ 26-ի հունվարի 1-ից՝ մյուսները։ Այսինքն՝ պատշաճ իրազեկում, տեսահոլովակներ եղել են դեռ 2 տարի առաջ, ու այս 2 տարում օրենսդրական որեւէ փոփոխություն չի եղել։ Իսկ այս 300 հազարը ոչ թե վատթարացնող, այլ լավացնող նորմ է։ Հետեւաբար, մարդիկ պետք է իմանային, որ համատարած հայտարարագրում արվում է, ուղղակի հիմա ասում են՝ քանի որ մինչեւ մայիսի 1-ը դեռ ժամանակ ունենք, մենք մտածեցինք, որ մինչեւ 300 հազարը համարենք չհարկվող եկամուտ։
– Այդ դեպքում, եթե մարդիկ գիտեին նախօրոք, այս աժիոտաժը, քաղաքացիների դժգոհություններն ինչո՞վ են բացատրվում։
– Ցանկացած ռեֆորմ, լինի դա լավ, հասկանալի կամ ցավալի, սվիններով է ընդունվում, եթե իրականացնողը վստահություն չի վայելում հանրության կողմից։ Եվ տնտեսական ռեֆորմների նկատմամբ համատարած այս աժիոտաժը բացատրվում է իշխող վերնախավի նկատմամբ խոր անվստահության մթնոլորտով։ Մանավանդ որ քաղաքական ընդդիմության շարքերում կան բավականին ուժեղ գործիչներ, ովքեր սպեկուլյացիա են անում թեմայի շուրջ, այն փորձում են քաղաքական գործընթացների թրիգեր ծառայեցնել։
– Այսինքն՝ դժգոհություններն օբյեկտիվ չե՞ն։ Լա՞վ ռեֆորմ է։
– Իհարկե, կա դժգոհություն, որն օբյեկտիվ է։ Ռեֆորմի ներդրման տեխնիկական կողմը բարելավման կարիք ունի, բայց բովանդակային առումով այդ ռեֆորմը նախապատրաստվել է 20 տարի, տարբեր մարդկանց կողմից։ Ես՝ ինքս էլ ժամանակին երազել եմ հայտարարագրման համակարգի ներդրման մասին։ Նորանկախ Հայաստանի հարկային համակարգի ձեւավորման երկրորդ փուլից՝ 96 թվականից սկսած, երբ կատարվեցին հարկային օրենսդրության արմատական փոփոխություններ (առաջին փուլը 92 թվականն էր, երբ սահմանվեցին հիմնական հարկային օրենքները), եւ մինչեւ հիմա հայտարարագիր ներկայացնելու նորմը եղել է։ Մարդիկ պարզապես պետք է կամք արտահայտեին, ունենային ազնվություն եւ սեփական նախաձեռնությամբ տարեկան հայտարարագիր ներկայացնեին այն եկամուտների գծով, որոնք չեն հարկվել գործատուի կողմից։ Օրինակ, վարձակալությունից են մարդիկ եկամուտներ ունեցել, գնացել են խոպան, փող են աշխատել եւ այլն, ու քանի որ ռեզիդենտ են եղել` եկամտահարկի օրենքի, միշտ ունեցել են դեկլարացիա ներկայացնելու պարտավորություն։ 2 տարի առաջ համընդհանուր հայտարարագիր ներկայացնելու պահանջ է եղել, անկախ նրանից, թե դու ստանում ես հարկվող, թե չհարկվող եկամուտներ, դու պարտավոր ես հայտարարագիր ներկայացնել։ Գլոբալ առումով սա շատ առաջադեմ ու կարեւոր ռեֆորմ է տնտեսության համար, սա եւ գույքահարկը միասին պետք է դիտվեն։ Գույքահարկի ներդրման հետ կապված, օրինակ, կան խնդիրներ` ներդրման ժամանակացույցը, օրինակ։ Մենք որ քննարկում էինք ժամանակին, նախատեսում էինք, որ պետք է ներդրվի 10 տարվա ընթացքում, հետո ընդունման պահին դարձավ 5 տարի, ինչը, կարծում եմ, զգայուն է մարդկանց գրպանի համար։ Եթե 10 տարվա ընթացքում ներդրվեր համակարգը, մարդիկ աստիճանաբար կսովորեին։ Ուրեմն կարող ենք ասել, որ ռեֆորմների ներդրման հետ կապված օբյեկտիվ խնդիրներ կան, որոնք համակարգերը ճշգրտելուն, որոշակի հստակեցումներ մտցնելուն են ուղղված, բայց գլոբալ առումով այդ ռեֆորմներն անհրաժեշտություն են։
– Համընդհանուր հայտարարագրումը ներդրվում է մի ժամանակահատվածում, երբ հարկեր են բարձրացնում՝ շրջհարկը, գույքահարկը, կարմիր գծերն են թանկանում, տրանսպորտը, էս բոլորը միանգամից լցվում է քաղաքացու գլխին։ Սա արդարացվա՞ծ եք համարում։
– Քաղաքացու գլխին կապվում է նաեւ ոչ լեգիտիմ իշխանությունը։ Ի՞նչ եք ուզում դրանով ասել։ Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Այլ բան, որ մենք հիմա քննարկենք, թե շրջհարկի տոկոսները բարձրացնելը տեղին էր, թե տեղին չէր։ Մեկը մյուսի հետ մի կապեք։ Նա ֆունդամենտալ քայլ է, իսկ սա՝ պատեհապաշտային։
– Բայց փաստ է, որ էս բոլոր բարձրացումներ-թանկացումները միաժամանակ լցվեցին մարդկանց գլխին։
– Գիտեք, էս ամենը, որ Դուք ասում եք, այնքան ոչ էական է այն գոյութենական վտանգների համեմատ, որոնք կան այսօր։ Խեղճ քաղաքացու գլխին հարկերը ծանրացան, իսկ էդ խեղճ քաղաքացին չի՞ մտածում, թե դա ինչի արդյունք է։ Չի՞ մտածում, որ համախմբվելու ու ավելի պահանջկոտ դառնալու ժամկետները վաղուց անցել են։ Քաղաքացու խնդիրներն ավելի խորն են, քան այդ տնտեսական հարցերը։ Ձեր ասածի մեջ օբյեկտիվություն կլիներ, եթե մենք ունենայինք քաղաքական առումով ավելի կայուն ու անհոգ միջավայր, բայց այդպես չէ, չէ՞։
– Ճիշտ է, ուղղակի մարդկային հոգեբանություն է, ամենացավոտ բանն է, երբ գրպանն են մտնում, հատկապես՝ հայերի համար։
– Այ, դրա համար ինձ չեն հետաքրքրում իր ցավն ու խուճապը, որովհետեւ այդ ցավն ինձ ավելի շատ կհետաքրքրեր, օրինակ, 23 թվականի սեպտեմբերին։ Ես այդ ցավն ու խուճապն այն ժամանակ չտեսա։ Հետեւապես, իրենց ցավն ու եկամուտն ինձ չեն հետաքրքրում։ Ուզում եմ ասել, որ քաղաքացին խեղճ չէ, այդ քաղաքացուն պետք է մտրակել, որ նա հասկանա, որ ինքը գոյութենական խնդիրներ ունի, որ անպայման չէ, որ գրպանին խփեն, նոր ինքը զարթնի։ Որ իր արյունակցի հանդեպ, երբ որ ցեղասպանական գործողություններ էին անում, երբ իրենց հայրենազրկում էին, այն ժամանակ իր ցասումն ու վրդովմունքն ավելի հասկանալի կլինեին։ Թե չէ՝ ինչո՞ւ պետք է հայտարարագիր ներկայացնենք։ Բոլորը պետք է հայտարարագիր ներկայացնեն։ Սուսուփուս։ Ես իմ հայտարարագիրը ներկայացրել եմ արդեն։
– Փաշինյանն ասում է՝ պետք է հայտարարագիր ներկայացնենք, դա մեզ համար է, մեր պետության համար է, ժողովուրդն ասում է՝ ոչ, դա ձեր պարգեւավճարների համար է, ինչ-որ հիմար պրոյեկտների ու ծախսերի, ու չի ուզում ներկայացնել։
– Դա ստրուկի հոգեբանություն է։ Ոչ, դու հարկը տալիս ես քո հայրենիքին ու եթե տեսնում ես, որ հարկդ տալիս ես, ու ոչ ճիշտ իշխանավորը դա լավ չի տնօրինում, ծախսում, գնա, իշխանավորին հեռացրու, ոչ թե որոշի, որ դու քո սահմանադրական պարտքը չես կատարելու։ Չէ՞ որ մենք՝ բոլորս, գնացել ենք, առաջին մանդատի ուժով, Սահմանադրությամբ ժամանակին սահմանել ենք, որ մենք՝ բոլորս, պարտավոր ենք հարկերը մուծել։ Մենք գնացել ենք ու համընդհանուր կեցության կանոն ենք սահմանել, որ պարտավոր ենք մուծել հարկերը։ Անկախ նրանից՝ ապիկար, դավաճան, թե խամաճիկային իշխանութուն է, դու հարկդ պետք է վճարես։ Դու դա վճարում ես պետությանը, ու եթե այս էլեմենտար տարբերությունները մեր բնակչությունը չի ճանաչում, ուրեմն ինքը ստրուկ է, հոգեւոր եւ մտավոր աղճատում ունի։
– Այսօրվա տնտեսական համակարգը, աշխատանքի շուկայի վիճակը, գյուղերում գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունները թո՞ւյլ են տալիս, պատրա՞ստ են, որ համընդհանուր հայտարարագրում մտցվի։ Մարդիկ օրավարձով աշխատում են, գյուղերում աշխատանք չկա, մարդիկ գալիս են քաղաք, մի կերպ տաքսի են քշում, վարձով ապրելով` երկու կոպեկ են ուղարկում տուն։ Այս մարդիկ ի՞նչ են հայտարարագրելու, ո՞նց։ Շատերը բանկերով փող էլ չեն ստանում, այլ՝ կանխիկ, օրավարձով են աշխատում։ Սրանց վիճակը ո՞նց է լինելու։
– Դրա համար ՊԵԿ-ն ունի սպասարկման կենտրոններ՝ հանրապետությունով մեկ։ Երբ որ անձն էլեկտրոնային համակարգերից օգտվելու հետ կապված խնդիրներ ունի, նա գնում է սպասարկման կենտրոն, եւ հարկայինի աշխատողներն իրեն օգնում են։ Բնականաբար, նա այնտեղ որոշակի գործողություններ անելու ու գումարներ ծախսելու պարտավորություն ունի։ Օրինակ, պետք է նույնականացման քարտ ստանա, ակտիվացնի, գնա հարկային մարմին։ Այո, շատ խնդիրներ կան։ Բայց մենք ոչ թե պետք է ասենք՝ ռեֆորմը լավը չէ, այլ որ իրականացման առումով պետական իշխանության մարմինները վատ են աշխատում, որ անձնագրայինների մոտ հերթեր են կուտակված ID քարտերի համար։ Ռեֆորմի կարեւորությունը չպետք է պայմանավորել այսօրվա պետական մարմինների ոչ պատշաճ աշխատանքով ու կազմակերպչական ապիկարությամբ։ Ու պետք չէ մտահոգվել, թե խեղճ գյուղացին ոնց պետք է հայտարարագրի, մենք կգնանք այդ խեղճ գյուղացու դուռը։ Իր համար մենք հայտարարագիր կկազմենք։
Բաց մի թողեք
Վարորդներն իրենց կամքով են «գազազած» հարձակվում քաղաքացիների վրա, ինչը տրամաբանական չէ
Մի կողմից պետությունն է հարստահարում քաղաքացուն, մյուս կողմից՝ տնտեսվարողները
Եթե իր ասելով՝ այդ փաստաթղթերը չկան, ինչպե՞ս է հայտարարում, որ բոլոր փաստաթղթերը եղել են Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին