Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ վիճաբանություն է եղել Վանաձորի համայնքապետարանում: Վիճաբանել են Վանաձորի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ավագանու անդամ Արմեն Հարությունյանը եւ համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի ԺՊ Արեն Անանյանը:
Հրապարակ թերթը գրել է․ Մեզ հաջողվեց վիճաբանության վերաբերյալ որոշ մանրամասներ իմանալ: Թեման եղել է այն, որ համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետը նախագիծ է ներկայացրել, որ մի զոհված զինծառայողի ծնողին, որը տնակում է ապրում, տուն հատկացնեն: Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը դեմ է եղել, որն էլ վիճաբանության պատճառ է դարձել:
Փորձեցինք միջադեպի վերաբերյալ տեղեկությունը ճշտել Վանաձորի համայնքապետարանից: Համայնքապետարանի աշխատակիցները կարծես «երդվել» էին, որ միջադեպի մասին խոսակցությունները համայնքապետարանի պատերից դուրս չեն հանելու: Համայնքապետարանի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանը նախ հեգնեց, հետո զարմացավ, երբ փորձեցինք միջադեպի մասին ինֆորմացիա ստանալ. «Համայնքապետարանի շենքո՞ւմ նկատի ունեք, իսկապե՞ս նման բան է տեղի ունեցել: Ձեզնից իմացա»: Վանաձորի համայնքապետարանում, պարզվում է, մամուլի խոսնակից բացի, կա նաեւ հանրային կապերի եւ լրատվության բաժին: Բաժնի պետ Գեղանի Հակոբյանը միջադեպի մասին ասաց հետեւյալը. «Միջադեպի մասին ես թեթեւ տեղեկացել եմ այսօր եւ երեկ էլ մի փոքր հասկացա, որ մենք շենքում նկատեցինք ոստիկանության ներկայացուցիչներ, բայց թե ինչի են եկել իրենք, եւ ինչ հարց է եղել, ազնվությամբ, ես տեղյակ չեմ: Եթե մանրամասն եք ուզում իմանալ, խնդրում ենք գրավոր դիմել, մենք գրավոր կպատասխանենք»: Իսկ դեպքի մասին երե՞կ եք լսել։ «Ոչ թե որ լսել ենք երեկ, որ արդեն հետաքրքրվեցինք, թե ինչու են եկել ոստիկանները, ասացին` միջադեպ է եղել, ում միջեւ է եղել, ինչ հարցի շուրջ, ես դա չեմ իմացել»: Քաղաքապետարանում տեսախցիկներ կան, հավանաբար, միջադեպը ֆիքսած կլինեն։ «Մենք բոլոր հարկերում էլ ունենք տեսախցիկներ»:
Համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի ԺՊ Արեն Անանյանը մեր զանգերին չպատասխանեց: ՔՊ խմբակցության ղեկավար, ավագանու անդամ Արմեն Հարությունյանը հերքեց միջադեպի մասին լուրերը։ «Ոչ մի միջադեպ չի եղել, հաջող Ձեզի»,-ասաց ու անջատեց հեռախոսը:
ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնից մեզ ասացին, որ իրավասու չեն պատասխանել մեր հարցերին: ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին հարցրինք` Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցած վիճաբանության մասին ի՞նչ մանրամասներ կհաղորդեք։ «Նման տեղեկություն ոստիկանությունում կա, բայց այս պահին ստուգվում է տեղեկությունը»,- ասաց նա: Ոստիկանության Տարոնի բաժանմունքը միջադեպի հետ կապված ահազանգ ստացե՞լ է։ «Ահազանգ չի եղել»: Համայնքապետարանից մեզ պատմել են, որ ոստիկաններ են ժամանել համայնքապետարան, եթե ահազանգ չի եղել, ինչո՞ւ են ոստիկանները ժամանել համայնքապետարան։ «Հնարավոր է, որ լինի ահազանգ, հնարավոր է, որ չլինի: Ասենք, օպերատիվ տեղեկություն է ստացվում, ինչը ստուգման ենթակա է»,- ասաց խոսնակը:
Այս պարագայում ի՞նչ տեղեկության հիման վրա են ոստիկանները ժամանել համայնքապետարան։ «Տեղեկություն է եղել, որ ինչ-որ միջադեպ է եղել համայնքապետարանում, ու տեղեկությունը ստուգվում է»: Համայնքապետարանում տեսանկարահանող սարքեր կան, դրանք է՞լ են ստուգվում։ «Թե՛ տեսախցիկներն են ստուգվում, թե՛ անձանց հետ են զրուցում, ստուգումների մեջ այդ ամեն ինչը մտնում է»: Իսկ կասե՞ք` ո՞ւմ անուններն են շոշափվում, ովքե՞ր են միջադեպի մասնակիցները, մեզ ասել են, որ Վանաձորի ավագանու ՔՊ կուսակցության անդամի եւ բաժնի պետի միջեւ է տեղի ունեցել վիճաբանությունը։ «Այս պահին նման տեղեկություն չենք կարող հայտնել»,- ասաց Սարգսյանը:
Բաց մի թողեք
Ոստիկանների հետ առերեսում է եղել, նրանք հրաժարվել են իրենց արածից
ՔՊ-ն քննարկումների մեջ է
Մի ասեք՝ Փաշինյանի մեղքերը, ասեք՝ սխալները, նոր ընդդիմություն է ձևավորվում