14/02/2025

ՊԵԿ նախագահը կադրային ջարդ է սկսել, որ կարևոր պաշտոններում իր ընկերոջը, բաջանաղի եղբորն ու ազապ-բաշիին նշանակի

Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանը եկած-չեկած՝ կարդային ջարդ ու տարօրինակ, ոչ պրոֆեսիոնալ կադրային փոփոխություններ է իրականացնում։

MediaHub Սա հարուցել է ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների տարակուսանքն ու զայրույթը, որ Հակոբյանը որոշել է առանց բացատրության, առանց լուրջ պատճառի ազատվել ոչ միայն նակին նախագահ Ռուստամ Բադասյանի կադրերից, այլև երկար տարիներ համակարգում աշխատող պրոֆեսիոնալ կադրերից, որոնք Բադասյանից էլ առաջ են ՊԵԿ-ում եղել։

Ու վատն այն է, որ հերիք չի այդ պրոֆեսիոնալներին ազատում է, մի բան էլ նրանց փոխարեն հարկայինի ու մաքսայինի հետ որևէ կապ չունեցող կամ, հակառակը, շահերի բախում ունեցող անձանց է նշանակում այս կամ այն ղեկավար պաշտոնին, որոնց մեջ հիմնականում ՊԵԿ նախագահի ծանոթ-բարեկամներն են, բաջանաղը, ընկերն ու անգամ ազապ-բաշին։

Մասնավորապես, MediaHub-ին պատմեցին, որ Էդուարդ Հակոբյանը ՊԵԿ Պետական սահմանի անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտաշես Ղամբարյանին ասել է՝ դիմում գրի և հեռանա, որ տեղը իր բաջանաղի եղբորը նշանակի։

Մեկ այլ՝ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության, այսպես կոչված՝ «Զվարթնոցի» պետ Գարիկ Մինասյանին էլ ազատել է, որ իր ընկերոջը՝ Արթուր Թորոսյանին նշանակի Մինասյանի փոխարեն։ Ասացին՝ Թորոսյանը Էդուարդ Հակոբյանի ընկերն է և իր հարսանիքի ազապ-բաշին (կամ Հակոբյանն է նրա ազապ-բաշին եղել)։

Բայց Թորոսյանի պարագայում ոչ միայն դասական ԽԾԲ-ի խնդիր կա, այլև շահերի բախում և առերևույթ կոռուպցիոն ռիսկ է առկա, քանի որ Արթուր Թորոսյանն ու կինը, ասացին, բրոքերական ընկերություն ունեն, և հիմա մաքսայինին հակոտնյա բևեռից եկել նշանակվել է «տամոժնիկ»։

Մարդիկ հիշում են, որ նույն Ռուստամ Բադասյանը, օրինակ, այս հարցերում շատ ուշադիր էր, և եթե որևէ թեկնածուի տվյալներ ստուգելիս ինչ-որ կապ էր տեսնում բիզնեսի, բրոքերության կամ  հակադիր որևէ այլ գործունեության հետ, ապա նրան պաշտոնի չէր նշանակում։ Իսկ ՊԵԿ նոր նախագահի համար, ինչպես տեսնում ենք, կարևորը իր ընկերներին ու մտերիմներին պաշտոնի տեղավորելն է՝ մնացած ռիսկերը էական չեն։

Ի դեպ, ՊԵԿ պաշտոնական կայքում այս անձինք դեռ պաշտոնավարում են, բայց դիմումներն արդեն գրել են, և փետրվարի 3-ից վերջնական կազատվեն զբաղեցրած պաշտոններից։

Նույն կերպ պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել նաև ՊԵԿ ամենակարևոր վարչություններից մեկի՝ Համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանին, որը համակարգի հնաբնակներից է և 2018-ի իշխանափոխությունից հետո այս վարչությունը ինքն է ղեկավարում։ Թելման Ասատրյանը ՔՊ-ական օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի «մարդն» է համարվում, նրա շնորհիվ է նշանակվել և այսքան տարի մնում այս «յուղոտ» պաշտոնին։ Ավելին, Ռուստամ Բադասյանը, երբ նոր էր նշանակվել ՊԵԿ նախագահ, ցանկացել է ազատվել Թելման Ասատրյանից, քանզի համակարգում դժգոհ են նրանից ու նրա մարդկային որակներից, բայց ՔՊ-ական օլիգարխի ջանքերի շնորհիվ Ասատրյանը կարողացել է մնալ իր պաշտոնին։ Ասում են՝ հիմա էլ նույն եղանակով ցանկացել է «պլստալ» Էդուարդ Հակոբյանի հայտարարած կադրային ջարդից, և, որոշ տեղեկություններով՝ նրան դա չի հաջողվել, ասում են՝ որոշումը վերջնական է։ Փաստորեն, այսքան մարդկանց մեջ մի արժանի մեկը կար, ամեն դեպքում, որին ՊԵԿ նախագահը որոշել  է ազատել, և մոտ օրերս պարզ կդառնա՝ Էդուարդ Հակոբյանի թափն ու դուխը կհերիքի՞ վերջապես ազատվել Խաչատուր Սուքիասյանի ազդեցության տակ գտնվող մարդուց, թե՞ ոչ։

Հարկային բլոկից ավելի վաղ ազատվել էր նաև ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը, որի փոխարեն, ասացին, ինչ-որ Աշոտ անունով մեկին է նշանակել, որը ՊԵԿ նախագահի ընկերն ու հարևանն է «Երազ» թաղամասում։ Չարխիֆալակյանը թեև ընկալվում էր որպես Բադասյանի մտերիմը կամ նրա կադրը, բայց նա այս համակարգում դեռ Բադասյանից առաջ էր աշխատում, ու ՊԵԿ նոր նախագահի մոտեցումն այս դեպքում անհասկանալի է։ Դեռ պարզ չէ՝ նա խնդիր ունի ավելի շատ Բադասյանի կադրերի՞ց ազատվելու, թե՞ զուտ կարևոր պաշտոններում իր ծանոթ-բարեկամներին նշանակելու։

Ամենխնդրահարույց նշանակումներից մեկը, սակայն, ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության դեռևս չնշանակված պետի նշանակումն է։ Նախ հիշեցնենք, որ ՆԱՎ-ի պետը Գոռ Բակլաչյանն էր, որը Ռուստամ Բադասյանի մտերիմներից էր, և Բադասյանի ազատվելուց հետո առաջինը ինքը դիմում գրեց ու հեռացավ։ Տևական ժամանակ է՝ այս պաշտոնը թափուր է, և MediaHub-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վերջերս նոր ՆԱՎ-ի պետ է գտել իր համար։ Մենք տեղեկացանք, որ Հակոբյանն իր մտերիմ ընկերոջը՝ Գառնիկ Մարգարյանին, որը մինչ այդ Կենտրոնի դատախազներից էր, բերել նշանակել է իր խորհրդական, որ հետո ՆԱՎ-ի պետ նշանակի։ Եվ հիմա նա է Ներքին անվտանգության վարչությունը փաստացի ղեկավարում՝ խորհրդականի դիրքերից, բնականաբար, և վարչության աշխատակիցներին անհասկանալի հանձնարարականներ է  տալիս։

Պետեկամուտների կոմիտեի՝ ստվերային ՆԱՎ-ի պետի «հերոսությունների» մասին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։

Վահե Մակարյան