Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի դադարեցված լիազորությունների գործով` 5 հազար 20 եվրո փոխհատուցում սահմանել, եւ գտել, որ «փոխհատուցման առավել նպատակահարմար ձեւը կլինի վարույթի վերաբացումը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան, եթե պարոն Անտոնյանը դա պահանջի»:
Հրապարակ թերթը գրել է․ Ի՞նչ է նշանակում՝ փոխհատուցում վարույթի վերաբացման ձեւով։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ սա հազվադեպ որոշում է, երբ ՄԻԵԴ-ը կարծում է, որ գումարային փոխհատուցումը բավարար չէ, եւ հստակ ցուցում է տալիս պետությանը, որ պետք է վերաբացի վարույթը, այսինքն՝ վերականգնի «ստատուս քվոն»։
– Այսինքն՝ կվերականգնվե՞ն Սուրեն Անտոնյանի լիազորությունները։
– Կարող է սկսվել հետաքրքիր պրոցես։ Չի բացառվում, որ նոր քննություն լինի, եւ որոշումն ուժի մեջ թողնեն։ Այսինքն՝ քննության վերաբացման նպատակը պետք է լինի՝ վերացնել այն խախտումը, որն արձանագրել է ՄԻԵԴ-ը։ Բայց ՄԻԵԴ-ն արձանագրել է ոչ թե բովանդակային խախտում, այլ որ կողմերից մեկն անկողմնակալ չէ։ Հիմա այդ դատավորը չկա։ Կարծում եմ, գործը կվերաբացեն, բայց արդեն կքննեն այդ խախտման վերացումով։ Եթե խոսք գնար ապացույցի վերաբերյալ, կարելի էր ասել, որ այդ ապացույցը եթե հանեն, պետք է դատավորն արդարացվի, բայց այստեղ ապացույցի մասին չէ խոսքը, այլ դատավորներից մեկի կողմնակալության։ Հետեւապես, իրենք պետք է նորից դատ անեն, բայց առանց Կարեն Անդրեասյանի, եւ հիմա այդ հարցը լուծված է։ Կարեն Անդրեասյանն այլեւս ԲԴԽ նախագահ չէ։ Դրա համար չի բացառվում, որ վերաբացեն եւ նույն որոշումը թողնեն ուժի մեջ։
– Եթե Սուրեն Անտոնյանը պահանջի՞, բայց նա կարող է եւ չպահանջե՞լ։
– Այո, սովորաբար դիմումատուն է դիմում դատարան։ Քրեական գործերով դատախազը կարող է վերաբացել, օրինակ՝ Մարտի 1-ի գործերով։ Արամ Բարեղամյանի գործով դատախազն իր նախաձեռնությամբ մտավ եւ վերաբացեց վարույթը, որովհետեւ Արամ Բարեղամյանի վերաբերյալ չկար ՄԻԵԴ վճիռ։ Բայց այլ գործերով պետք է անձի դիմում լինի, որ նոր վերաբացելու պարտականություն ծագի։
– Կարո՞ղ է Սուրեն Անտոնյանը չմտնի դատարան՝ կարծելով, որ նույն որոշումն է լինելու։
– Բայց կարող են նոր թեմաներ բացվել։ Կարեն Անդրեասյանը քանի որ չկա, հնարավոր է, որ մոտեցումների փոփոխություն լինի, որովհետեւ Կարեն Անդրեասյանը նախագահող դատավորն էր։ Օրինակ, համաչափության սկզբունքն ավելի լրջորեն ուսումնասիրեն, փաստերն ավելի խորությամբ նայեն։ Բոլոր դեպքերում ճիշտ կլինի, եթե դիմի Սուրեն Անտոնյանը։
ՀԳ․ Հիշեցնենք․ ԲԴԽ-ն 2023-ին դադարեցրել էր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությամբ, եւ հիմք ընդունելով ՄԻԵԴ-ի մեկ այլ որոշում` Անտոնյանի ընդունած դատական ակտի վերաբերալ։ Անտոնյանը ՄԻԵԴ իր բողոքում դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արդարադատության նախարարի եւ ԲԴԽ նախագահի միջեւ գործընկերային, բիզնես եւ անձնական կապեր կան, սերտ հարաբերություններ, որոնք դուրս են մասնագիտական ոլորտից։ ՄԻԵԴ-ը սա ապացուցված է համարել եւ նշել, որ այս հանգամանքը պետք է բացահայտվեր վարույթի սկզբում, եւ ԲԴԽ-ն պետք է լրջորեն քններ Անտոնյանի միջնորդությունը՝ Անդրեասյանին ինքնաբացարկ հայտնելու մասին, ինչը տեղի չի ունեցել:
2025թ. հունվարի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դադարեցված լիազորությունների գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել: Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի ենթադրյալ անկողմնակալության բացակայության հետ: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը՝ Սուրեն Անտոնյանին վճարել 5 հազար 20 եվրո, որից 3 հազար 600-ը՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման, իսկ 1420 եվրոն՝ կատարած ծախսերի համար: Միեւնույն ժամանակ ՄԻԵԴ-ը գտել է, որ փոխհատուցման առավել նպատակահարմար ձեւը կլինի վարույթի վերաբացումը:
ՄԻԵԴ-ը կասկածի տակ է առել Սուրեն Անտոնյանի գործով Կարեն Անդրեասյանի՝ որպես ԲԴԽ նախագահի անաչառությունը եւ նշել, որ գործընկերային եւ անձնական կապերին վերաբերող փաստերը վկայում են Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի շատ սերտ հարաբերությունների մասին, որը դուրս է «մասնագիտական հարաբերությունների» շրջանակից, հետեւաբար, կարող էին կասկածներ առաջանալ Կարեն Անդրեասյանի անաչառության վերաբերյալ, ինչը նշանակում է, որ խախտվել են դատավորի իրավունքները, եւ նրա լիազորությունների դադարեցումը եղել է օրենքի խախտմամբ: Այս վճիռը փոթորիկ առաջացրեց հայաստանյան իրավական համակարգում:
Ժամանակին մարդիկ ասում էին, որ դատավորների լիազորությունների դադարեցումն իրականացվում է քաղաքական նկատառումներից ելնելով, եւ զգուշացնում էին, որ այդ որոշումները ՄԻԵԴ-ը ճանաչելու է ապօրինի, եւ պետությունը ստիպված է լինելու վերականգնել դատավորներին, վճարել այս պարապուրդի գումարները:
Որ վերեւից իջեցված հրահանգով նախկին փորձառու դատավորներին համակարգից ազատելը չի կարող հետեւանքներ չունենալ: Բայց իշխանությունն անտեսեց այդ զգուշացումները: Անտեսեց նաեւ այն, որ Կարեն Անդրեասյանը ՔՊ անդամ է, եւ նրան նշանակեց անկախ կառույցի` ԲԴԽ նախագահ, իսկ արդարադատության նախարար նշանակեց նրա մտերիմ ընկերոջը` Գրիգոր Մինասյանին: Հիմա քաղում են այս նշանակումների պտուղները:
Անտոնյանի հետ կապված ՄԻԵԴ որոշումից հետո որոշ փաստաբաններ անգամ կարծիք են հայտնել, որ Կարեն Անդրեասյանը պետք է ենթարկվի քրեական հետապնդման: «Հրապարակի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը. «Եթե նոր քննություն կատարվի, եւ պարզվի, որ այդ ամենը միտումնավոր է կատարվել` միանշանակ: Ընդ որում, ոչ միայն Անդրեասյանի, այլ նաեւ Մինասյանի համար դա կարող է քրեական պատասխանատվության հիմք հանդիսանալ, որովհետեւ առնվազն պաշտոնեական դիրքի չարաշահում է, եթե ավելի լուրջ հոդվածներ չմատնանշվեն, որ շահագրգռվածություն է եղել, ինչ շահագրգռվածություն է եղել․․․․։ Այդ ամենը կարող է լինել քննությունից հետո, իսկ քննություն կլինի, թե չէ, այդտեղ, ցավոք սրտի, լինելու է քաղաքական որոշում»:
– Իրավական առումով, ՄԻԵԴ այս որոշումից հետո ՀՀ դատախազությունն անելիք ունի՞, պե՞տք է գործի անցնի։
– Իմ համոզմամբ՝ դատախազությունը գործի չի անցնի։ Եթե ինչ-որ մեկը ցանկանա, որ քրեական հետապնդում լինի այս անձանց նկատմամբ, պետք է որ դատավորները կամ նրանց ներկայացուցիչները հաղորդում տան հանցագործության մասին, դրանից հետո պետության ֆունկցիան` ի դեմս դատախազության, լինելու է վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու դաշտում պատասխան տալը։
– Ստացվում է, որ այս որոշումը «կանաչ լույս» է վառում այդ դատավորների համար, որոնց նկատմամբ նույնաբովանդակ որոշումներ են կայացվել՝ Մինասյան-Անդրեասյան զույգի ձեռքով։
– Բոլոր այն դատավորների վերաբերյալ գործերն են, որոնց վերաբերյալ այս տանդեմը վարույթ է հարուցել, եւ լիազորությունները դադարեցվել են, կամ ոչ այդ ելքով վարույթներ են եղել։ Այս տանդեմի՝ նրա հարուցած եւ քննած գործերը չեն կարող լինել օրինական: Ցանկացած որոշում, որը կայացվել է այս տանդեմի մասնակցությամբ, առնվազն կասկածի տակ է դրվում։
– Կարեն Անդրեասյանի հետ պատասխանատվությունը կիսո՞ւմ են ԲԴԽ անդամները, որոնք քվեարկել են դատավորների լիազորությունները դադարեցնելուն կողմ։
– Բոլորի մասին է խոսքը գնում։ Այն մարդիկ են, որոնք ուղղակի պետք է հանեին վարույթից Անդրեասյանին՝ ասելով, որ դու իրավունք չունես գործը քննել, դո՛ւ, քանի որ ինքնուրույն ինքնաբացարկ չես հայտնում, հետեւաբար, մենք քեզ ստիպում ենք ինքնաբացարկ հայտնել։ Չկա այստեղ մեկ ԲԴԽ անդամ, որի մեղքն ավելի քիչ է, քան Անդրեասյանինը, հավասարության նշան է պետք դնել այս ամեն ինչի մեջ։
Բաց մի թողեք
«Foton» բեռնատարն Ուշիի ոլորաններում բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. Լուսանկար
Դատավորը կխուսափի պատասխանատվությունից․ Լուսանկար
Փողոցային առևտուրն արգելողներն են տրանսպորտում հսկողություն իրականացնելու