13/02/2025

Ցանկացած որոշում, որը կայացվել է Մինասյան-Անդրեասյան տանդեմի մասնակցությամբ, առնվազն կասկածի տակ է դրվում. Վարդազարյան

2025թ. հունվարի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դադարեցված լիազորությունների գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել:

Հրապարակ թերթը գրել է․ Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի ենթադրյալ անկողմնակալության բացակայության հետ: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը՝ Սուրեն Անտոնյանին վճարել 5 հազար 20 եվրո, որից 3 հազար 600-ը՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման, իսկ 1420 եվրոն՝ կատարած ծախսերի համար: Միեւնույն ժամանակ ՄԻԵԴ-ը գտել է, որ փոխհատուցման առավել նպատակահարմար ձեւը կլինի վարույթի վերաբացումը:

ՄԻԵԴ-ը կասկածի տակ է առել Սուրեն Անտոնյանի գործով Կարեն Անդրեասյանի՝ որպես ԲԴԽ նախագահի անաչառությունը եւ նշել, որ գործընկերային եւ անձնական կապերին վերաբերող փաստերը վկայում են Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի շատ սերտ հարաբերությունների մասին, որը դուրս է «մասնագիտական հարաբերությունների» շրջանակից, հետեւաբար, կարող էին կասկածներ առաջանալ Կարեն Անդրեասյանի անաչառության վերաբերյալ, ինչը նշանակում է, որ խախտվել են դատավորի իրավունքները, եւ նրա լիազորությունների դադարեցումը եղել է օրենքի խախտմամբ: Այս վճիռը փոթորիկ առաջացրեց հայաստանյան իրավական համակարգում:

Ժամանակին մարդիկ ասում էին, որ դատավորների լիազորությունների դադարեցումն իրականացվում է քաղաքական նկատառումներից ելնելով, եւ զգուշացնում էին, որ այդ որոշումները ՄԻԵԴ-ը ճանաչելու է ապօրինի, եւ պետությունը ստիպված է լինելու վերականգնել դատավորներին, վճարել այս պարապուրդի գումարները:

Որ վերեւից իջեցված հրահանգով նախկին փորձառու դատավորներին համակարգից ազատելը չի կարող հետեւանքներ չունենալ: Բայց իշխանությունն անտեսեց այդ զգուշացումները: Անտեսեց նաեւ այն, որ Կարեն Անդրեասյանը ՔՊ անդամ է, եւ նրան նշանակեց անկախ կառույցի` ԲԴԽ նախագահ, իսկ արդարադատության նախարար նշանակեց նրա մտերիմ ընկերոջը` Գրիգոր Մինասյանին: Հիմա քաղում են այս նշանակումների պտուղները:

Անտոնյանի հետ կապված ՄԻԵԴ որոշումից հետո որոշ փաստաբաններ անգամ կարծիք են հայտնել, որ Կարեն Անդրեասյանը պետք է ենթարկվի քրեական հետապնդման: «Հրապարակի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը. «Եթե նոր քննություն կատարվի, եւ պարզվի, որ այդ ամենը  միտումնավոր է կատարվել` միանշանակ: Ընդ որում, ոչ միայն Անդրեասյանի, այլ նաեւ Մինասյանի համար դա կարող է քրեական պատասխանատվության հիմք հանդիսանալ, որովհետեւ առնվազն պաշտոնեական դիրքի չարաշահում է, եթե ավելի լուրջ հոդվածներ չմատնանշվեն, որ շահագրգռվածություն է եղել, ինչ շահագրգռվածություն է եղել․․․․։ Այդ ամենը կարող է լինել քննությունից հետո, իսկ քննություն կլինի, թե չէ, այդտեղ, ցավոք սրտի, լինելու է քաղաքական որոշում»:

– Իրավական առումով, ՄԻԵԴ այս որոշումից հետո ՀՀ դատախազությունն անելիք ունի՞, պե՞տք է գործի անցնի։

– Իմ համոզմամբ՝ դատախազությունը գործի չի անցնի։ Եթե ինչ-որ մեկը ցանկանա, որ քրեական հետապնդում լինի այս անձանց նկատմամբ, պետք է որ դատավորները կամ նրանց ներկայացուցիչները հաղորդում տան հանցագործության մասին, դրանից հետո պետության ֆունկցիան` ի դեմս դատախազության, լինելու է վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու դաշտում պատասխան տալը։

– Ստացվում է, որ այս որոշումը «կանաչ լույս» է վառում այդ դատավորների համար, որոնց նկատմամբ նույնաբովանդակ որոշումներ են կայացվել՝ Մինասյան-Անդրեասյան զույգի ձեռքով։

– Բոլոր այն դատավորների վերաբերյալ գործերն են, որոնց վերաբերյալ այս տանդեմը վարույթ է հարուցել, եւ լիազորությունները դադարեցվել են, կամ ոչ այդ ելքով վարույթներ են եղել։ Այս տանդեմի՝ նրա հարուցած եւ քննած գործերը չեն կարող լինել օրինական: Ցանկացած որոշում, որը կայացվել է այս տանդեմի մասնակցությամբ, առնվազն կասկածի տակ է դրվում։

– Կարեն Անդրեասյանի հետ պատասխանատվությունը կիսո՞ւմ են ԲԴԽ անդամները, որոնք քվեարկել են դատավորների լիազորությունները դադարեցնելուն կողմ։

– Բոլորի մասին է խոսքը գնում։ Այն մարդիկ են, որոնք ուղղակի պետք է հանեին վարույթից Անդրեասյանին՝ ասելով, որ դու իրավունք չունես գործը քննել, դո՛ւ, քանի որ ինքնուրույն ինքնաբացարկ չես հայտնում, հետեւաբար, մենք քեզ ստիպում ենք ինքնաբացարկ հայտնել։ Չկա այստեղ մեկ ԲԴԽ անդամ, որի մեղքն ավելի քիչ է, քան Անդրեասյանինը, հավասարության նշան է պետք դնել այս ամեն ինչի մեջ։