14/02/2025

Տղերքը արժանի չէին 4 տարի շարունակ անթաղ մնալուն

Այսօր Ազգային ժողովում անհետ կորած զինվորների ծնողները փակ քննարկման են մասնակցելու, որին ներկա կլինի անհետ կորածների պետական հանձնաժողովը, որի նախագահն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է, եւ որի կազմում մի քանի հասարակական կազմակերպության ներկայացուցիչ կա:

Հրապարակ թերթը գրել է․ Չորս տարի մոտ 200 մարդ անհետ կորած է համարվում, եւ, չգիտես ինչու, այդ հարցի քննարկումը փակ են անում, որ հանրությունը չիմանա, թե ինչ է կատարվել, ինչ տեղեկություններ կան այդ մարդկանց մասին, որպեսզի հանկարծ Ալիեւը չբարկանա: Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատները տեւական ժամանակ բողոքի ակցիաներ էին անում, հանդիպումներ պահանջում իշխանությունների հետ: Պահանջում էին պարզել իրենց որդիների տեղն ու սպառիչ տեղեկատվություն տրամադրել նրանց մասին: Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ մասնակցելո՞ւ է այս քննարկմանը, թե՞ ոչ:

– Ինչպես գիտենք, մենք մի որոշ ժամանակ փողոց էինք փակել եւ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էինք պահանջում: Պայմանավորվածություն են ձեռք բերել, որ փակ նիստ են անցկացնելու, եւ, ըստ նախնական պայմանավորվածության, ներկա են լինելու գերատեսչությունների առաջին դեմքերը: Ելույթներ են լինելու, հարցեր, պատասխաններ:

– Ի՞նչ ակնկալիքներով եք հանդիպում պահանջել իշխանություններից: Ի՞նչ եք ցանկանում կոնկրետ լսել նրանցից:

– Չլուծվող հարց չկա, ես չեմ պատկերացնում: Ցանկացած հարց իր լուծումն ունի, կարեւորը ցանկացողներն են, որ լինի այդ լուծումը:

– Ո՞րն է Ձեր պատկերացրած լուծումը:

– Օրինակ, վերցնենք ԴՆԹ թեստերի անճշտությունների հանգամանքը, արդեն չորրորդ տարին է անցել, բայց կա 84 մարմին ու մասունք` սառնարաններում: ԴՆԹ փորձաքննությունների հետ կապված՝ նման հարցեր կան: Տղերքը դեռ անթաղ են, սա լուրջ խնդիր է, որը պետք է լուծվի: Բարոյական ոչ մի նորմի մեջ չի մտնում նման բան, որ էդ տղերքն արժանի էին չորս տարի շարունակ անթաղ մնալուն: Այդ խնդրին պետք է լուծում տրվի: Այս հարցը խճճված կծիկ է: Այդ կծիկը պետք է կարողանանք բացել: Մենք ուզում ենք բացել, իրենք խճճում են: Կարեւորն այն է, որ ցանկանան լուծել խնդիրը: Եթե ցանկանան, կլուծեն, եթե չցանկանան, չեն լուծի:

– Կան որոշ ծնողներ, որոնք պատերազմից չորսուկես տարի անց դեռ մտածում են, որ իրենց որդիները ողջ են: Դուք ի՞նչ կարծիքի եք այդ մասին:

– Մենք անհետ կորած 174 զինվոր, 21 քաղաքացիական անձ ունենք: Բնականաբար, այս մարդկանց հարազատներին հետաքրքրում է, թե իրենց երեխաներն ինչ եղան, ուր մնացին: Այդ ամենը պետք է պարզվի: Պարզելու համար պետք է արվեն որոշ քայլեր: Ոչ մի քայլ մինչ այս պահը չի արվել: Նախորդ անգամ ծնողները մեկ հանդիպում ունեցել են իշխանությունների հետ, բայց դա լսում չէր, ի դեպ, ես դրան ներկա չեմ եղել:

Քանի՞ ծնող է մասնակցելու այս քննարկմանը:

– Մեծ մասը լինելու է լրագրողների համար նախատեսված օթյակում, միացնելու են դինամիկ, որ լսեն, թե ներսում ինչ են խոսում:

– Իսկ ինչո՞ւ օթյակում:

– Դե, այդպես մեզ հարմար է: Ուրիշ հարցեր կան, ես հիմա դրանց մասին չխոսեմ: Մենք էդպես ենք ցանկացել: Ի՞նչ կարիք կա, որ բոլորը դահլիճում լինեն:

– Բա էլ ինչի՞ համար են գնում, որ հարցեր չպետք է տան, չպետք է պատասխաններ ակնկալեն:

– Ասենք, հարյուր ծնող եղավ, հո բոլորը չե՞ն խոսելու, մի քանիսն են խոսելու, ներկայացնելու են ամբողջ վիճակը: Ամեն ինչ պետք է նորմալ, ցիվիլ անցնի, դրա համար էլ որոշել ենք այդ եղանակով հանդիպել: Մի 16 հոգի է դահլիճում լինելու, ես՝ ինքս, ելույթ չեմ ունենալու: