17/02/2025

Այսօր ՀՀ հպարտ քաղաքացին հայտնվել է Չիպոլինոյի կարգավիճակում․ Լուսանկար

GALLUP International Association-ը նախօրեին ներկայացրեց արդի ներքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ հեռախոսային հարցման արդյունքները, որին մասնակցել է 1.100 հոգի, եւ որն իրականացվել է հունվարի 20-22-ը:

Հրապարակ թերթը գրել է․ Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գեւորգ Պողոսյանն ասում է շատ զարմացնող ցուցանիշներ չկային հարցման արդյունքների մեջ, ավելի շատ վատ է, քան՝ լավ․ «Փաստորեն, մենք՝ բոլորս, ընդհանուր իրավիճակը գիտենք։ Ու պատահական չէ, որ հարցումը վերնագրված է՝ «Հպպպարտ Չիպոլինո»։

Երեւի հիշում եք այդ մուլտֆիլմը, որտեղ ասում է՝ այն օրից, երբ բարձրացրինք հարկերը օդի համար, սկսել եք քիչ շնչել․․․։ Սա Չիպոլինոյի ամենահայտնի արտահայտությունն է, եւ այսօր ՀՀ հպարտ քաղաքացին հայտնվել է Չիպոլինոյի վիճակում։ Քանի որ իշխանությունները նոր հարկեր են հնարում, որ բնակչությանը հարկեն․․․ ըստ երեւույթին, բյուջեն լցնելու այլ տարբերակ չեն տեսնում, օրինակ՝ որ արդյունաբերությունը զարգացնեն, գյուղատնտեսությունը խթանեն․․․ ու քանի որ դրա հնարավորությունը չունեն, որովհետեւ դրա համար պետք են փորձ, գիտելիք, խելք, ուստի որոշել են քաղաքացուց հավաքել գումարները»։

Անդրադառնալով եկամուտների հայտարարագրերի հետ կապված, մեծ աղմուկ բարձրացրած թեմային ու քաղաքացիների բացասական դիրքորոշմանը, ինչքան էլ որ վարչապետն օրինակ է ծառայում՝ ցույց տալով, թե ինչպես է հայտարարագիր լրացնում, սոցիոլոգը նկատում է․ «Դա իրենց գործելաոճին հարիր մոտեցում է, երբ որոշումն ընդունում են, հետո դրանից մի քանի օր կամ շաբաթ առաջ նոր բարձրաձայնում են։ Մինչդեռ, մինչ դա, պետք է շատ լուրջ աշխատանք տանեին, փորձնական՝ սահմանափակ խմբի համար դա անեին, տեսնեին, թե ինչ բարդություններ կան, քանի որ նույնիսկ համակարգը չի դիմանում եւ չի նախապատրաստվել դրան, որը պետք է գրանցեր այդ ամենը։ Կրկին մի նոր ծրագիր, որը լավ մտածված չէ։ Էլ չեմ ասում, որ պետք է հաշվի առնվեր, որ ամեն մարդ չի կարող ինքն իրեն գրանցել, եւ կարելի էր հանձնարարել, որ ինչ-որ մասն իր աշխատանքի վայրում հաշվապահության միջոցով աներ։ Այսինքն՝ այդ բոլոր տվյալները կարելի էր հավաքագրել՝ առանց քաղաքացուն այդ գործին կցելու։ Բայց սրա շուրջ էլ երկար չեն մտածել, որ կարելի էր այնպես անել՝ մարդկանց շատ չնեղել ու, ամենակարեւորը՝ դժգոհություն չառաջացնել, իսկ այսպես, փաստորեն, իրենք իրենց հարվածում են այս փոփոխությամբ»։

Այսօր ՀՀ հպարտ քաղաքացին հայտնվել է Չիպոլինոյի վիճակում