«Ով կասի՝ Արարատը մերը չի, ես նրա հերն անիծեմ։ Մեր սուրբ սարն է Արարատը, որ ամեն մի հայի հոգու եւ արյան մեջ է»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում վրդովված ասում է գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը՝ անդրադառնալով Արարատ լեռան մասին Փաշինյանի վերջին հայտարարություններին։
Հայաստանի ղեկավարն արդեն մի քանի տարի է՝ բացեիբաց հայտարարում է, որ Հայաստանի ամենաբարձր լեռն Արագածն է, որ եթե շարունակենք Արարատը համարել կամ անվանել հայկական, ապա ոչ մի պետություն մեզ զենք չի վաճառի, Հայաստանի Հանրապետությունը կդնենք սպառնալիքի տակ, եւ նման այլ վիճահարույց դատողություններ։ «Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել, Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետն անցած զենքեր, մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, որովհետեւ, մեկ ա՝ չէին օգտագործելու, այլ դեն էին գցելու, ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել։ Այս խոսույթի ներքո, հայրենասիրական մղումներով, մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը՝ առանց դա նկատելու»,- այս արտահայտություններն է արել Նիկոլ Փաշինյանը։ Սակայն բոլորովին այլ բաների մասին էր գրում-խոսում Փաշինյանը, օրինակ, 2009 թվականին, երբ «Հայական ժամանակ» թերթի խմբագիրն էր։
Օրինակ, ֆուտբոլային դիվանագիտության շրջանում նա գրել է. «Կարելի է Գյուլի պատվին ՀՖՖ խորհրդանիշի վրայից Արարատը ռադ անել, իսկ ազգիս «հայրենասեր» էլիտան, որ դեռ տարիներ առաջ նման քայլի համար մորթազերծ կաներ ուզածդ պաշտոնյայի, բերանը ջուր է առել։ Եվ էդ ի՜նչ խրախճանք էին սարքել «Զվարթնոց» օդանավակայանը, Կոնվերս բանկը, մյուսները` հայկական մամուլում Գյուլի այցելության առիթով։ «Մնագաուվաժայեմի Վլադիմիր Վլադիմիրովիչ»-ի պես մի բան էր դա. տղե՛րք, չեմ հասկանում ավանսով հետույք մտնելու այդ անհաղթահարելի մղումը»։ Այսպես էր հեգնում եւ քննադատում Նիկոլ Փաշինյանը` «Հայկական ժամանակ», 13.09.2010 թ.:
Փաշինյանի՝ Արարատ լեռան մասին հնչեցրած թուրքամետ հայտարարությունները, Հայոց ցեղասպանության ուրացման ճանապարհը բռնելու քայլերը քաղաքացիների մոտ ցասում ու զայրույթ են առաջացրել։ «Միայն Թուրքիայի գործակալը կարող է նման բան ասել»,- հայտարարում են մեծ թվով մարդիկ։ Գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը համամիտ է այդ մարդկանց հետ։ «Ես համամիտ եմ բոլոր այն քաղաքացիների հետ, ովքեր Փաշինյանին համարում են Ադրբեջանի դեսպանը Հայաստանում։ Ուրեմն պիտի Արարատը տանք` նո՞ր զենք ստանանք։ Ավելի լավ է ռագատկով կռվենք, քան Արարատը տանք։ Հասկանո՞ւմ են, թե ինչ են ասում, դա միայն սար չէ, մեր կյանքն է, մեր արյունն է։ Դարերից եկած մեր պատմությունն է։ Հայաստանի ղեկավարի հերն անիծեմ, ես Նիկոլի գեներալը չեմ, չեմ էլ լինի, անհնար է, թեկուզ միլիարդներ տան, ես դրա ենթական չեմ լինի, նա ո՞վ ա։ Բորենի շուն ա։ Մեծ ու փոքր տասնյակ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սա եկել՝ նման բաներ է խոսում, փորձում է Սահմանադրությունից ջնջել այդ կետը։ Ցեղասպանությունն աշխարհն է ճանաչել։ Աշխարհը դատապարտում է, հայկական հարցը դեռ լուծված չէ, երբ կունենանք Արցախը, Արեւմտյան Հայաստանը, Կիլիկիան, հետո կխոսենք»,- ասում է նա։
Մի քանի պատերազմի մասնակցած գեներալը շեշտում է՝ Փաշինյանն իրավունք չուներ Արցախը հանձնել Ադրբեջանին, այն անվանել ադրբեջանական։ «Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, դա մեր կենսագրության մեջ է մտած»,-շեշտում է նա։ Խոսելով զինված ուժերի այսօրվա վիճակի մասին՝ ասում է, որ անպատրաստ վիճակ է։ «Բանակում անկանոն վիճակ է, չկա պատրաստվածություն։ Ադրբեջանը, Թուրքիան մեծ զորավարժություններ են անում սահմանի բերանին։ Երկու անգամ՝ գիշերով եւ ցերեկով, գնացել եմ Թուրքիայի հետ սահման՝ Մարգարա եւ Ջանֆիդա գյուղեր։ Դիտակետից երեւում է՝ մեծ կուտակումներ կան, նրանք պատրաստվում են։ Պատերազմն անխուսափելի է։ Ինչքան էլ գլուխ գովա՝ խաղաղություն եւ այլն, դա չի լինի։ Խաղաղությունն իր բնույթով պատերազմ է, այն էլ՝ ինչպիսի՜ պատերազմ։ Սա խաղաղություն է ուզում մեր ոխերիմ թշնամիներից, դա չի լինելու։ Դարերով եկած մեր թշնամուց ի՞նչ խաղաղություն։ Թուրքիան մեր ոխերիմ թշնամին է, նրանց թղթերին ու խոսքերին չի կարելի հավատալ»,- ընդգծում է նա։
Բաց մի թողեք
Վարորդներն իրենց կամքով են «գազազած» հարձակվում քաղաքացիների վրա, ինչը տրամաբանական չէ
Մի կողմից պետությունն է հարստահարում քաղաքացուն, մյուս կողմից՝ տնտեսվարողները
Եթե իր ասելով՝ այդ փաստաթղթերը չկան, ինչպե՞ս է հայտարարում, որ բոլոր փաստաթղթերը եղել են Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին