Մի քանի օր առաջ համացանցում էր հայտնվել ԱՄՆ Լոս Անջելեսի հայկական հեռուստատեսությունում Արա Աբրահամյանի հարցազրույցը, որը նա տվել էր Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո: ՀՀ իշխանություններին եւ Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն համակրող լրագրողը` Արուսյակ անունով, զրույցի ժամանակ անընդհատ հակադրվում էր Արա Աբրահամյանին, փորձում ապացուցել, որ այս իշխանությունը մեծ թվով դրական քայլեր է արել եւ ոչ մի վատ բան:
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ երբ Արա Աբրահամյանն ասաց` խնդրեմ, մի օրինակ բեր, թե սրանք ինչ լավ բան են արել, ի զարմանս մեզ, պատասխանեց` միայն մի փոքրիկ օրինակ նշեմ` Վանաձորը վերջապես ջուր ունեցավ: Արա Աբրահամյանը կարկամեց` իսկ առաջ ինչո՞վ էին ճաշ եփում, լվացք անում, լողանում վանաձորցիները: Բայց Լոս Անջելեսում գտնվող հաղորդավարը շատ վստահ էր պնդում, որ ՔՊ-ն է Վանաձորին ջուր տվել, առաջ` նախկինների ժամանակ, բակերի աղբյուրներից են ջուր բերել: Մենք փորձեցինք պարզել, թե ջրի խնդիրն ինչպես է լուծել ՔՊ-ական իշխանությունը, եւ ինչու առաջ Վանաձորում ջուր չեն ունեցել:
Պարզեցինք, որ վերջին տարիներին Գերմանիայի զարգացման բանկի վարկերի միջոցով (KFW) իրականացվել է Վանաձորի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր: Ծրագիրը 2 փուլից է կազմված եղել: 1-ին փուլը մեկնարկել է 2010 թվականին, իսկ երկրորդը՝ 2021 թվականին: Հավանաբար, Արուսյակը հենց այս ծրագիրը նկատի ուներ: 2021թվականին շինարարական աշխատանքների կապալառուն «Դորոժնիկ» ՍՊԸ-ն է եղել, որը պարտավորվել էր մինչ ծրագրի ավարտը՝ 2023 թվականը, աշխատանքները կատարել, ապա այդ տարածքում իրականացնել նաեւ ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագիրը 2023 թվականին, ըստ ժամանակացույցի, չի ավարտվել, եւ կառավարությունը երկարացրել է ծրագրի ժամկետը մինչեւ 2025 թվականը:
Պարզվում է, որ մինչեւ 2025 թվականը «Դորոժնիկ» ՍՊԸ-ն եւս ամբողջովին աշխատանքները չի ավարտել: Այս ծրագրի արդյունքում նախատեսվում էր, որ Վանաձորը 24-ժամյա ջրամատակարարում պետք է ունենա՝ քաղաքի բոլոր թաղամասերը: Վանաձորցիները մեզ հետ զրույցում ասացին` այն, որ հայտարարում են, թե քաղաքը 24-ժամյա ջրամատակարարում ունի, այդքան էլ իրականությանը մոտ չէ։ «Տարիներ շարունակ Վանաձորում ջրի խնդիրը եղել է եւ հիմա էլ կա: Առաջ ժամով էին ջուր տալիս: Թաղամասեր կային, որ 1 օր ջուր էին ունենում, մյուս օրը ջուր չկար: Այս պահին էլ քաղաքի որոշ փողոցներում ժամով են ջուրը տալիս, ասեմ՝ Իսահակյան փողոցը, Քարքարոտ թաղամասերը: Բացի այն, որ ջուրը 24 ժամ չի մատակարարվում, մեր քաղաքում ունենք «բրենդ»` դիտահորի թուրքական կափարիչները՝ վրան գրված «Ստամբուլ»: Իհարկե, դա հաճելի չէր, բողոքեցինք, եկան, մի քանի դիտահորի վրայից փորձեցին գործիքով ջնջել «Ստամբուլ» բառը, բայց հո ամբողջ քաղաքինը հնարավոր չէ՞ր ջնջել»,- մեզ պատմեց մի տարեց վանաձորցի:
Ասում են, որ նախկին իշխանությունների, նաեւ Ձեր պաշտոնավարման ժամանակ Վանաձորում խմելու ջուր չի եղել, իսկ հիմա՝ նոր իշխանության օրոք, Վանաձորն ունի 24-ժամյա ջրամատակարարում՝ դիմեցինք Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։ «Նախ ասեմ, որ էնպես չի եղել, որ Վանաձորում ընդհանրապես ջուր չլինի, նման բան չկա, ինչպես հանրապետության տարբեր քաղաքներում, այնպես էլ Վանաձորում ջրամատակարարման ցանցի վերագործարկում է եղել, ջուրը ժամով է եղել, բայց որ ջուր չլինի` նման բան չի եղել: Ջրի հետ կապված խնդիր է եղել Տարոն 4 թաղամասում, էդտեղ ջրի ճնշումների հետ կապված խնդիր կար, որը գերմանացիների եւ «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ լուծվել է: Բայց դա ո՛չ իմ պաշտոնավարման, ո՛չ էլ իշխանության գալ ու գնալու հետ կապ չունի, քանի որ դա առանձին ծրագիր է եղել, մեկնարկել է 2010 թվականից, երբ որ «Վեոլիա ջուրը» մտել է հայաստանյան շուկա, եւ ցանցի վերազինման ծրագրի շրջանակներում այդ ծրագիրն աստիճանաբար իրականացվում է»:
Վանաձորի բնակիչներից բազում բանավոր եւ գրավոր բողոքներ են հասնում Վանաձորի համայնքապետարան: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը պարբերաբար հանդիպում է «Դորոժնիկ» ընկերության ներկայացուցիչների հետ` կապված քաղաքի տարբեր հատվածներում փոսերի հարթեցման եւ ասֆալտապատման աշխատանքների հետ: Երկու օր շարունակ Վանաձորի համայնքապետարանից մեզ չէին պատասխանում, թե Վանաձոր քաղաքն ունի՞ արդյոք 24-ժամյա ջրամատակարարում: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, սովորույթի համաձայն, հեռախոսազանգերին չպատասխանեց: Փելեշյանի խորհրդական Արման Բերնեցյանը մեզ ուղղորդեց համայնքապետարանի ճարտարապետական բաժին: Բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի ամիս է պաշտոնավարում եւ չի կարող մեր հարցերին պատասխանել: Հարցրինք՝ որպես Վանաձոր քաղաքի բնակիչ, կարո՞ղ եք ասել, որ Վանաձորն այսօր ունի 24-ժամյա ջրամատակարարում։ «Որ ասեմ՝ 100% ունի 24-ժամյա ջրամատակարարում, սուտ է, բայց 80% ունի»:
Սակայն բնակիչներն ասում էին, թե Վանաձորում փողոցներ կան, որ ջուրը հիմա էլ ժամով են ստանում, «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Լոռի» շահագործման տեղամասի պետ Ալեքսանդր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ այսօր քաղաքն ունի 24-ժամյա ջրամատակարարում: Եղե՞լ է ժամանակահատված, որ Վանաձոր քաղաքն ընդհանրապես ջուր չունենա։ «Մինչեւ անցած տարվա սեպտեմբեր ամիսը ունեցել ենք ժամային գրաֆիկ, բնակչությանն ապահովել ենք 7-ժամյա ջրամատակարարում, այսօր քաղաքն ունի 24-ժամյա ջրամատակարարում»: Նկատե՞լ եք, որ ողջ քաղաքում դիտահորի կափարիչները թուրքական արտադրության են։ «Նկատել եմ, նախորդ փուլում եղել են այդպիսի դիտահորի կափարիչներ, այս փուլով չեն եղել»:
Ծրագրի շրջանակներում մի քանի հարց ուղղեցինք «Դորոժնիկ» ՍՊԸ-ի ներմուծման եւ արտահանման գծով մենեջեր Լուսինե Սարգսյանին` Վանաձոր քաղաքում ջրամատակարարման հետ կապված ի՞նչ ծրագիր է իրականացրել «Դորոժնիկ» ՍՊԸ-ն, եւ որքա՞ն է կազմել ծրագրի արժեքը:
– Լոռու եւ Արմավիրի մարզերում ջրամատակարարման համակարգերի եւ կոյուղու կոլեկտորի վերականգնման արժեքը կազմել է 8 մլն 450 հազար 541 եվրո:
– Ձեր ընկերությո՞ւնն է ձեռք բերել ջրահեռացման դիտահորերի կափարիչները (Istambul duyar vana)՝ թուրքական արտադրությամբ: Որքա՞ն է 1 դիտահորի կափարիչի արժեքը, եւ ինչո՞ւ եք գնել հենց թուրքական արտադրանք, մատչելի՞ է:
– Տվյալ ծրագրում օգտագործվում են տեղական արտադրության պոլիմերաավազային դիտահորեր: Ծրագրում կիրառվող ապրանքատեսականու արժեքները ենթակա չեն հրապարակման, քանզի հանդիսանում են կոմերցիոն գաղտնիք:
– Ծրագրի իրականացման շրջանակներում ի՞նչ խնդիրների եք բախվել, որը խոչընդոտել է ժամանակին աշխատանքների իրականացմանը:
– Քովիդի համաճարակը՝ իր բոլոր հետեւանքներով, պատերազմներ, գլոբալ թանկացում՝ վառելիք եւ շինարարական նյութեր, ինչպես նաեւ՝ եվրոյի փոխարժեքի կտրուկ անկում:
– Ծրագիրն ավարտվել է, բայց աշխատանքներն ընկերության կողմից ամբողջովին դեռ չեն կատարվել: Ի՞նչ ծավալի անավարտ աշխատանքներ կան, եւ ե՞րբ ավարտին կհասցնեք:
– Ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտված են: Հնարավոր ընթացիկ թերությունները կշտկվեն մեր ընկերության կողմից՝ պայմանագրով նախատեսված մեկ տարի հետո` երաշխիքային ժամանակահատվածում:
Բաց մի թողեք
«Foton» բեռնատարն Ուշիի ոլորաններում բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. Լուսանկար
Դատավորը կխուսափի պատասխանատվությունից․ Լուսանկար
Փողոցային առևտուրն արգելողներն են տրանսպորտում հսկողություն իրականացնելու