14/02/2025

Փաշինյանի ֆանատները փոշմանել են

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ֆանատները հիմնականում մարզաբնակներն են, մասնավորապես՝  Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի բնակիչները։ Նրանց շնորհիվ էր, որ 2021-ի արտահերթ ընտրություններում ՔՊ-ն վերարտադրվեց:

Հրապարակ թերթը գրել է․ Որքան էլ զարմանալի է, Փաշինյանին դեռ 2021-ին աստվածացնողներն այսօր նույն ջերմեռանդությամբ հայհոյում են իրենց երբեմնի կուռքին ու նրա թիմակիցներին։ Մեզ հանդիպած շիրակցիներն ասում են, որ ՔՊ-ն սկսել է թալանել ու կեղեքել ժողովրդին։ Բայց ըստ Սանասար Կարապետյանի՝ Նիկոլն այս անգամ իրենց հույսին չէ։

«Մենք նրանց համար արդեն ընտրազանգված չենք, որ անհանգստանան հեղինակության կորստից։ Իրենց հույսն ու ապավենն արտաքին ուժերն են, որոնցով եկան իշխանության։ Ես համոզված եմ՝ եթե հաջորդ ընտրություններում ՔՊ-ն զրո տոկոս ձայն էլ հավաքի, նորից կմնա իշխանության, որովհետեւ այդպես են ուզում իրենց բերողները։ Ինձ չեմ կարողանում ներել, որ ընտանիքովս իրենց ենք ընտրել»,- ասում է նա եւ նշում, որ իր շրջապատում շատերն են «գլխներին տալիս» ՔՊ-ին ընտրելու համար։

«Սենց բան կլինի՞, ամեն օր վիրավորանքի դոզա են տալիս։ Ի՞նչ են ուզում էս ժողովրդից, ի՞նչ են տվել, որ չեն կարում առնեն։ Քնում-հելնում, մտածում են՝ է՞լ ինչ անեն, որ բարդացնեն կյանքներս։ Փոխանակ մենք աղմկենք, որ հավատացինք, բայց խաբվեցինք, իրենք են մատ թափ տալիս ու վիրավորում»։ ՔՊ-ի երբեմնի ընտրազանգվածը նեղված է նաեւ Ավինյանի հոր պահվածքից, հատկապես «Օպելի» վարորդներն են զայրացած։

«Այդ հայրիկին լիքը բան կա ասելու։ Ափսոս, ես Երեւան չեմ գնում, բայց որ գնամ, անպայման կգտնեմ էդ հայրիկին, որ մինչեւ էլեկտրական ավտո քշելը, երեւի էշով է ման եկել։ Մեզնով մարդ դառան, մեզ համբա՞լ են ասում։ Չնայած, դրանք ի՞նչ մարդ․ որ մեզնից լափած փողերը տակներից հանես, նախկին չմոներն են մնալու։ Ո՞նց ավելի շուտ չհասկացանք սրանց, ո՞նց կարողացան երկրորդ անգամ մեզ խաբել։ Վիրավորանքից տեղս չեմ գտնում»,- ասում է արմավիրցի Ռուբեն Մխիթարյանը։ Ափսոսում է, որ ժամանակին նույնիսկ ՔՊ ընտրելու քարոզչություն է արել։

«Հիմա էլ հակառակն եմ անում, բայց առանձնապես ջանքեր չեմ գործադրում, որովհետեւ բոլորն արդեն հասկացել են՝ ով է Նիկոլը»։ Ըստ նրա՝ իր մեծ շրջապատում ՔՊ-ին ու Փաշինյանին այլեւս վստահող չկա։ «Շատ նեղված եմ, նույնիսկ չեմ ուզում էս երկրում մնալ։ Բայց Ռուսաստանն էլ մի բան չի, որ տեղափոխվեմ այնտեղ։ Նիկոլի՝ երկրորդ ժամկետում վարչապետ ընտրվելուց հետո, երբ հասկացա, որ սխալվել ենք, գնացի Ռուսաստան։ 2 տարի հազիվ դիմացա։ Վերադարձա ու տեղս չեմ գտնում՝ սրանց պատճառով»։

Արեգ Մարգարյան