14/02/2025

Անդամներին նշանակել են, նախագահին՝ ոչ

Կառավարությունը  Հանրային խորհրդի անդամներ նշանակեց: Հարցն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում: Նրանց մի մասի ՀԽ անդամության ժամկետն էր ավարտվել: Բոլոր նորանշանակները Նիկոլ Փաշինյանի իշխանության հանդեպ լոյալ, նրան երբեւէ չքննադատած անձինք են:

ՀԽ նորանշանակ անդամներն են՝ մշակութաբան Աղասի Թադեւոսյանը, Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը, Արմեն Բալդրյանը, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Արմինե Մարգարյանը, նախկին ՔՊ-ական պատգամավոր Գայանե Աբրահամյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, բոլոր իշխանությունների սիրելի նկարիչ Վալմարը` Վոլոդյա Մարգարյանը, Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը։

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի անդամները հասարակական հիմունքներով են գործում` աշխատավարձ չեն ստանում, ուղղակի սա սահմանադրական մարմին է` պարտադիր պետք է գործի, եւ ամեն իշխանություն հարմար խորհուրդ է ձեւավորում, որ իր համար պրոբլեմներ չստեղծեն` իր որոշումներին դեմ հայտարարություններ չանեն: Թեեւ այդ որոշումներն էլ ընդամենը խորհրդատվական բնույթ են կրում` պարտադիր կատարման ենթակա չեն: Ի դեպ, ամենից արդյունավետ խորհուրդը եղել է առաջինը, երբ խորհրդի նախագահը Վազգեն Մանուկյանն էր: Այն ձեւավորվել է Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եւ մի քանի կարեւոր գործընթացներ է կանխել, օրինակ` «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը կամ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու:

Չնայած վերջին նշանակումներին խորհուրդը չի կարող գործել, քանի որ դեռեւս չունի նախագահ: Նիկոլ Փաշինյանն անդամներ նշանակել է, իսկ նախագահ` ոչ, եւ այս պահի դրությամբ ՀԽ-ն որեւէ գործունեություն չի ծավալում: Բայց վերջին նշանակումները տպավորություն են ստեղծում, որ Հանրային խորհուրդը «վերակենդանացնելու» ճիգեր են գործադրվում:

Հանրային խորհրդի հին անդամ, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով խորհրդի շուրջ ծավալվող վերջին զարգացումներին, ասում է. «Նախ ասեմ, որ այդ Դանիել Իոաննիսյանը շուտվանից էր խորհրդի անդամ: Նա Ստյոպա Սաֆարյանի հետ էր նշանակվել, գուցե երեկ երկրորդ անգամ է նշանակվել: Այդ կառույցը հիմա գոյություն չունի, քանի որ նախագահ չունի` Ստյոպան էր վերջինը, սակայն նա էլ 2021-ին դուրս եկավ, իսկ կառավարությունն այդպես էլ ոչ մեկին չի առաջադրել: Անդամների խնդիր էլ կար` Արշակ Սադոյանը մի անգամ որոշել էր հիշեցնել կառավարությանը, որ անդամների խնդիր կա, սակայն ես այն կարծիքին էի, որ դա սխալ է: Դա իրենց ֆունկցիան է, որը պարտավոր էին կատարել, եթե չեն կատարում, դա իրենց խնդիրն է: Ի դեպ, գնացողները (ոմանք հրաժարական տվեցին ՀԽ անդամությունից` Հ. Գ.) լրիվ կառավարության նշանակածներն էին, հետեւաբար, կառավարությունն էլ պետք է նոր անդամներ նշանակեր, բայց այսքան տարի չարեց դա: Ես կարծում եմ, որ Հանրային խորհուրդն օրենքով սահմանված որոշակի լիազորություններ ունի, ինչն ինձ համար շատ ավելի կարեւոր էր, քան, ասենք, անդամների հարցը: Օրինակ` համերաշխության հարցեր, քաղաքական հարցեր, որոնց կարիքն ունի հասարակությունը:

Այժմ այդ կառույցը պարապության է մատնված, ոչինչ չի անում: Վազգեն Մանուկյանն ինչո՞ւ հրաժարվեց, այդ հարցն ամեն ինչ ասում է: Հանրային խորհուրդը սահմանադրական մարմին է, որը Վազգեն Մանուկյանի շրջանում մեծ աշխատանք էր տանում, հետաքրքիր ու կարեւոր քննարկումներ էին լինում, բայց նա, ցավոք, դուրս եկավ, հետո եկավ Ստյոպան, նա էլ, գիտեք` ինչպես էր դրսեւորում իրեն: Ես որոշել էի նրա հարցը դնել քննարկման, քանի որ նրա վարքը Հանրային խորհրդի նախագահի վարքին հարիր չէր:

Նախագահը պետք է լինի չեզոք, բայց այդ մարդը չեզոք չէ, ակնհայտ իշխանական է: Բայց հետո նա դուրս եկավ` իր կամքով: Իսկ թե հիմա ինչով են զբաղվելու, ես չգիտեմ: Ինձ այդ կառույցից չեն հեռացրել, ես շարունակում եմ դրա անդամը լինել, բայց ոչինչ չի արվում»: