«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է:
– Արեւմուտքից մի քանի ժամվա ընթացքում երկու առանցքային քայլ արվեց` ուղղված Հայաստանին: Նախ հրապարակվեցին` գաղտնազերծվեցին Պետդեպի փաստաթղթերը, որոնք, ըստ որոշ փորձագետների, Հայաստանի Հանրապետության դեմ են եւ հող են նախապատրաստում Սյունիքից «միջանցք» տալու համար (խոսքը վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժին, որտեղ ներկայացվում են Մեղրիից միջանցք տալու բանակցությունները, որոնք վարել է Ռոբերտ Քոչարյանը` 2000-ականներին), ապա ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ արեց` ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Ձեր գնահատմամբ` ի՞նչ է տեղի ունենում այժմ:
– Նախ, ես ուզում եմ ընդգծել, որ Պետդեպի հրապարակումը Հայաստանի Հանրապետության դեմ չէ, այդ հրապարակումը նպատակ ունի Նիկոլ Փաշինյանի ստերը բացահայտել: Նա նախկին նախագահներին հրավիրում էր բանավեճի, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց Փաշինյանին հրապարակել բանակցության փաստաթղթերը, Փաշինյանը դա չարեց, արեց ԱՄՆ ղեկավարությունը: Այս հրապարակումը տապալումն էր Նիկոլ Փաշինյանի այն թեզի, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինչպես նաեւ մյուս արեւմտյան երկրները, կողմ են եղել, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, որ Արցախը հանձնելու որոշումը Ռուսաստանի Դաշնությանն է… պատերազմ հրահրեցին` ռուսական զորքեր տեղակայելու համար: Այդ ամենն արդեն աստիճանաբար բացահայտվում է: Նիկոլ Փաշինյանն արդեն ԱՄՆ-ի հետ է բախումների մեջ մտնում: Ամերիկան Փաշինյանի քարոզչությունը տապալելու գործին է անցել: Եթե Մադրիդյան փաստաթղթերը հրապարակվեն, Նիկոլ Փաշինյանի վիճակն ավելի է վատանալու: Բայց եթե խոսում ենք այսօրվա մասին, ապա տեղի ունեցածը միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի դեմ է, միեւնույն ժամանակ՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի օգտին: Խոսվում է նաեւ այն մասին, որ 2000-ական թվականներին քննարկում էր գնում այն մասին, որ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս պետք է գա, իսկ Լաչինի միջանցքի դիմաց Հայաստանն ինչ-որ տարածք պետք է հատուցի Ադրբեջանին: Այն ժամանակ քննարկման առարկա չի եղել, որ Հայաստանի կողմից անվերահսկելի տրանսպորտային կապ պետք է ունենա Բաքուն Նախիջեւանի հետ: Կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ ամենից: Այն կարող էր իրականություն դառնալ, եթե Հեյդար Ալիեւը չհրաժարվեր ձեռք բերված բանակցություններից: Պետդեպի այս հայտարարությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին: Նա ասում էր, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան եղել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու դիրքորոշմանը կողմ: Փաստացի այս բացահայտումը դեմ է նաեւ Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը 2019 թվականից հետո առնվազն Բաքվի հետ գործարքի է գնացել: Սկզբում ենթադրում էր ռուսական անվտանգություն Արցախում, իսկ համաձայնագրի տեքստն անձամբ Վլադիմիր Պուտինն է մշակել: Արդյունքում տեղի ունեցավ Արցախի հանձնում, էթնիկ զտում: Այսօր փաստացի ԱՄՆ-ի թիրախը ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլեւ` Ռուսաստանը:
– Բայց փաշինյանականները ցնծում են եւ պնդում, որ այս հրապարակումը Ռոբերտ Քոչարյանի դեմ է, քանի որ նա շրջանառության մեջ է դրել Մեղրին Ադրբեջանին հանձնելու գաղափարը: Այսինքն` չե՞ն հասկանում անգամ, թե այդ հրապարակումն ինչ է ասում, թե՞ սա նոր քարոզչամիջոց է` ամեն ինչ իրենց օգտին շրջելու:
– Դատարկաբանություններ են դրանք: Ես քոչարյանական չեմ եւ նրան արդարացնելու ոչ մի խնդիր չունեմ, բայց այն, ինչ այս հրապարակման մեջ ասվում է, հետեւյալի մասին է. Արցախն անցնում է Հայաստանին` դառնալով ՀՀ տարածք: Լաչինի միջանցքը եւս Հայաստանի կազմի մեջ է մտնում, իսկ Մեղրիից Լաչինի միջանցքին համաչափ տարածք տրվում է Ադրբեջանին: Ընդ որում` պահպանվում է Հայաստանի անխափան կապն Իրանի հետ: Այսինքն` տրանսպորտային հանգույցն այնպես էր լինելու, որ Ադրբեջանից ոչ մի կախում չէր լինելու: Ագրեսոր Ալիեւն այսօր պնդում է, որ այդ ամենը Հայաստանը պետք է տա իրեն:
– Իսկ Մեղրիից տարածք հանձնելու գաղափարը շրջանառության մեջ դնելը Քոչարյանի կողմից պետականամե՞տ քայլ է եղել:
– Դա մեկնաբանությունների հարց է: Հայաստանն էլ Լաչինի միջանցքի դիմաց պետք է ինչ-որ բան առաջարկեր Ադրբեջանին: Այդ տեսանկյունից Հայաստանն ու Ադրբեջանն իրավահավասար պետություններ են: Նրանք, ովքեր գտնում են, որ Հայաստանը պետք է միակողմանի առավելություն ստանար միայն այն պատճառով, որ ուներ գերիշխող դիրք մարտի դաշտում, սխալվում են: Միջազգային իրավունքը Հայաստանին նման առավելություն չէր տվել:
– Այժմ անդրադառնանք ԵԽԽՎ բանաձեւին` Ադրբեջանին կոչ է արվել ազատ արձակել հայ ռազմագերիներին: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:
– ԵԽԽՎ-ի որոշումը բացարձակապես Ադրբեջանի դեմ է: Ադրբեջանի անդամակցությունն այնտեղ դադարեցված է, մինչեւ որ կփոխի իր քաղաքականությունը: Սա Ալիեւին վերջին նախազգուշացումն է, որ թատրոնը փակեն, գնան տուն, իսկ գերիներին ազատ արձակեն: Պուտին, Փաշինյան, Ալիեւ՝ նրանք փոխկապակցված են եռակողմ համաձայնագրով, ունեն հանցավոր համաձայնություն: Դա փաստաթուղթ չէ եւ չի կարող դառնալ, քանի որ այն Արցախի ու Արցախի բնակչության դեմ է, ինչը չի կարող միջազգայնորեն ընդունվել: Կյանքը ցույց տվեց, որ իսկապես այն ավարտվեց ծանր հանցագործությամբ: Այդ ամենի համար պատասխանատու է Պուտինն անձամբ` Իլհամի ու Նիկոլի հետ: Նրանց տեղը միջազգային քրեական դատարանն է: Արցախի գերիները պետք է միջազգային քրեական դատարան բողոք ներկայացնեն նոյեմբերի 9-ի համաձայնագրի տակ ստորագրողների դեմ: Նրանք՝ բոլորը, պետք է միջազգային քրեական դատարանում պատասխան տան:
Բաց մի թողեք
«Foton» բեռնատարն Ուշիի ոլորաններում բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. Լուսանկար
Դատավորը կխուսափի պատասխանատվությունից․ Լուսանկար
Փողոցային առևտուրն արգելողներն են տրանսպորտում հսկողություն իրականացնելու