16/02/2025

Որքան է արժեցել «Մարիոթի» սրահի վարձակալությունը Աղազարյանի վրա

«ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 8-ին:

«Իրավունք» թերթը գրում է. Համագումարի համար պատգամավորները վարձակալել են «Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկը, սակայն բավականին համեստ միջոցառում են նախատեսել՝ առանց հյուրասիրության։

Որտեղից նորաստեղծ կուսակցությանը «Մարիոթ» վարձակալելու հնարավորությունը հարցին պարոն Աղազարյանը պատասխանեց. «Ութ հարյուր հազար դրամ է կազմել, որի մի մասը ես եմ դրել իմ պատգամավորական աշխատավարձից, մի մասն էլ` պարոն Ասլանյանը»:

Ամեն դեպքում, տարօրինակ չէ՞, որ նորաստեղծ, ենթադրաբար՝ սուղ միջոցներ ունեցող կուսակցությունը, այն էլ համեստ միջոցառման համար 800 հազար է ծախսելու՝ հիմնադիրների անձնական միջոցներից: Այն դեպքում, երբ կարող էին մի քանի անգամ էժան գնով այլ սրահ վերցնել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի ավագ որդին՝ Իվան Աղազարյանը, տարիներ առաջ լքել է Դաշնակցության շարքերը եւ նույնպես պատրաստվում է անդամակցել հոր եւ Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությանը՝ ՄԱՍԿ-ին, ինչպես իր կրտսեր եղբայրը` Հովսեփ Աղազարյանը, որը ՔՊ-ից օրեր առաջ հեռանալու դիմում է գրել։

Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ որդիներից ավագը դառնալու է կուսակցության վարչության անդամ, եւ շեշտել, որ ավագ որդին Դաշնակցությունից հեռացել է իր խնդրանքով․ «Երբ որ Դաշնակցությունը հեղափոխությունից հետո դուրս եկավ կոալիցիայից, մենք՝ որպես մի ընտանիք, նստեցինք եւ խորհրդակցեցինք, թե ինչ պետք է անել։

Ես ասացի, որ կա՛մ ես պետք է դուրս գամ ՔՊ-ից, կա՛մ ինքը` ՀՅԴ-ից, որովհետեւ այդպես չի կարող լինել: Երբ կոալիցիա էին, դա փոխում էր իրավիճակը, հիմա, երբ քաղաքական տարբեր բարիկադների վրա ենք, կամա թե ակամա, մեր ընտանեկան զրույցները կարող են վերաճել մի իրողության, որ դիսկոմֆորտի զգացում կարող է առաջացնել, հետեւաբար՝ որոշում կայացրինք, որ տղաս պետք է դուրս գա ՀՅԴ-ից»։