«Վաչագան Ղազարյանը, որը երկար տարիներ եղել է Սերժ Սարգսյանի վարորդապետը, 2017 թվականի օգոստոսին իրեն փոխկապակցված «ՅԱՆՍ» ռեստորանի հաշվապահին բանտ է ուղարկել, ապա նրանից հարկադրանքով խլել է 40 մլն դրամ` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Սուսաննա Արիստակեսյանը 2012-2017 թթ. աշխատել է «Սելենա ՍՊԸ»-ում` որպես հաշվապահ: Եվ մի օր` աշխատանքի գնալիս, նրան թույլ չեն տվել մտնել աշխատավայր` ուղեկցելով Վաչագան Ղազարյանի կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի մոտ: Վերջինս գոռգոռացել է, ասել, թե Սուսաննան թալանել է իրենց, ու պահանջել է վճարել 40 մլն դրամ:
Իրավապահներին Սուսաննա Արիստակեսյանը հայտնել է. «Տնօրեն Սերգեյ Կարապետյանը եկավ, դուրս հանեց ինձ, չթողեց` պարզաբանումներս ներկայացնեմ: Ես Վաչագան Ղազարյանի վճարած 80 հազար դրամ կտրոնը ջնջել եմ, բայց գումարը եղել է դրամարկղում, ինչո՞ւ պետք է 40 մլն դրամ վճարեի: Մի քանի օր հետո ամուսնուս` Գրիշա Ղազարյանին, Վաչագան Ղազարյանը կանչեց նախագահի նստավայր. կարճ զրույցի ժամանակ նրան ասել էր, որ պետք է 20 մլն դրամ վճարի իրեն», – հավելել է Սուսաննա Արիստակեսյանը:
«Ես ԱԱԾ-ի տղերքին խնդրել եմ, պարզել են, որ կինդ խաբել է մեզ, ու եթե փողը չտաս, գիտես՝ ինչքան ուզեմ կստանամ, հետո չասեք` «գռուզիտ» արեցի», – ասել է Վաչագան Ղազարյանը Բաղրամյան 26-ի՝ ՀՀ նախագահի նստավայրի իր աշխատասենյակում, որտեղ Սուսաննայի ամուսինը մտել է առանց անցագրի` հեռախոսային թույլտվությամբ:
Հետո հաշվապահը գրում է, որ իրեն ուղեկցել են «ՅԱՆՍ», որտեղ դիմավորել են Վաչագան Ղազարյանի կինը` Ռուզաննան, Սերգեյը, ծրագրավորող Արմենը եւ ԱԱԾ-ից Հայկը:
«Ինձ եւ ամուսնուս նսեմացրել է Ռուզաննան: Ամբողջ զրույցի ժամանակ պայմաններ է առաջ քաշել` «Կինդ պետք է ինքնասպան լինի։ Պիտի փող բերի տա։ Դատվի։ Համ դատվի, համ փող տա»: Եվ այդպես հարուցվեց քրգործ ու ինձ ձերբակալեցին (11.08.2017)։ Առաջին հարցաքննության ժամանակ` 14.08.2017-ին, մեղադրանք առաջադրվեց 25 մլն յուրացնելու համար. իմ հարազատների վրա ճնշումներ էին գործադրում: Ի վերջո պլանն աշխատեց, ես գրավի դիմաց ազատ արձակվեցի, բայց իրենց վճարեցի 40 մլն դրամ», – իրավապահներին հայտնել է Սուսաննա Արիստակեսյանը:
Այս հաղորդումը իրավապահ համակարգ ներկայացվել է 5 տարի առաջ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018-ին` հեղափոխությունից հետո, հարուցվել է քրգործ, Սուսաննա Արիստակեսյանը տուժող է ճանաչվել, սակայն հետագայում այս գործը կարճվել է:
Փաստորեն, իր աշխատակցին ճնշելու, գումարներ ստանալու արարքը հայրենի իրավապահները համարում են օրինաչափ: Ավելին` պետությունը Վաչագան Ղազարյանի հետ գործարքի է գնացել ապօրինի ծագման գույքի գործով, եւ Ղազարյանը մինչ օրս անպատիժ շրջում է:
Մենք փորձեցինք նաեւ երկրորդ կողմից ստանալ պարզաբանումներ, սակայն Վաչագան Ղազարյանն ու նրա կողմնակիցները հրաժարվեցին այս գործի վերաբերյալ մեր հարցադրումներին պատասխանելուց»:
Բաց մի թողեք
ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիան հարկային փոփոխությունների դեմ. ՈՒՂԻՂ
Հայաստանը չի կարող կանգնեցնել հանցագործությունների հետաքննությունը, որոնք կատարվել են հայերի դեմ 2021 թ. մայիսից
Իրենք իրենց ուզածին հասան, մենք էլ մեր ուզածին հասանք՝ Արցախի դրոշը կա, կանգուն է․ Լուսանկար