18/03/2025

ՀՀ իշխանությունները միջազգային հանրությունում կորցնում է լեգիտիմության նշույլները

USAID-ն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը փակելու Թրամփի որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների, տեղ-տեղ՝ ցնծության, տեղ-տեղ ողբի ալիք է բարձրացրել նաեւ Հայաստանում, որը կազմակերպության շահառու երկրներից մեկն է։

Հրապարակ թերթը գրել է․ Հայաստանում այս կազմակերպության գործունեության պատմությունը սկսվում է 1992-ից։ Հայաստան-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունն ընդգրկել է հանրային կյանքի տարբեր ոլորտներ։

«ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար՝ Հայաստանի ժողովրդի կյանքի բարելավման, ինչպես նաեւ ժողովրդավարական, տնտեսական եւ սոցիալական կառավարման բարելավմանն ուղղված նրա ջանքերին օժանդակելու նպատակով»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում։

USAID-ն, աջակցության ծրագրերի միջոցով ու դրանց զուգահեռ, նաեւ ամերիկյան քաղաքականության ու արժեհամակարգի արտահանողն է եղել տարբեր երկրներ, ամերիկյան «փափուկ ուժը» նրա միջոցով է իրականացվել, ու, հասկանալիորեն, շահառու երկրները կրել են այդ քաղաքականության ազդեցությունն այս կամ այն չափով։ Ինչո՞վ էր պայմանավորված նախագահ Թրամփի այս վիրահատական միջամտությունը, ինչպե՞ս այն կազդի Հայաստանի ու կազմակերպության տեղական շահառուների վրա։

Զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

– Թրամփի այդ քայլը սպասելի էր, բայց ոչ ոք չէր սպասում, որ այդքան կտրուկ կլինի։ USAID-ն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն էր իրականացնում, որը գաղափարականացված էր, այսինքն, դեմոկրատիայի տարածում՝ այնպես, ինչպես դա հասկանում էին ԱՄՆ-ում։ Թրամփի վարչակազմը կտրուկ փոխում է ԱՄՆ քաղաքականությունը, եւ, բնականաբար, պետք է փոխվեր նաեւ USAID-ի գործունեությունը, բայց, հաշվի առնելով Թրամփի եւ Մասկի հայտարարությունները, USAID-ի անձնակազմը նույնպես քաղաքականացված է, նաեւ կապված է հատուկ ծառայությունների հետ եւ, Մասկի ասելով, հեղափոխություններ է իրականացրել տարբեր երկրներում, ինչն ասում էր նաեւ Քենեդին։ Այս իմաստով, իրենք ասում են, որ USAID-ն փոխել հնարավոր չէ, ուստի կազմն ամբողջապես պետք է փոխվի, եւ քանի որ ԱՄՆ արժեքային քաղաքականությունը գնում է դեպի պահպանողականություն, իրենք արտաքին քաղաքականության առումով առաջնորդվելու են ԱՄՆ շատ կոնկրետ շահերով, այդ թվում՝ եւ տնտեսական։ USAID-ի կազմի եւ նպատակների փոփոխություն է իրականացվում՝ այն ենթարկվելու է Պետդեպին եւ եթե մնա, իսկ, հավանաբար, մնալու է, հիմնականում իրականացնելու է հումանիտար օգնություն՝ առանց գաղափարական հենքերի։

– Ստացվում է, որ կազմակերպության կողմից ֆինանսավորվող հայաստանյան ծրագրերի ու կազմակերպությունների մեծ մասը կարող են փակվե՞լ։

– Միանշանակ գնահատել դեռեւս չենք կարող, որովհետեւ ԱՄՆ-ի ներկա վարչակազմը երկու քայլ առաջ է գնում, հետո՝ մեկ քայլ հետ, Կանադայի եւ Մեքսիկայի հետ կապված տարիֆների փոփոխության մասին է հայտարարում, հետո մեկ ամսով հետաձգում․․․ Այս պահին կարող ենք ենթադրել, որ առաջին հերթին հումանիտար կառույցները կաշխատեն, գուցե նաեւ Հայաստանում փախստականների, հաշմանդամների հետ կապված ծրագրերն իրականացվեն, բայց մեկ բան ակնհայտ է՝ ԱՄՆ-ում ֆունդամենտալ փոփոխություններ են իրականացվում, եւ դրանք արժեքային համակարգի ու արտաքին  քաղաքականության ոլորտում են արվում։

– Սա նշանակում է, որ այլ երկրների ներքին քաղաքականության վրա ազդեցության ձեւերն ու մեթոդները, գուցե նաեւ չափաբաժի՞նն է վերանայվելու։ Հատկապես վերջին տարիներին՝ Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականության վրա նկատելի էր ամերիկյան ազդեցությունը, ընդհուպ գրում էին ուժային կառույցների ղեկավարների նշանակումներն ԱՄՆ դեսպանության հետ համաձայնեցնելու մասին։

– Այն փոփոխությունները, որոնք արվում են, ենթադրել են տալիս, որ ԱՄՆ-ն աշխատելու է չմիջամտել երկրների ներքին քաղաքականությանը, ինչն առաջին հերթին նշանակում է, որ լրատվամիջոցների ֆինանսավորումը կդադարեցվի։ Իրենք գործ են ունենալու կառավարությունների հետ՝ ԱՄՆ շահերից ելնելով, ճնշումները լինելու են կառավարությունների վրա, իսկ հանրությունների հետ աշխատանքը երկրորդ, երրորդ պլան է մղվելու, որն արժեքների տարածումից հրաժարումն է։ Այսինքն, ԱՄՆ-ն շարժվելու է զուտ իր ազգային շահերով, եւ այս տենդենցը գնում է նաեւ դեպի Եվրոպա, որտեղ եւս մտածողության փոփոխություն է տեղի ունենում։

– Դա լա՞վ է Հայաստանի համար, թե՞ ոչ։ Գաղտնիք չէ, որ իշխանության հետ վերջին տարիներին սերտաճած քաղհասարակություն կա, որը տարբեր գործընթացներում, այդ թվում՝ Հայաստանի ազգային պետական շահերից չբխող, որոշակի դերակատարում է ունեցել՝ առնվազն հանրային կարծիքի վրա ազդելու գործիքակազմով։

– Ինչ վերաբերում է, այսպես կոչված, քաղհասարակությանը, դա փուչիկ է, որովհետեւ ինչ-որ ՀԿ-ներ իրենց հայտարարել են քաղաքացիական հասարակություն։ Իրական քաղհասարակությունը կարող են լինել կրոնական կազմակերպությունները, արհմիությունները, տարբեր միություններ, բայց ոչ այդ ՀԿ-ները, որոնք ինքնակոչ ձեւով են որպես քաղհասարակություն ներկայանում։ Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ իշխանությունների համար դա ինչ է նշանակում, մի պարզ բան՝ ՀՀ իշխանությունները 2018-ից սկսած հայտարարել են, որ իրենք դեմոկրատական ուժ են, դեմոկրատիայի համար աջակցություն են ստանում, այդ թվում՝ նաեւ USAID-ից եւ այլ կազմակերպություններից։ Հիմա 2018-ի «թավշյա հեղափոխությունը» եւ այդ իրենց արտաքին դիրքավորումը հօդս է ցնդում, եւ իրենք այլեւս չեն կարող ներկայանալ գաղափարականացված առումով։ Սա մի կառավարություն է, որին վերաբերվելու են ըստ իրենց կորցրածի եւ ստացածի, իսկ գործող կառավարությունն ամեն ինչ կորցրել է՝ չունի հանրության վստահությունը, տարածքներ է կորցրել, հասարակությանը ողբերգությունների է հանգեցրել, եւ այդ կռվանները, որ նրանք ասում էին դեմոկրատիայի մասին, այլեւս ոչ ոքի պետք չեն։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնում գործող իշխանության լեգիտիմության վերջին նշույլների առումով, նրանք այդ լեգիտիմության վերջին նշույլներն էլ են կորցնում։

– Վերադառնալով USAID-ին, ամերիկյան նոր վարչակազմը լուրջ մեղադրանքներ է հնչեցնում նրա հասցեին։ Դա հաշվի առնելով, Հայաստանում կազմակերպության գործունեությունը վերագնահատելու խնդիր կառաջանա՞, նկատի ունեմ վերջին տարիներին ներքաղաքական գործընթացներին հնարավոր ազդեցությունները։

– USAID-ն բավականին դրական  գործունեություն է ունեցել Հայաստանում, եւ դա գնահատել որպես միանշանակ բացասական, իմ կարծիքով, սխալ է, բայց, բնականաբար, միջամտել է ներքին քաղաքականությանը, ինչպես մյուս բոլոր երկրներում, եւ այն, որ տարբեր կազմակերպություններում կարող են ներդրված լինել հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, դա եւս նորություն չէ, որովհետեւ նրանք լինում են բոլոր միջազգային կառույցներում՝ լինի Կարմիր խաչը, թե այլ հումանիտար կառույց կամ լրագրողական ու հետազոտական կազմակերպություն, դիվանագետների մի զգալի հատվածի մասին էլ չասենք։ Հեռու չգնանք՝ բրիտանական ՄԻ6 կառույցն ԱԳՆ-ին է ենթարկվում, եւ ՄԻ6-ի տնօրենը նաեւ փոխարտգործնախարար է։ Այստեղ որեւէ նորություն չեմ տեսնում։ Վերագնահատման  խնդիր կարող են դնել այն մարդիկ, որոնց համար այս ամենը նորություն էր, գուցե իրենք վերագնահատեն եւ փոխեն իրենց մտածողությունը։

– Ուշագրավ էին նաեւ բացահայտումները՝ USAID-ն միջոցներ է ծախսել տարբեր փոքրամասնությունների խրախուսելու նպատակով․ 47 հազար դոլար՝ Կոլումբիայում տրանսգենդերային օպերայի համար, 2,5 միլիոն դոլար՝ Սերբիայում «Բազմազանությունը եւ ներառականությունը» (DEI) խթանելու համար։ Հայաստանում եւս տարբեր փոքրամասնություններ վերջին տարիներին ամրապնդել են իրենց դիրքերը եւ իշխանությունների սոցիալական հենարանն են եղել։ Ֆինանսավորման դադարեցումը կնշանակի՞ այդ շերտին կորցնել՝ որպես սոցիալական հենարան։

– Չեմ կարծում, որ Փաշինյանի իշխանության սոցիալական հենարանը նրանք էին։ Նրա սոցիալական հենարանը եղել է հանրության վատ ապրող հատվածը, որը համարում էր, թե իշխանությունները «թալանվածը հետ են բերելու» եւ իրենց են բաժանելու։ Իսկ այդ մարդիկ գաղափարականացված են, քանի որ ԱՄՆ նախկին իշխանություններն աշխարհը բաժանում էին դեմոկրատական եւ ավտորիտար աշխարհի։ Հիմա դա փոխվել է, բնականաբար, կփոխվի նաեւ այդ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը։ Հիմա, եթե գործող ռեժիմն իրեն ներկայացնում է որպես ժողովրդավարական, որպես տարբեր փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, դա այլեւս ոչ ոքի չի հետաքրքրում, եւ, բնականաբար, այդ քարոզչական հնարքն անիմաստ է դառնում։