Երեւանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանին, ճիշտ է` դատարանը չկալանավորվեց, սակայն ընտրվեց վարչական հսկողություն, եւ սահմանափակվեց նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։
Հրապարակ թերթը գրել է․ Այն գիշեր, երբ հայտնի դարձավ, որ Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հարյուրավոր քաղաքացիներ հավաքվեցին դատարանի առջեւ՝ հաջակցություն Բաբայանի։ 70-ամյա գիտնականին` տեսանյութը տարածելու համար կալանքի տանելը մեկնաբանվեց որպես թուրքերին եւ ադրբեջանցիներին հաճոյանալու քայլ, իշխանական վերին օղակներից իջեցված հրահանգ։
Հանրության մի մասը կարծում է, որ դատարանի առջեւ հավաքված քաղաքացիների, այսինքն՝ հանրային ճնշման շնորհիվ է, որ այսօր Բաբայանը կալանավորված չէ։ Սակայն հակառակ կարծիք ունի նրա պաշտպան Վադիմ Հայրապետյանը։ «Մենք կարծում ենք, որ ընդհանրապես կապ չունի՝ քաղաքացիները եկան, թե չեկան։ Հայաստանի Հանրապետությունն օրենքի երկիր է, իրավական պետություն է, դատավորն առաջնորդվել է բացառապես Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ»,- ասում է նա։
-Գիտեք, որ քաղաքացիները հավաքվել էին դատարանի առջեւ՝ հաջակցություն Ղարիբ Բաբայանի։ Ի՞նչ եք կարծում՝ դատարանի որոշման վրա ազդեցություն ունե՞ր քաղաքացիների աջակցությունը։
-Մենք կարծում ենք, որ ընդհանրապես կապ չունի՝ քաղաքացիները եկան, թե չեկան։ Հայաստանի Հանրապետությունն օրենքի երկիր է, իրավական պետություն է, դատավորն առաջնորդվել է բացառապես Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ։ Ես՝ որպես փաստաբանական խմբի անդամ, չեմ կարծում, որ հանրային ճնշման արդյունքում է եղել, ինչպես որ գրում են։ Դատարանը սահմանափակված է օրենքով, մենք նման որակումներ չենք կարող տալ։
-Ձեր կարծիքով՝ Ղարիբ Բաբայանին կալանքի տանելու որոշումն է՞լ էր օրենքի շրջանակներում, թե՞ այն քաղաքական հիմքեր ունի: Օրինակ, եթե նրա փոխարեն լիներ իշխանության սրտի բլոգեր, ադրբեջանական քարոզչությամբ հայտնի Ռոման Բաղդասարյանը` մարդ, որը արցախցիների հասցեին հնչեցնում է վիրավորանքներ, նրա դեպքում իրավապահ համակարգը կգործե՞ր ինչպես Բաբայանի դեպքում։
-Ես չգիտեմ, թե որքանով է ճիշտ ասելը՝ քաղաքական ենթատեքստ ունի։ Ղարիբ Բաբայանը քաղաքական հայացքներով երբեք աչքի չի ընկել, ցուցարար էլ չէ։ Այդ մարդը պրոֆեսոր է, ինչո՞ւ պետք է լինի այդպես։ Ես գտնում եմ, որ այդ հարցի վերաբերյալ իմ մեկնաբանությունը ճիշտ չէր լինի։ Ես հակված եմ մտածել, որ իրավական գործընթաց է։
-Որ անընդհատ ասում եք՝ իրավական գործընթաց է, Դուք այդպես հիմնավորում եք Ղարիբ Բաբայանին առաջադրված մեղադրանքը եւ կալանքի միջնորդությունը։
– Այդ ընթացակարգերը նախատեսված են օրենքով, իրավապահ մարմինն իրավունք ունի գործ հարուցել, լիազորություններ ունի։
– Բայց բավարար հիմքեր կա՞ն նման գործ հարուցելու, դա եմ հարցնում Ձեզ։
-Մենք ասում ենք՝ օրենքի սխալ մեկնաբանման արդյունք է։ Գործը հարուցել են՝ հոդվածը սխալ մեկնաբանելու հետեւանքով, մենք սենց ենք ասում։
-Դուք ուզում եք ասել, որ այս գործն ամբողջությամբ իրավապահների տիրույթում է, եւ քաղաքական հրահանգ չկա՞։
-Ես՝ որպես փաստաբան, ասում եմ՝ ինձ մոտ չկա նման փաստական տվյալ, ես ո՞նց անեմ մի հայտարարություն, ասեմ՝ առկա է։ Ո՞նց հիմնավորեմ, որ կա քաղաքական հրահանգ։ Դրա համար զերծ եմ մնում որակումներ տալուց։ Եթե Ղարիբ Բաբայանը լիներ ցուցարար, էն, որ գնում, ցույց են անում՝ էստեղ, էնտեղ, ես կասեի՝ քաղաքական հայացքները զսպելու մեխանիզմ է։ Այդ մարդը նախկին չէ, ներկա չէ, գիտնական է, եւ ես չեմ կարող ասել, որ սա քաղաքական ենթատեքստ ունի։
– Փաստաբաններն ասում են՝ Բաբայանին առաջադրված մեղադրանքում հանցանքը բացակայում է, եւ քանի որ բացակայում է, օբյեկտիվ հարց է առաջանում՝ արդյո՞ք քաղաքական ենթատեքստ չկա։ Դուք ուղղակի չե՞ք ուզում քաղաքական գնահատական տալ։
– Ես ասում եմ, որ օրենքի սխալ մեկնաբանման արդյունք է։
– Իրենց ասածն ի՞նչ է՝ Ղարիբ Բաբայանն այս տեսանյութը չտարածեր, որ քաղաքացիներն ատելություն չզգայի՞ն իշխանության նկատմամբ։
– Տեսանյութի մասին չէ խոսքը, այլ դրան կից գրառման։
– Ղարիբ Բաբայանն ընդունո՞ւմ է մեղադրանքը, թե՞ ոչ։
– Միանշանակ, չի ընդունում, մեզ համար վիճելի է։ Մենք ասում ենք հետեւյալը՝ այդ գրառման նպատակը ոչ թե եղել է պետության, իշխանության կամ ոստիկանության նկատմամբ անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելը, այլ անձն իր վրդովմունքն է արտահայտել։ Հուսով ենք՝ նախաքննության ընթացքում կկարողանանք ապացուցել, որ չկա մեղադրանքը։ Անձը դիտավորություն չի ունեցել, մեկնաբանման խնդիր է, սխալ են մեկնաբանել։ Բայց դե տվյալ մարմնի լիազորությունն է՝ գործ հարուցել, դատաքննությունն էլ նրա համար է, որ վիճենք, ասենք՝ չկա։
-Մենք տեղեկություն ունենք, որ երբ ձերբակալել են Ղարիբ Բաբայանին, ԱԱԾ-ում վատ վերաբերմունք են ցուցաբերել՝ պայմանավորված նրա արցախցի լինելով։ Ասել են նաեւ՝ քաղաքացիությունից կզրկեն, Քոչարյանի հետ կապ ունեցող մարդ է եւ այլն:
– Նման բան չկա։ Իր ձերբակալման պահից ես արդեն գտնվում էի Ղարիբ Բաբայանի հետ։ Մենք միասին գնացել ենք քննիչի մոտ։ Ղարիբ Բաբայանը ոչ մեկի հետ կապ չունի՝ լինի Քոչարյան, Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան կամ Նիկոլ Փաշինյան։ Նա առհասարակ նախկին, ներկա հայացքներ չունի, դոցենտ մարդ է, կրթված, իր համար օրինապահ քաղաքացի է։
Բաց մի թողեք
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է
Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը
Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար