22/03/2025

Իրենք իրենց ուզածին հասան, մենք էլ մեր ուզածին հասանք՝ Արցախի դրոշը կա, կանգուն է․ Լուսանկար

Փետրվարի 4-ին Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակից հանվել էր Արցախի դրոշը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել էր քաղաքի ավագանու անդամ, «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սեւակ Խաչատրյանը:

Հրապարակ թերթը գրել է․ Մենք նույն օրը զրուցել էինք Էջմիածին քաղաքի բնակիչ Նշան Գեւորգյանի հետ, որը պատմել էր, որ իրենք հայտնաբերել էին, որ դրոշը քաղաքապետարանի հրահանգով հանվել է եւ տարվել փակցվել է հենց քաղաքապետարանի դիմաց, ու հիմա հսկողություն են սահմանել, որ դրոշը պահպանեն: Մենք նորից կապվեցինք Նշանի հետ:

– Ի՞նչ իրավիճակ է այժմ Էջմիածնում: Տեղի իշխանություններին հաջողվե՞ց հեռացնել Արցախի դրոշը, թե՞ էջմիածինցիները հաղթեցին:

– Խաղաղվեցին, բայց մի ստախոսություն էին արել, էլի ինչ-որ թերթեր էին իմացել, զանգահարել էին Էջմիածնի քաղաքապետարան, լրագրողներին խաբել էին, ասել, թե իբրեւ տեղափոխություն են արել, տարել են Հայաստանի դրոշի մոտ փակցնելու, բայց դա լկտի սուտ էր: Ահագին բարկացանք, քաղաքապետարանում հասկացան, որ Արցախի դրոշն անտեր չէ: Ի վերջո, կան մարդիկ, ովքեր սրբությունների հանդեպ պատրաստ են ամեն ինչի: Հիմա այս իմաստով վիճակը խաղաղ է:

– Իսկ որտե՞ղ է դրոշը հիմա:

– Պոկել տարել են, կտրել են հիմքից: Հիմա այլ տեղից մի քիչ փոքր դրոշ ենք վերցրել, կախել ենք:

– Որտե՞ղ եք կախել, հենց նույն տեղո՞ւմ:

– Չէ, հենց քաղաքապետարանի մոտ ենք կախել, որ ավելի լավ տեսնեն:

– Ստացվում է, որ, ամեն դեպքում, իրենց ուզածին հասել են, դրոշն ապամոնտաժել են:

– Իրենք իրենց ուզածին հասան, մենք էլ մեր ուզածին հասանք: Ամեն դեպքում՝ դրոշը կա, կանգուն է:

– Էջմիածինցիներն ինչպե՞ս են վերաբերվում այս ամենին:

– Շատ ահավոր անտարբեր…. այն աստիճանի անտարբեր են, որ լրիվ մեկ է, ինչ կանեն: Մենք մի քանի հոգով ահավոր ցավ ապրեցինք: Ես՝ ինքս էլ ավագանու անդամ եմ եղել, բոլոր իշխանություններին էլ ընդդիմադիր եմ եղել, բայց սրանց` առավել եւս: Սրանք ավելի ահավոր են: Երբ ինձ տեղեկացրին, որ դրոշը պոկել են, անմիջապես բոլոր գործերս թողեցի, միանգամից գնացի հրապարակ: Ես նման հարցերում շատ անհանդուրժող եմ, ինձ համար ճիշտը մեկն է, հանուն հայի, հայրենիքի՝ ես ամեն ինչի պատրաստ եմ:

– Իսկ ի՞նչն է Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի անտարբերության պատճառը:

– Ահավոր տաղտկալի մթնոլորտ է: 2018 թվականին շատերը սրա հետեւից գնացին՝ հավատալով, որ ազնիվ է, բայց հիմա ամաչում են իրենց ընտրությունից:

– Եկեղեցին չունի՞ ազդեցություն մարդկանց վրա: Էջմիածնում մարդիկ եկեղեցուն միշտ այլ կերպ են ընկալել:

– Եկեղեցին դարձել է իշխանությանն իզոլացված կառույց, ոչ մի շփում չունի մարդկանց հետ, մարդիկ են գնում պատարագների, մոմ են վառում, բայց ինձ համար միեւնույն է` մո՞մ կվառեն, թե՞ «պագրիշկա» ու ցախ, դրանով չի որոշվում… Ժողովուրդ-եկեղեցի հարաբերությունների մեջ սեպ է խրվել: Սարդարապատում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո էլ եկեղեցականները մի տեսակ ոնց որ մարդկանցից խռոված լինեն: Եկեղեցին ակտիվ է միայն հարսանիք-կնունքների ժամանակ: Հարսանիք, կնունք են օրհնում, դա են միայն անում, միայն այդ դեպքում են իրենց գոյությունը ցույց տալիս: Եկեղեցու գլխավորները՝ Վեհափառի գլխավորությամբ, եղած-չեղած մի հաշիվ են, ո՛չ ակտիվ են, ո՛չ ժողովրդին խոսք են ասում, իրենց գահը, աթոռը, սիրուն շորերն ամենակարեւորն են:

«Հրապարակ»․ Իրենք իրենց ուզածին հասան, մենք էլ մեր ուզածին հասանք

Translate »