22/03/2025

Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանների աղոթատեղիներ պիտի սարքեն

Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գեւորգյանն օրերս հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ եւ շոկի է ենթարկել նրանց՝ ասելով, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից։

Հրապարակ թերթը գրել է․ Ոմանք հակադարձել են, թե սահմանված չափորոշիչների մեջ նման պահանջ չկա:

Գեւորգյանն ասել է` մտնում ենք արաբական շուկա, դա պարտադիր է։ Ոմանք կասկածել են, որ դա արվում է ադրբեջանցիների համար, որոնք մոտ ապագայում հնարավոր է ազատ ելումուտ ունենան Հայաստանում․ ըստ Ալիեւի հայտարարությունների՝ 300 հազար ադրբեջանցի պետք է վերադառնան իրենց «տները»։

Կոմիտեի ղեկավարի հետ խոսել չհաջողվեց, էկոնոմիկայի նախարարի խոսնակը փոխանցեց, որ պարտադրանք չկա՝ ընդամենը «հարց է բարձրացվել հալալ մակնշմամբ սննդի եւ մուսուլմանական աղոթատեղերի մասին՝ Պարսից ծոցի ներկայացուցիչների համար»:

Ներկաներին ասվել է, որ «իրենց զբոսաշրջիկների համար ցանկալի կլինի, եթե ունենան նման հատվածներ նախատեսված, բայց իրենք ազատ են` կարող են ունենալ, կարող են չունենալ»:

2024 թվականին Հայաստան է այցելել 2 միլիոն 208 հազար 179 զբոսաշրջիկ:

Ամփոփելով պաշտոնավարման 100 օրը՝ այս մասին հայտնել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

«Դա 4.6 տոկոսով ավելի քիչ է, քան 2023-ին, երբ ՀՀ է այցելել 2 միլիոն 316 հազար մարդ։ Ռուսաստանից ունենք նվազում, սակայն ունենք աճ եվրոպական և ասիական երկրներից, ինչի հաշվին զբոսաշրջության տեմպերը նվազել են ընդամենը 4.6 տոկոսով։

ՌԴ-ից Հայաստան է այցելել 937 հազար 823 զբոսաշրջիկ՝ ընդհանուր զբոսաշրջիկների 43 տոկոսը։ Վրաստանից Հայաստան է այցելել 279 հազար 368 զբոսաշրջիկ՝ ընդհանուր զբոսաշրջիկների 13 տոկոսը»,- նշել է նա։

Լուսինե Գևորգյանի խոսքով՝ 2019-ին Հայաստան է եկել 1,8 մլն զբոսաշրջիկ։

«Կարող ենք գրանցել 16 տոկոս աճ զբոսաշրջության ոլորտում՝ վերջին 5 տարիների ընթացքում»,- հավելել է նա։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի խոսքով՝ 5 տարիների նշաձողը սահմանել են 3 մլն զբոսաշրջիկի այցելություն ՀՀ և այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում։

Translate »