23/02/2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների օրը նշանակված է. ԿԸՀ-ն պարզաբանել է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին օրերին աշխատանքային կարգով զանգվածային լրատվության միջոցների գործընկերներից հարցումներ է ստանում, որոնք առնչվում են Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության օրվա նշանակված չլինելուն։

Այդ կապակցությամբ ԿԸՀ-ն պարզաբանում է տարածել, որում ասված է․

««ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օր հետո՝ առավել ուշ կիրակի օրը»:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում»:

Հետևապես, Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 20-ին։

ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների և ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվա համադրումից ակնհայտ է դառնում, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի մարտի 30-ին, ինչի մասին ԿԸՀ ներկայացուցիչները հրապարակային բազմիցս հայտարարել են:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի հունվարի 20-ի որոշմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները նշանակվել են 2025 թվականի մարտի 30-ին: Նույն որոշմամբ հաստատվել է արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Հավելենք նաև, որ համաձայն վերը նշված ժամանակացույցի, թեկնածուների առաջադրման և գրանցման, քարոզարշավի մեկնարկի ու ավարտի և այլ ժամկետները վերաբերելի են նաև Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին»: