22/03/2025

Իշխանությունը գտե՞լ է Վահե Գրիգորյանին փոխարինողին․ Լուսանկար

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում։ Չնայած շրջանառվում են ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանի, փաստաբան Տիգրան Եգորյանի անունները, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենառեալ հավակնորդը դատավոր Կարապետ Բադալյանն է:

«Հրապարակը» գրում է․ ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասու սուբյեկտներից այժմ հերթը ՀՀ նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու՝ ում գործուղել ՍԴ, իբրեւ հերթական կամակատար։

Իսկ Բադալյանն ամենահարմար թեկնածուն է։ Նա Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է` ժամանակին համատեղ փաստաբանություն էին անում, դատավոր է նշանակվել 2018-ից հետո, Արսեն Խառատյանի քրոջ ամուսինն է, Հակակոռուպցիոն դատարանում նրան են մակագրում նախկին իշխանությունների դեմ գույքի բռնագանձման գործերի մեծ մասը, չնայած մինչեւ դատավոր նշանակվելը բազմաթիվ հարցազրույցներ է տվել նախկինների դեմ։

Հիշեցնենք․ ՍԴ դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, «բարձր մասնագիտական եւ բարոյական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ» իրավաբանը:

Իշխանությունը գտե՞լ է Վահե Գրիգորյանին փոխարինողին․ «Հրապարակ»

Translate »