Հայաստանում մի քանի օր ձմեռ եղավ, և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շտապեց բարի գործ անել ՀՀ քաղաքացիների համար, հայտարարելով, որ կոտրվածքներով պացիենտները անվճար են սպասարկվելու:
Հրապարակ թերթը գրել է․ «Սիրելի´ հայրենակիցներ, – ասաց մեզ նախարարը, – Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: Զգույշ և զգոն եղեք»:
Գտնվեցին նաև մարդիկ, ովքեր նախարարի գրառման տակ նրան շնորհակալություն հայտնեցին «ժողովրդի մասին մտածելու» համար:
Այն, որ նախարարը վիրտուալ իրականության մեջ է ապրում ու չգիտի, թե ԲԿ-ները ոնց են լրջացնում յուրաքանչյուր պացիենտի վիճակը, որ հասարակ գիպսը դարձնեն թանկարժեք վիրահատություն, արդեն նկատել ենք: Բայց այն, որ իրավաբան նախարարը տեղյակ չէ իր իսկ նախարարության իրավական կարգավորումներից, նորություն էր: Նախարարի հայտարարությունից հետո «Հրապարակը» նամակ ստացավ ոլորտին լավատեղյակ ընթերցողից, որը պոպուլիզմ էր անվանել նախարարի հայտարարությունը: Առողջապահության համակարգին մոտ կինը գրում է մեզ: «Կոտրվածքներով բոլոր պացիենտները 2019-ից անվճար են սպասարկվում։ Մնացածը՝ զզվելի պոպուլիզմ է, սուտ»:
Պետական Առողջապահության գործակալության նախկին պետ, «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ը համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանն էլ շտապեց հրապարակավ հերքել նախարարին, հիշեցնելով իր ֆեյսբուքյան էջի միջոցով, որ ՀՀ քաղաքացին անվճար կարողանում է օգտվել ԷՄԵՐՋԵՆՍԻ ծառայությունից 2019 թվականից սկսած՝ անկախ եղանակից և սոցիալական կարգավիճակից:
«Հայաստանի Հանրապետության բոլոր բազմապրոֆիլ (մեծ) հիվանդանոցներում գործում են ընդունարանի անհետաձգելի բժշկական օգնության բաժիններ՝ ԷՄԵՐՋԵՆՍԻ: Վնասվածք ստացած քաղաքացիները, մասնավորապես՝ ծակած, կտրած վերքեր, հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, անհետաձգելի արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում են ստանում ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ՝ համաձայն ՀՀ ԱՆ 2019 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 44-Ն հրամանի: Անհրաժեշտության դեպքում Ձեզ անվճար կցուցաբերեն բժշկական օգնություն՝ կմշակեն վերքը, կարեր կդնեն, կոտրվածքների դեպքում՝ ռենտգեն հետազոտություն, շինավորում, գիպսի տեղադրում և այլ անհրաժեշտ միջոցառումներ կիրականացվեն»։
Ծաղիկ Վարդանյանը «Հրապարակին» հայտնեց նաեւ, որ խոսքը միայն «ԷՄԵՐՋԵՆՍԻ» ծառայության մասին է, որը 2019 թվականից անվճար է ՀՀ բոլոր քաղաքացիների համար, այսինքն՝ հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության մասին է, այն դեպքերի, երբ մինչև 24 ժամ անձի սպասարկումն իրականացնում են՝ գիպս են դնում, կար են դնում, ճնշում են իջեցնում, որից հետո դու վերադառնում ես տուն եւ հետագա հսկողությունն արդեն իրականացվում է պոլիկլինիկայում: Սա շտապօգնություն չի և որպես ծառայություն տարբերվում է շտապօգնությունից: «Դա հիվանդանոցների ընդունարանների անհետաձգելի օգնության բաժիններն են, երբ քաղաքացին մտնում է ընդունարան, առաջին օգնություն են մատուցում մարդու կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում», – ասում է Ծաղիկ Վարդանյանը:
Ըստ կառավարության 318 որոշման, «ԷՄԵՐՋԵՆՍԻ» ծառայությունն ամբողջ բնակչության համար անվճար է, անկախ մարդկանց սոցիալական վիճակից: «Իհարկե, հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները՝ ԿՏ, ՄՌՏ, սոցիալական անապահով խմբերի համար են միայն անվճար: Իսկ ռենտգեն, գիպս, արյուն կանգնեցնել և այլ միջամտություններն անվճար են: Ավելին՝ պետական միջոցներից հատկացվում է մոտ 1 մլրդ 500 մլն դրամ տարեկան եւ առնվազն տարվա ընթացքում միջինը 70 հազար դեպք է կատարվում», – նշում է փորձագետը:
– Առողջապահության նախարարին լսելով, տպավորություն է, թե միայն այս վատ եղանակային պայմաններում է, որ իրենք մեզ լավություն են անում ու կոտրվածքներն անվճար բուժում են, իսկ ամռա՞նը:
– Այս ծառայությունը կապ չունի կլիմայական պայմանների հետ: Այն անվճար է թե ամռանը, թե գարնանը, թե ձմռանը:
– Անահիտ Ավանեսյանը չգիտի՞ Ձեր ասած որոշման, մյուս իրավական ակտերի մասին, չգիտի՞, որ 2019 թվականից այդ ամենը անվճար էր: Եւ ի՞նչ է սա նշանակում: Այսինքն, այդ անվճար ասածը չի՞ գործել մինչ օրս, որ նախարարը չգիտի:
-Ես չեմ հասկանում, ինչ է ասում նախարարը: Հստակություն չկա նրա խոսքի մեջ, որովհետև այս ամենը կարգավորված է, եւ եթե լրացուցիչ մի բան են ավելացրել են, խնդրեմ` թող ասեն: Չէ որ բյուջեն արդեն նախատեսված է, հաշվարկված է, ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներն արդեն ամրագրված են, բոլորը հաշվարկված է: Հիմա որոշել են ավելի մեծ ֆինանսական բեռ վերցնե՞լ: Ես չեմ կարող ասել` նախարարը երբ է իմացել այս ամենի մասին, բայց կար նախարարի 44-Ն հրամանը, կառավարության 318 որոշումը, որը նորացվել է նույնիսկ: Այս բոլոր փաստաթղթերը ուժի մեջ են: Փաստորեն, ստացվում է, սա իմ անձնական կարծիքն է` որպես քաղաքացու, որ մայթերը չմաքրելու, մարդկանց դժվարությամբ տեղաշարժվելու պայմանններում հանկարծ հայտարարում են, որ եթե դուք ընկնեք, հանգիստ ընկեք` մենք ձեզ անվճար կտանենք, կբուժենք: Այդ ամենի փոխարեն, ճիշտ կլիներ, որ մայթերը լավ մաքրեիք, մարդիկ վայր չընկնեին:
Հ.Գ. Հայաստանի հիվանդանոցների վնասվածքաբանության բաժանմունքները ձմեռային ամիսներին ահռելի եկամուտներ են ստանում մերկասառույցի վրա սայթաքող, ոտք, ձեռք, մարմնի այլ մասեր ջարդող քաղաքացիների հաշվին: Թե որքան արժեն միջամտությունները կոնֆիդենցիալ է, որից ամեն առանձին դեպքում տեղյակ է կոնկրետ ԲԿ-ն և պացիենտը, եւ ինչ էլ վերևում որոշեն, այդ արժեքները ցավոք, չեն փոխվում:
Բաց մի թողեք
Սրբազանն ում կփոխանցի շարժումն առաջնորդելու ջահը
Գյումրու ՔՊ թիմը պառակտվում է. Կարեն Սարուխանյանը լուրջ «դեբոշ» է սարքել
Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը