23/03/2025

Ջանջուղազյանը 4 մլն դրամ չի ստանում, Վերահսկիչ պալատի հաջորդ նախագահը կստանա

ՀՀ հաշվեքննիչ պալատում մթնոլորտը շարունակում է լարված մնալ: Աշխատողները պարբերաբար ահազանգում են իրենց իրավունքների ոտնահարման մասին, վստահեցնում, որ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն անտրամաբանական բարձր աշխատավարձեր է նշանակել ինքն իրեն՝ ամսական 4 մլն դրամ, իսկ հասարակ աշխատողների պարգեւավճարները կրճատվել են: 

Հրապարակ թերթը գրել է․ Փետրվարի 18-ին տեսել են, որ ծիծաղելի թվեր են փոխանցվել։ «Մեր բանկային հաշիվներին փոխանցվել է 20-30 հազար դրամ, այն դեպքում, երբ յուրաքանչյուր աշխատակից պետք է ստանար 250-300 հազար, ինչը նախատեսված էր ՀՀ 2025թ․ պետական բյուջեով: Փոխարենը պալատի նախագահը ստացել է 1 միլիոն 200 հազար դրամ, խորհրդի անդամները՝ շուրջ 800 հազար, վարչության պետերը՝ 500-600 հազար դրամ պարգեւավճար»,- դժգոհում են աշխատողները:

Իրենց դժբախտությունների սկիզբը նրանք համարում են Հաշվեքննիչ պալատի մասին նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել 2024 թ. դեկտեմբերի 11-ին: Այդ օրենքով հաշվեքննիչները պետք է պարտադիր ունենան աուդիտորի որակավորում, իսկ եթե չունեն, պետք է քննություն հանձնեն, ինչը նշանակում է, որ օրենքի խստացնող դրույթին հետադարձ ուժ են տվել: «Փաստորեն, Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը վատթարացրել է պալատի աշխատակիցների վիճակը, իջել է մեր աշխատավարձը, զրկվել ենք քաղծառայողների համար պետբյուջեով նախատեսված պարգեւավճարներից: Հանրապետության հարկատուների հաշվին Հաշվեքննիչ պալատի 26.12.2024թ․ N159-Լ որոշման համաձայն՝ 2025թ․ պալատի նախագահի աշխատավարձը սահմանվել է 4 միլիոն դրամ, խորհրդի անդամինը՝ 2 միլիոն 800 հազար, վարչության պետինը՝ 1 միլիոն 820 հազար, վարչության պետի տեղակալինը՝ 1 միլիոն 700 հազար, այն դեպում, երբ հանրապետության նախագահի աշխատավարձն օրենքով սահմանված է 1 միլիոն 664 հազար դրամ, վարչապետի աշխատավարձը՝ 1 միլիոն 581 հազար: Փաստորեն, ՀՊ վարչության պետի աշխատավարձը հավասարացվել է հանարապետության նախագահի աշխատավարձին, իսկ վարչության պետի տեղակալի աշխատավարձը բարձր է վարչապետի աշխատավարձից: Ո՞ւր է նայում վարչապետը, ինչո՞ւ չի կանխարգելում Ջանջուղազյանի կողմից բյուջեի թալանը»,- հարցնում են պալատի աշխատողները: 4 հոգի դիմել է դատարան:

Սա առաջին նմանատիպ նամակը չէ Հաշվեքննիչ պալատի աշխատողներից, բայց ոչ մի անգամ պալատից պատասխան չէինք ստացել: Այս անգամ պալատի գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյանն արձագանքեց: Նա հաստատեց, որ կան մարդիկ, որոնք փոքր պարգեւավճարներ են ստացել՝ 20-30 հազար դրամ, եւ կան մարդիկ, որոնք անհամեմատ ավելի բարձր են ստացել: «Դա պարգեւատրում է: Գնահատական է տրվել: Բնական է, որ կան մարդիկ, որոնք ցածր են ստացել, բայց այս ընդհանուրի մեջ այդ ցածր ստանալը քիչ նշանակություն ունի»:

Հարությունյանը խոր­հուրդ տվեց կարդալ մի փաստաթուղթ, որը հրապարակված է պալատի պաշտոնական կայքում` «Մարդկային ռեսուրսների կառավարումը բարելավելու օրենսդրական հնարավորությունները եւ դրանց իրացման ընթացիկ վիճակը» վերնագրով, քանի որ այն, ինչ գրում են աշխատողները, չի համապատասխանում իրականությանը եւ հեքիաթ է: «Հավանաբար, Ձեզ միտումնավոր մոլորության մեջ են գցում», – ասաց ՀՊ գլխավոր քարտուղարը:

– Ի՞նչը չի համապատասխանում՝ այն, որ Ատոմ Ջանջուղազյանն իրեն 4 մլն դրա՞մ է սահմանել:

– Չկա նման բան: Նախ սկսենք նրանից, որ օրենքով է սահմանված, թե ինչպես պետք է հաշվարկվի պալատի յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը: Մինչեւ այսօր Ջանջուղազյանը 4 մլն չի ստացել ու մոտակա ապագայում չի ստանալու: Անցումային փուլի մեջ ենք մենք հիմա: Դա կստանա, գուցե, հաջորդ պալատի նախագահը, որը նշանակվելուց օրենքի ուժով պարտավոր կլինի աուդիտորի որակավորում ունենալ: Ամեն տողը սուտ է, ուզում եք՝ գրավոր դիմեք, ես ներկայացնեմ Ձեզ:

– Կոնկրետ, փաստացի տվյալներ են, ո՞րն է սխալ: Մեկը ստանում է 1 մլն 200 հազար պարգեւավճար, 800 հազար, մյուսը՝ 20 հազար, դա արդա՞ր է:

– Եթե մարդ կա, որն իր հաշվետու ժամանակահատվածի ընթացքում առհասարակ ոչ միայն իրեն առաջադրածը չի արել, այլեւ հարցականի տակ է, որ նա առհասարակ որեւէ բան է արել, մենք նման մարդու պետք է պարգեւատրո՞ւմ տայինք: Մարդ կա՝ զրո է ստացել, որովհետեւ նա հաշվետու ժամանակաշրջանում անգամ իր աշխատավարձը չի վաստակել, ի՞նչ պարգեւատրման մասին է խոսքը: Գնահատականի ձեւավորման հստակ մեթոդաբանություն կա, նրանք հստակ գիտեն, որ իրենց գնահատականը ցածր է:

– 2024 թվականի բյուջեի հաշ­վեքննությունն ինչո՞ւ է ուշանում:

– Որ ասում եմ՝ զրո է ստացել, մեկը հենց դա է պատճառը, այդ նույն մարդկանց ցածր ունակության արդյունք է: Մենք ունեցել ենք մարդիկ, որոնք, աուդիտոր լինելով, excel-ի ֆայլեր համակարգչի մեջ չեն կարողանում գտնեն, որ բացեն, աշխատեն: Տրամաբանական է, որ ԱԺ-ն որոշել է, որ այս մարմնից այլ ակնկալիքներ պետք է ունենա, որովհետեւ սա միակ մարմինն է, որն արտաքին աուդիտ է ապահովում այս երկրում: Տարիների փորձն ուսումնասիրելով՝ ԱԺ-ն եկել է նրան, որ այս մարմինն ավելի լավ է գոյություն չունենա, քան սրա վրա ինչ-որ միջոցներ ծախսվեն եւ ապարդյուն, որովհետեւ այս մարմինը որեւէ արդյունք չի տվել տարիներ շարունակ:

– Բայց տարիներ շարունակ, ամեն տարի բյուջեի հաշվեքննությունը ներկայացվել է, ուշացումներ չեն եղել: Պալատն աշխատել է հստակ:

– Իսկ արդյունքն ի՞նչ է եղել: Արդյունքից որեւէ բան չի փոխվել, իսկ եթե աուդիտորի աշխատանքի արդյունքից պետք է որեւէ բան չփոխվի, ավելի լավ է դրա վրա փող չվատնենք: ԱԺ-ն որոշել է օրենքով, որ այլեւս այս մարմնից նոր սպասելիքներ ունի: Ասում են՝ աուդիտորի որակավորում է հիմա պահանջվում, բայց տարօրինակ չէ՞, որ աուդիտորի որակավորումը 7 տարբեր քննությունների համակարգ է: Ամենացածր պաշտոնի համար այդ 7-ից ընդամենը մեկն է պահանջվել հանձնել, որպեսզի նա շարունակի աշխատել Հաշվեքննիչ պալատում, այդ 7-ից մեկը ֆինանսական հիմունքներն են, տարրերը: Այսինքն, մարդը պետք է գնար որեւէ ֆինանսական մարմնում կարծիք տալու եւ իբր տալիս էր տարիներ շարունակ, բայց ինքը չի կարողացել այդ քննությունը հանձնել: Վերապատրաստումներ են կազմակերպվել, քննություններին մասնակցելու հնարավորություն է տրվել տարիներ շարունակ, ու այսօր դատարանում գտնվողները ցանկություն չեն հայտնել մասնակցելու այդ քննությանը, բայց հենց ազատել ենք, ինչպես պահանջում է օրենքը, անմիջապես գնացել են դատարան:

– Նրանց հանդեպ օրենքի խստացնող դրույթ է կիրառվել:

– Այսինքն, այս մարմինը չպետք է բարելավվեր, ոնց եղել էր, այդպես պետք է աշխատե՞ր: Չէ՞ր կարելի պահանջել, որ աուդիտորն իր որակավորման քննություններից մեկ-երկուսը գոնե հանձնած լինի:

– Համենայնդեպս, արդյունք է պահանջում, բայց առայժմ չենք տեսնում ոչ մի հաշվեքննություն, վաղուց այն պետք է հրապարակված լիներ:

– Եթե մասնագիտական որակը չկա, ո՞նց կարող է արդյունք առաջանալ: Ջանջուղազյանին են մեղադրում, բայց ԱԺ ընդունած օրենքի հիմքով է այս ամենը: Ջանջուղազյանը՝ ինքը, չունի աուդիտորի որակավորում եւ ոչ էլ պալատի անդամները: Եթե անցումային դրույթ այս պահին չսահմանվեր, այս հիմնարկը կփակվեր: Դրա համար անցումային դրույթ է դրվել, որ մինչեւ 2028 թիվը, օրինակ, պետք է պալատի անդամներն ունենան աուդիտորի որակավորում, թե չէ՝ տուն կգնան:

– Հիմա արդեն բավականին մարդկանց տուն եք ուղարկել, չէ՞:

– Նրանց, որոնց վերաբերյալ օրենքն ասել է, որ դեկտեմբերի 11-ի դրությամբ 1 քննություն պետք է հանձնեն՝ ֆինանսական դրույթներ, դա 7 քննություններից առաջինն է:

ՀԳ․ Քննությունը հանձնած աշխատողները մոտ 4 տասնյակ են, իսկ տապալվածները՝ մոտ 17:

Translate »