23/03/2025

Ավինյանի անգործությունը Մերկուրիի «գրպանն» են գցում

«Մերկուրին հաջողության, բիզնեսի, ֆինանսի մոլորակ է։ Իսկ դա նշանակում է, որ այդ մոլորակի ազդեցությունը չի կարող բացասական լինել։ Եթե մարդը չի զգում իր պաշտոնի պատասխանատվությունը, բարեխիղճ չէ իր ստանձնած գործի և քաղաքացու նկատմամբ, խեղճ մոլորակն ի՞նչ կապ ունի»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց պայծառատես Կարեն Ափոյանը՝ անդրադառնալով աստղաբան Լուսյա Հակոբյանի դիտարկմանը, թե՝ առատ ձյան օրը Տիգրան Ավինյանն անբովանդակ Մերկուրիի ազդեցության տակ է եղել, դրա համար ի վիճակի չի եղել մաքրել քաղաքը։

«Քաղաքապետարանում նախապես գիտեին, որ ձյուն է գալու։ Պարզապես չեն ցանկացել աղ-ավազի, վառելիքի վրա գումար ծախսել, քաղաքը մաքրել։ Կարծում եմ՝ Ավինյանն այդկերպ իր վերաբերմունքն է արտահայտել երևանցիների նկատմամբ։ Լուսյա Հակոբյանն էլ ասում է՝ քաղաքապետին շատ մի քննադատեք։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ իր անգործությամբ սթրեսի ենթարկեց հասարակությանը, բազմաթիվ  անհարմարություններ ստեղծեց երևանցիների համար, իսկ դու (նկատի ունի Լուսյա Հակոբյանին), հերթական շոուն ես բեմադրում, որ մաքրե՞ս Ավինյանին»,- հարցնում է Ափոյանը։

Ըստ նրա՝ եթե անձնական հարց լիներ, ինչ-որ բաներ մոլորակների ազդեցությանը վերագրել, դրանով բացատրել դեռ կարելի էր, բայց երբ խոսքը վերաբերում է որևէ հաստատությանը կամ տեսչությանը, մոլորակներին «մեղադրելն» անհեթեթություն է։ Պայծառատեսը ծիծաղելի է համարում իշխանության ապաշնորհությունը մոլորակների «գրպանը գցելու» այդ փորձը։ Նա չի բացառում, որ լուսյահակոբյանները գործող իշխանության վարած քաղաքականության մաս են կազմում, որոնց առաքելությունը ղեկավարության նկատմամբ հասարակության օրեցօր աճող ատելությունը մեղմելն է։
«Լուսյա Հակոբյանը, կարծես, ուզում է մեղմացնել հասարակության դժգոհությունն Ավինյանի նկատմամբ, որի վարկանիշը զրո է, կամ՝ մինուս։ Այսինքն, հերթական անգամ փորձում է արդրացնել քաղաքապետի անգործությունը։ Սա մոլորակների խնդիր չէ, սա հասարակությանը էշի տեղ դնելու խնդիր է, ինչը չգիտեմ ինչ շահագրգռությունից ելնելով ստանձնել է նաև Լուսյա Հակոբյանը։ Հնարավոր է՝ ձգտում է գործող իշխանության աչքի լո՞ւյսը դառնալ»։

Արեգ Մարգարյան

Translate »