Երեկ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստն էր, որին մասնակցում էին ԵԽ պատգամավորներ, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, եվրոպացի այլ հյուրեր, ինչպես նաեւ՝ ՀՀ խորհրդարանի եւ կառավարության ներկայացուցիչներ։
Հրապարակ թերթը գրել է․ ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն, արձագանքելով Հայաստանի եվրոպական ձգտումների մասին դիտարկումներին, երկար-բարակ փորձում էր հասկացնել, թե սին հույսեր մի փայփայեք, որ վաղը-մյուս օրը կամ մոտ ապագայում ԵՄ-ն բացելու է դռները ձեր առջեւ։ Ասաց, որ ժամանակ կպահանջվի անդամակցության համար, շատ պահանջկոտ ուղղություն է որդեգրել Հայաստանը, բայց այլ երկրներ անցել են այդ ճանապարհը, ոչ մեկի համար հեշտ չի եղել։
Ըստ նրա՝ կարեւորը ձգտումն է, դեպի ԵՄ ճանապարհ ընթացք ուղեկցվի, պատկերավոր ասած, նախ պետք է ուղեկցվի ժամադրությամբ, նոր՝ ամուսնությամբ։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը շտապեց հիշեցնել հյուրերին, որ Հայաստանն արդեն ամուսնացած է․ «Կասկած չկա, որ Հայաստանը Եվրոպա է, բայց մենք այսօր չենք սկսում ժամադրությունների փուլը, մենք արդեն ամուսնացել ենք։ Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մեր տնտեսությունն էապես դրանից կախված է։ Լավ է, վատ է՝ այլ հարց է։ Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել։ Նախ մենք պետք է ամուսնալուծվենք մեկից, նոր ամուսնանանք մյուսի հետ»։
«ՌԴ-ի հետ ձեր «ամուսնությունը» սիրո վրա՞ է հիմնված»,- արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվեց ԵԽ պատգամավոր Լուազոն։ «Արդյո՞ք դուք դեռեւս այս պաշտոնական «ամուսնության» կապերով եք կապված ԵԱՏՄ-ի հետ, ո՞րն է ամուսնության կարգավիճակը Ռուսաստանի հետ, որովհետեւ առանց բաժանման չեք կարող նոր «ամուսնություն» գրանցել։ Արդյո՞ք դա սիրո վրա հիմնված «ամուսնություն» է, թե՞ աշխարհագրության»,- հեգնեց պատգամավորը։ ԱԳ փոխնախարարը նշեց, որ «ամուսնության» հարցը շատ անգամներ է բարձրացվել։ «Բայց պետք է մոտեցումները պրագմատիկ լինեն այս դժվար աշխարհում, որպեսզի մեր ազգային շահը կարողանանք պաշտպանել։ Մենք, իհարկե, բոլոր բարեկամ երկրների հետ ենք «ամուսնացած», պատմականորեն տարբեր տեսակի հարաբերություններ կան։ Մենք շարունակում ենք լինել ԵԱՏՄ անդամ պետություն, տեսնում ենք տնտեսական առեւտրի թվերը, իսկ տնտեսական դիվերսիֆիկացիան կարեւորելով՝ հասկանում ենք, եւ պատմությունն էլ մեզ ցույց է տալիս, որ ամենամոտ բարեկամից էլ կախված լինելը լավ չի»,- ասաց նա։
«ՀՀ-ն «ամուսնացած» չէ ոչ մեկի հետ, եւ մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ «արտամուսնական» հարաբերություն չէ»,- ծավալված խոսակցությանը փորձեց վերջակետ դնել ՔՊ-ական պատգամավոր Մերի Գալստյանը։ «Կարծում եմ՝ պատշաճ չէ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը պարզեցնել այսպիսի մետաֆորներով։ Ես եւս մեկ անգամ հաստատում եմ մեր հանձնառությունը երկկողմ համաձայնագրով, որն ընդունել ենք՝ ուղղված ԵՄ-ի հետ մոտարկմանը»,- ասաց նա։ Նիստը վարող ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն էլ արձագանքեց՝ պնդումը, թե ՀՀ-ն այս տարի ԵՄ անդամ կարող է դառնալ, իրականությանը մոտ չէ․ «Ոչ մեկը նման հուշում չի տվել, որ այս տարի կարող ենք անդամ կամ նույնիսկ թեկնածու լինել։ Ճիշտ հակառակը՝ իշխող կուսակցությունն ասել է, որ սա երկար գործընթաց է»։ Քննարկումից հետո ասուլիսում էլ հայտարարեց, թե կարեւորն այս ճանապարհն անցնելն է, պետությունը ժողովրդավարական արժեքներին համահունչ բարեփոխելը։
Բաց մի թողեք
Սրբազանն ում կփոխանցի շարժումն առաջնորդելու ջահը
Գյումրու ՔՊ թիմը պառակտվում է. Կարեն Սարուխանյանը լուրջ «դեբոշ» է սարքել
Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը