Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել՝ Օկսաննա Աբրահամյանին նշանակել է արդարադատության նախարարի տեղակալ:
Հրապարակ թերթը գրել է․ Այս «անհայտ բաժանորդի» մասին միակ հրապարակված տեղեկությունն այն է, որ նա նշանակվել է արդարադատության փոխնախարար։ Ինչո՞վ է Օկսաննա Աբրահամյանն արժանացել այս բարձր պաշտոնին՝ արդարադատության նախարարության նման կարեւոր կառույցում, գոնե իրավաբանի կրթություն ունի՞, ի՞նչ կենսագրական տվյալներից ու փորձից ելնելով են նրան այս պաշտոնը վստահել։ Արդարադատության նախարարության խոսնակ Ծովինար Խաչատրյանից ստացանք նոր պաշտոնյայի կենսագրությունը։
Փոխնախարար Օկսաննա Աբրահամյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, 1990-1995թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Փաստորեն, չունի իրավաբանական կրթություն, գոնե որեւէ մասնավոր բուհի կոմերցիոն բաժնում իրավունք չի ուսումնասիրել, ինչը որոշ չափով կարդարացներ արդարադատության փոխնախարարի պաշտոնում նրա նշանակումը։
Օկսաննա Աբրահամյանը 2003 թվականին ավարտել է ասպիրանտուրան եւ թեկնածուական թեզ է պաշտպանել խիստ ուշագրավ թեմայով՝ «Աշխատանքի կազմակերպման կատարելագործումը ՀՀ ստացիոնար բժշկական հիմնարկներում»։ Այս պսեւդոտնտեսագիտական նյութի վրա նա աշխատել է 6 տարուց ավելի։ Բայց ի՞նչ կապ ունի բուժհաստատության աշխատանքի կազմակերպումն արդարադատության հետ։ Գուցե ճիշտ կլիներ նրան որեւէ բուժհաստատության տնօրենի օգնակա՞ն նշանակել կամ` աշխատանքի կազմակերպման գծով մենեջեր, որպիսիք մշտապես «բարեփոխվող» առողջապահության համակարգում այսօր անհրաժեշտ են։ Բայց` ոչ։ Տպավորություն է ստեղծվում, որ վարչապետը բարձր պաշտոնների հավակնորդներին կոնկրետ ոլորտներից հարցեր է տալիս եւ տեսնելով, որ նրանք ոչ մի կապ չունեն այդ ոլորտների հետ, ասում է՝ արի, դու մեզ պետք ես, տվյալ համակարգը քանդելու համար շատ պիտանի թեկնածու ես։
Ուսումնասիրենք նաեւ նոր փոխնախարարի աշխատանքային գործունեությունը, գուցե CV-ո՞ւմ աղերսներ գտնենք իրավաբանության, պետական կառավարման, արդարադատության հետ։ Նա աշխատել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանը՝ որպես ինչ-որ ծրագրերի ղեկավար, ինչը եւս աղերս չունի արդարադատության համակարգի հետ։ Օկսաննա Աբրահամյանի վերջին աշխատատեղը եղել է «Միլենիում Փարթներս/ԱՄՆ ՄԶԳ/Գլոբալ պատասխանատվության ծրագրի» գրասենյակը, որտեղ մեր ստացիոնար բուժհաստատությունների մասնագետն աշխատել է ընդամենը 2 ամիս։
Հավանաբար, գումարը կտրելուց հետո գործազուրկ է մնացել, եւ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նրան տեղավորել է փոխնախարարի պաշտոնում։ Ասում են՝ Օկսաննան Սրբուհու հերթական ընկերուհին է, որ պաշտոն է ստացել, որպեսզի նախարարն իրեն մենակ չզգա այդ համակարգում: Սակայն ԱՆ խոսնակը հերքում է լուրը․ «Ոչ, նախարարի ընկերուհին չէ»։
Մինչ ամերիկյան ծրագրում տեղավորվելու անհաջող փորձը, նորանշանակ փոխնախարարը մշտապես ճոխ-ճոխ անուններով արտասահմանյան ծրագրերում է աշխատել։ Մի տասը եւ ավելի տարի առաջ էլ դասախոսել է իր բուհում եւ Սլավոնականում։ Պետական ծառայության երբեք չի եղել։ Հարց է առաջանում՝ մեր երկրում չկա՞ր մի խելքը գլխին իրավաբան, փաստաբան, իրավագետ, ԱՆ աշխատանքի փորձ ունեցող պաշտոնյա, որ, ինչպես ժողովուրդը կասեր, «պատի ծակից հանած» «անհայտ բաժանորդներ» են բերում եւ պետական կարեւորագույն պաշտոններին նշանակում։ Ի՞նչ մեղք ենք գործել, որ նմաններին մեր գրպանից պետք է աշխատավարձ եւ պարգեւատրումներ վճարենք, եւ արդյո՞ք արդարադատության փոխնախարարի պաշտոնն այն աշխատատեղն է, որում գործազուրկներին` բարեգործական մղումներով, կարելի է տեղավորել։ Հետաքրքիր է, Սրբուհի Գալյանի հարեւանի ատամնաբույժն աշխատանք ունի՞. մի իրավաբանի փոխարեն էլ նրան բերեք, տեղավորեք։
ՀԳ․ Մենք գտանք նոր փոխնախարարի բջջային համարը, փորձեցինք զանգահարել, սակայն նա զանգեր չի ընդունում։ Հավանաբար, «անհայտ բաժանորդը» «ավիառեժիմ» է միացրել, որ ավելորդ հարցուփորձից խուսափի։
Բաց մի թողեք
Նիկոլը բոլորի վատ անցյալը մոռացնել տվեց, ահ ու սարսափներին դարձրեց իրեն մրցակից
Ադրբեջանին ոչինչ բացատրել պետք չէ, Ադրբեջանին հաղթել է պետք․ Ալեքսան Հակոբյան
Ստամբուլի քաաղքապետի ձերբակալությունից հետո քաղաքն ալեկոծվում է, ոստիկաններ են վիրավորվել