23/03/2025

Բյուրոյի կազմում փոփոխություն է լինելու, ԳՄ կազմում՝ ոչ․ Տեր-Խաչատուրյան

Հրապարակի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ։

Երեկ սկսվեց ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը, որին կհաջորդեն արտագնա նիստերը: Բացման արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

– Ժողովին նախորդած 4 տարիներին Դուք եղել եք Բյուրոյի ղեկավարը, ինչպե՞ս եք գնահատում այդ տարիները, ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք, ի՞նչ կորուստներ։ 

– Ձեռքբերումն այս դժվար օրերին Հայ դատի աշխատանքներն են, որովհետեւ նախորդած 4 տարիները հայության համար աղետալի տարիներ էին։ Այս ամբողջ տագնապների մեջ նաեւ ի հայտ եկան միջին արեւելյան տագնապները, Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքի կրած վնասները, բարոյահոգեբանական ապրումները սահմռկեցուցիչ էին։ Մեծ աշխատանք ենք տարել այդ համայնքներին օժանդակելու եւ ոտքի հանելու համար։ Մեր երիտասարդությունը մեծ աշխատանք է տարել տարբեր համայնքներում։ Ինչ վերաբերում է թերացումներին, մեզ համար թերություն է Արցախի այս վիճակի առումով ավելի վճռորոշ քայլեր չանելը։ Դժբախտաբար, ՀՀ իշխանությունների այսօրվա դիրքորոշման պատճառով խոչընդոտվում է մեր աշխատանքը, մինչդեռ շատ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեին, միասնական ջանքեր տարվեին, ինչի շնորհիվ, բնականաբար, շատ ավելի մեծ արդյունքներ կունենայինք Արցախի մասով։

– Մե՛կ թուրք-ադրբեջանական տանդեմը, մե՛կ էլ ՔՊ-ականները հայտարարում են, որ Դաշնակցություն կուսակցությունը պետք է փակվի, ինչո՞ւ։

– Ըստ երեւույթին, փոխադարձ պայմանավորվածություն կա։ Այս իշխանությունը չի կարողանում մարսել մեր կուսակցության ազգային նկարագիրը։ Դժբախտաբար, այս իշխանությունը մեզ խոչընդոտում է, որովհետեւ մենք հայության իրավունքները պաշտպանելու գործին ենք։ Այդ մարդը պատմական Հայաստան ու իրական Հայաստան հակադրության մեջ է, Արարատը փոխարինում է Արագածով, որը մեզ համար սիմվոլ չէ: Դա նշանակում է, որ իր ազգային էությունից հեռու է այս իշխանությունը, եւ դրա համար էլ հակադաշնակցական պայքար են մղում։

– Հայ դատի գրասենյակն ահռելի աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման առումով։ Ի՞նչ մտահոգություն ունեք Փաշինյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ, որը ոմանք ընկալում են որպես ցեղասպանության ուրացում։ 

– Նա պարզապես արձագանքում է թուրքական երկար տարիների քարոզչությանը։ Ցավալի է, որ այդ արձագանքը մենք տեսնում ենք ՀՀ ղեկավարի կողմից։ Իրականության մեջ դժվար է կռահել, թե ինչու է նման բան անում, բայց շատ հստակ է, որ սպասարկում է թուրքական, ադրբեջանական շահը։ Նա ունի այն կեղծ համոզումը, որ շարունակական զիջումներով կարող է բերել խաղաղություն, ուստի ցեղասպանության հարցը խնդրո առարկա դարձնելը դարձնում է զիջումների մի մաս։ Նա չի հասկանում, որ այս քայլը երկար տարիների արված աշխատանքին հարված է։ Կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը, 1915-ի դեպքերը՝ միայն նպաստում են թշնամական քարոզչությանը։

– Վերադառնանք Դաշնակցությանը։ Իհարկե, Ժողովն է գաղտնի քվեարկությամբ ընտրում Բյուրո, սակայն ի՞նչ կանխատեսումներ ունեք, Դուք` անձամբ, պատրաստվո՞ւմ եք կրկին ղեկավարել Բյուրոն։

– Միայն իմ ցանկությամբ չէ։ Ես կասկած չունեմ, որ ամեն ժողովին, վստահ եմ՝ նաեւ այս ժողովին, անպայման Բյուրոյի կազմում փոփոխություն է լինելու առաջիկա 4 տարիների համար։ Թե ով կլինի` որոշելու է Ժողովը։ Անպայման փոփոխություն է լինելու։

– Կարծիք կա, որ այդ փոփոխությունների պատճառը Դաշնակցության ներսում եղած տարաձայնություններն են, ճի՞շտ է։

– Մեծ տարաձայնություններ չկան, մեկ հիմնական խնդիր կար, որ արդեն լուծված է, այն էլ Արեւմտյան Ամերիկայի մեջ ծագած խնդիրն էր, որն այսօր այլեւս գոյություն չունի` հարցերը փակված են։ Մնացյալ տարաձայնությունները միայն մարտավարական մոտեցումների մեջ են, որը Ժողովի բնական ընթացքն է։ Ես չեմ սպասում մեծ կոնֆլիկտ կամ մեծ երկփեղկվածություն։

– Ի՞նչ է սպասվում ՀՅԴ հեռուստատեսությանը՝ «Երկիր մեդիային»` փակվո՞ւմ է, ֆինանսավորում հատկացվելո՞ւ է առաջիկայում։  

– Շատ մեծ տարաձայնություն կար հեռուստատեսության շուրջ, գիտեք, որ մեծ դժվարություններ կան։ Անշուշտ, նաեւ թիրախ է «Երկիր մեդիան» այս իշխանության կողմից, ամեն ինչ անում են հեռուստատեսության աշխատանքը փչացնելու եւ նսեմացնելու համար։ Մենք մինչեւ հիմա միջոցներ ենք տվել, եւ անձամբ ես կարծում եմ, որ պետք է շարունակենք աջակցել։ Ես չեմ կարող ասել՝ առաջիկա 4 տարիների համար ֆինանսավորում կլինի, թե ոչ` Ժողովը կորոշի։ Անձամբ ես համոզված եմ, որ ջանք պիտի գործադրենք, որ դա լինի։ Մեդիան միակն է, որ ունի համահայկական նկարագիր եւ Հայաստանը սփյուռքին կապող օղակ է։

– Նիկոլ Փաշինյանի հեռացումն ինչպե՞ս եք պատկերացնում: Դաշնակցությունը փողոցային այս տարիներին պայքար է մղել, սակայն չի հաջողել։ 

– Պետք է շարունակվի, այլ տարբերակ չկա։ Քաղաքական պայքարի պետք է պատրաստվել, որովհետեւ մեկ տարի անց պիտի ունենանք ընտրություններ եւ պետք է պատրաստվենք։ Կարեւոր աշխատանքներից մեկն առողջ, ազգային ուժերի համախմբման հարցն է եւ այլընտրանքի ձեւավորումը։  Փաշինյանն օգտվում է այս հանգամանքից, որովհետեւ իր դեմ տեսնում է այլազան ուժեր, եւ այլընտրանք չի երեւում։ Ուրեմն պետք է առաջիկա տարվա ընթացքում այլընտրանք ձեւավորենք։

– Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ ԳՄ-ն մասնակցելու է նույն կազմո՞վ, թե՞ փոփոխություն եք ակնկալում։

– ԳՄ-ի ժողովը կլինի Բյուրոյի ժողովից մի քանի ամիս հետո։ Այդ ժամանակ Հայաստանի կազմակերպությունը պիտի տա իր ուղենիշը, խոսի ընտրական գործընթացների մասին, ձեւավորի իր մարմինը։ Ես կարծում եմ, որ ԳՄ-ում էական փոփոխություններ չեն լինի։

– Դուք գո՞հ եք ԳՄ-ի այս կազմի աշխատանքներից։

– Այո, անշուշտ, եթե գոհ չլինեինք, քայլերի կդիմեինք, որպեսզի ուղղություններ փոխվեին։ Խնդիրը ներքին չէ, այլ ժողովրդին արթնացնելու, առաջ մղելու, ազգային ուժերին համախմբելու մեջ է։ Շատ դժվար գործ է, որ միամտաբար կարծեցինք, որ արագ բան է, բայց ժամանակը ցույց տվեց, որ դժվար է։

– ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի նկատմամբ Դաշնակցության ներսում ի՞նչ դժգոհություններ, անհամաձայնություններ կան։ 

– Բացարձակ այդպես չէ։ Ամբողջ ժողովին միասին ենք հանդես գալիս։ Անհատները գուցե ունեն դժգոհություն, բոլոր մեծ կուսակցությունների մեջ էլ, որտեղ տասնյակ հազարավոր անդամներ կան, դժգոհություններ կլինեն, սակայն դա ճիշտ չէ կապել ընդհանուր քաղաքական մոտեցման հետ։ Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք Իշխան Սաղաթելյանից։

Translate »